User Tag List

Էջ 18 53-ից ԱռաջինԱռաջին ... 814151617181920212228 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 256 համարից մինչև 270 համարի արդյունքները՝ ընդհանուր 789 հատից

Թեմա: Հավերժության դատապարտվածը

  1. #256
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Հետաքրքի՜ր է՜…,- մտածկոտ ծոր տվեց Մենեսը,- լավ, իսկ քե՞զ հետ ինչ պատահեց, այդ չասացիր:
    - Այ դա ուշագրավ պատմություն էր,- կրկին աշխուժացա ես,- մեր արշավանքի հոտն առնելու պես Շարուքենը պատրաստվեց նահանջել: Սակայն նա ամեն դեպքում որոշել էր ինձ իր թակարդը գցել: Դրա համար էլ հավաքելով իրենց բռնած սակավաթիվ գերիներին, նրա որդիները դեսպանների միջոցով տեղեկացրին մեզ, որ բոլորին տեղն ու տեղը կսրատեն, եթե ես չներկայանամ փրկագնով ու հետ չվերցնեմ նրանց: Ես էլ իմ “Դաշույն”-ով ու Կուտիներիս հինգ հարյուրյակներով նրանց նշած ժամանակ ներկայացա նախապես որոշված վայրը` լեռների մեջ կորած մի կիրճ: Սակայն հետախուզությունս արդեն տեղեկացրել էր, որ Շարուքենի Հատուկ գնդի մի քանի հարյուրյակներ դարանել են հենց այն վայրում, որտեղ պետք էր տեղի ունենար փոխանակումը, ու պատրաստվում են բռնել ինձ: Ես էլ հենց այդ վայրում քարերի հոսք նախապատրաստեցի, իմոնց թողեցի թիկունքումս, իսկ ինքս առաջ անցա: Դրանից հետո մնացածը արդեն պետք էր միայն ճիշտ խաղարկել: Դարանակալներին տեսնելուն պես ես սկսեցի վազել դեպի նախապես պատրաստված թակարդը, սրանք` իմ հետևից ու արդեն ինձ բռնելու վրա էին, երբ ես մի քանի նախապես պատրաստված քարեր տեղահանելու միջոցով քարահոսք կազմակերպեցի, որը ինձ ու թշնամիներիս մեծ մասին հենց ռազմիկներիս աչքի առաջ սրբեց դեպի անդունդը: Ճիշտ է, ես էլ մի քիչ ճխլվեցի, բայց դե ոչինչ, ամեն ինչ նորմալ անցավ…: Հենց նույն գիշեր ես երևացի որդուս, տեսա, թե հավատարիմ հպատակներս ինչպես են սգում մահս, որից հետո հեռացա նահանգից: Այսքան մի բան:
    - Իհարկե, դու քեզ հավատարիմ ես մնացել…: Նույնիսկ մեռնելուց էլ Շարուքենի ճաշը մի լավ հարամել ես ու կորուստներ ես պատճառել նրա հավատարիմ ռազմիկներին,- ծիծաղեց Մենեսը:
    - Ինչ անե՞մ,- կեղծ չքմեղացա ես,- մեղք չունեմ, սովորության հարց է:
    - Այստեղ խոսում էին Կորճայքի հարավ-արևելյան մասերն ասպատակելու մասին: Նույնիսկ մի քանի սալիկներ են գրվել [1]: Սակայն հաշվի առնելով, որ դրանցում ոչ մի մանրամասն չկա ու իմանալով գրողների սովորությունը,- քմծիծաղեց Մենեսը,- ես էլ էի ենթադրում, որ առանձնակի մի արդյունք չի եղել:
    - Ոչ մի արդյունք, Մենես ջան,- ձեռքս թափ տվեցի ես,- եկան, հետո վախկոտ շնագայլերի պես փախան, մի քանի հոտած դիակ թողնելով մեր լեռներում…
    - Այո՜…, ասեմ, որ խեղճ “հիրավի անդեմք”-ն էլ շատ չձգեց դրանից հետո ու Միջագետք վերադառնալուց կարճ ժամանակ անց քոչեց այս աշխարհից,- ծիծաղեց Մենեսը,- երևի հույս ուներ այն աշխարհում գտնել իր դեմքն ու մորուքը…
    - Երևի,- ծիծաղեցի ես:
    - Է լա՜վ…, իսկ հետո՞:
    - Հետո նախապես պատրաստված թաքստոցիցս վերցրեցի պահ տված միջոցներս ու ելա ճամփորդության: Ուր ասես, որ չեղա այս տարիներին: Սկզբնական տարիներին թափառեցի արևելքում: Շրջիկ վաճառականի տեսքով եղա հեռո՜ւ-հեռավոր երկրներում: Երևի նույնիսկ դու այդ տեղերում եղած չես լինի: Բավականին հետաքրքիր բաներ տեսա ու իմացա: Հասա մինչև Երկնահաս լեռներ…: Ճիշտն ասած ավելի հեռու ուղղակի վախեցա գնալ, թեև այնտեղի ժողովուրդը խոսում էր իրենցից էլ էլ ավելի արևելք, հեռո՜ւ հեռավոր արևելքում, հսկայական բարձրություն ունեցող լեռներից հետո սկսվող մի բարեբեր, Եփրատի ու Տիգրիսի պես գետերով ոռոգվող հովտում գոյություն ունեցող Ու-Դի, թարգմանաբար` Հինգ արքաների երկրի [2] մասին, բայց դե ես որոշեցի այն տեսնելը հետաձգել մի ուրիշ անգամի: Դրանից հետո որոշ ժամանակ եղա Արևելյան Մեծ գետից հյուսիս ընկած քոչվորների մեջ, որից հետո ճանապարհորդելով Արևելյան Մեծ ծովի հյուսիսային ափերով, Կովկասի լեռների հյուսիսային փեշերով ու Հյուսիսային Մեծ ծովի հյուսիսային ափերով, պտույտ տվեցի նրա շուրջը և արևմուտքից մտա Խաթթի: Վերջին տարիներն անցկացրել եմ այնտեղ: Խաթթիում ինչպես միշտ շատ հանգիստ է ու ծաղկում է առևտուրը: Կան նաև մեծաթիվ հայեր, որոնք ակտիվ առևտրական գործունեությամբ են զբաղված ու արդեն բավականին կտրվել են իրենց արմատներից: Սա մտահոգիչ էր…: Մտահոգիչ էր գոնե ինձ համար: Իսկ մնացած ամեն ինչ նորմալ էր: Այնտեղի բնակիչները կարծես ոչնչի մասին չեն էլ ուզում մտածել: Դեհ ի՞նչ մտածեն: Հարավից Արարտան է նրանց պաշտպանում Աքքադից, ձեր Եգիպտոսը նույնիսկ չի էլ մտածում այդ կողմերը երևալու մասին, իսկ ուրիշ թշնամի պետություն ուղղակի չկա: Մանր-մունր ցեղեր են, որոնք լուրջ սպառնալիք չեն ներկայացնում…: Այնտեղ հիմա, հաջորդելով Նուր-Դագանին, թագավորում է Պամբան [3], որը հիմնվում է հիմնականում օտարերկրացիներից հավաքված վարձկանների բանակի վրա ու չնայած բավականին անպետք մարդ է, ես ինքս եմ ականատես եղել նրա դաժանություններին ու անիմաստ հրամաններին, սակայն առայժմ ոչ մի լուրջ սպառնալիք ի վիճակի չէ ներկայացնելու, իսկ վարձկանների նրա առաջնորդը` լուլլուբեցի Անուբանիին [4], մի փառահեղ ու ազնվագույն մարդ է, որը մի տեսակ հավասարակշռում է իր անպետք տիրոջը: Պուրուշխանդայում ապրեցի մի քանի տարի, սակայն հետո ականջիս լուր հասավ, որ Աքքադի նոր արքա է դարձել Մանիշտուսուի բավականին երիտասարդ որդի Նարամ-Սուենը [5]: Սա մի քանի կտրուկ ու մեր մեջ ասած խելոք քայլերով այնպես վարպետորեն ու արագ ճնշեց իր դեմ ծագած հերթական ապստամբությունը, որ դա ինձ մոտ կասկած ծնեց, որ սա, ի տարբերություն իր երկու անխելք ու անճարակ նախորդների, կարող է հասնել իր պապ Շարուքենի մակարդակին: Դրա համար էլ որոշեցի, որ ժամանակն է վերադառնալու Կորճայք, մանավանդ, որ ես ինքս էլ արդեն վաղուց ձգտում էի վերադառնալ: Սակայն մինչ այդ որոշեցի այցելել քեզ: Եվ ահա հիմա ես այստեղ եմ ու սպասում եմ, որ դու էլ քո հերթին ինձ հետաքրքիր բաներ պատմես:

    ________________________
    [1] Խոսքը իրականում գոյություն ունեցած իրադարձություններն արտացոլող սալիկների մասին է:
    [2] Խոսքը հնագույն Չինաստանի մասին է:
    [3] Պամբա (մ.թ.ա. մոտ 2280-2210): Խաթթիի արքան:
    [4] Անուբանի (մ.թ.ա. մոտ 2240-2200): Արևմտյան Մարաստանում գտնվող Լուլլուբիի արքա:
    [5] Նարամ-Սուեն (մ.թ.ա. 2237-2200): Աքքադի չորրորդ արքան` Մանիշտուսուի որդին և Սարգոն Աքքադացու թոռը:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (02.09.2011), armen9494 (03.09.2011), Arpine (03.09.2011), E-la Via (03.09.2011), Moonwalker (03.09.2011), Nadine (02.09.2011), Sambitbaba (02.12.2011), Varzor (05.09.2011), Արէա (02.09.2011), Արմինե (03.09.2011), Գեա (02.09.2011)

  3. #257
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Վատ չի՜, վատ չի՜,- ժպտաց Մենեսը,- իմ պատմություն էլ պակաս ուշագրավ չի լինի: Աքքադում քո եփած ճաշը Միջագետքում դեռ շատ ջուր վերցրեց: Նույնիսկ մինչև հիմա էլ դրա հետևանքները մնում են:
    - Իրո՞ք:
    - Ըհը: Շարուքենը այդպես էլ չկարողացավ լիովին խաղաղեցնել իր պետությունն ու իր կրտսեր որդի և հաջորդ Ռիմուշին թողեց չլուծված բազում հարցեր, որոնց գումարվեց նաև մեծ եղբոր` Մանիշտուսուի հետ անհաշտ թշնամությունը:
    - Գանձարա՜նը…,- ծիծաղելով հիշեցի ես:
    - Մեծապես այո, սակայն ոչ միայն…: Շնագայլի այս ձագերը սարսափելի չէին սիրում իրար հենց սկզբից, քանի որ մեկը վախենում էր իշխանությունը կորցնել, իսկ մյուսն էլ տառապում էր դրա բացակայությունից,- ծիծաղեց Մենեսը, հետո լրջացավ,- չէ, բայց իրոք, Ռիմուշի կառավարման հենց սկզբից իրավիճակը շատ լարված էր ու անկայուն: Ապստամբության հրով էր բռնված սովից խենթացած ողջ Միջագետքը, իսկ Ուրուկը, Ումման, Լագաշը, Քիշը և Ադաբը` հինգ հիմնական քաղաքները, ուղղակիորեն հրաժարվեցին ճանաչել նոր արքային, քանի որ Ռիմուշը հորից վաստակել էր միայն նրա վատ գծերը` դաժանությունն ու դյուրաբորբոքությունը, իսկ խելքն ու փորձառությունը կարծես նրա կողքով էին անցել: Ռիմուշը սկսեց հետևողականորեն գրավել ապստամբած քաղաքները, ավերել դրանք ու դաժան հաշվեհարդար տեսնել նրանց բնակչության հետ: Մի քանի տարի տևած այս իրադարձությունների ժամանակ ամենահամեստ հաշվարկներով սպանվեց մոտ տասներեք հազար տեղացի, իսկ մոտ երկու բյուր մարդ էլ քշվեց անվերադարձ ստրկության: Ի վերջո նա շարժվեց Ուրուկի վրա, որտեղ ապստամբները, քաջասիրտ ու ազնիվ, սակայն ուղղամիտ Կաազագի [1] գլխավորությամբ հատկապես անզիջում դիրք էին գրավել: Ռիմուշը Ուրուկի բանակը հիմնովին ջախջախեց հենց քաղաքի պատերի տակ: Կաազագը սպանվեց ճակատամարտի սկզբում, իսկ նրա բանակը գլխովին ոչնչացավ` կորցնելով ութ հազար սպանված և ավելի քան հինգ հազար գերի: Դրանից հետո,- մռայլ հիշողություններից կնճռոտվելով` շարունակեց բարեկամս,- թշնամին առանց լուրջ դիմադրության մտավ քաղաք ու դաժան հաշվեհարդար տեսավ բնակչության հետ: Սրանով կարծես թե ամեն ինչ վերջացավ, չհաշված իհարկե այն, որ դրանից հետո մի քանի տարի ողջ Միջագետքում փոթորկում էր դաժան սովը, որին էլ զոհ գնաց պատերազմից ու ավերներից փրկվածների մի մեծ մասը:
    - Այո՜ո՜, իրոք դաժան դասավորվեց Միջագետքի ճակատագիրը,- ես ինքս էլ էի մռայլվել այս ամենից, - իսկ հետո՞:
    - Հետո՜…: Հետո Ռիմուշը որոշեց անդրադառնալ Էլամին, որն արդեն երկու անգամ է, որ վճռական պահին թիկունքից հարվածում է Աքքադին: Որոշակի չափով կայունացնելով իր երկրի վիճակը, Ռիմուշը մեծ զորահավաք հայտարարեց ու շարժվեց Էլամի երկու թագավորությունների վրա: Կերխի գետի հովտում էլամիցները պարտություն կրեցին, որից հետո նրանց հետապնդող Ռիմուշը երկրորդ անգամ էլամցիներին ճակատամարտ պարտադրեց Սուզայի [2] պատերի տակ: Այս անգամ էլ էլամցիք պարտվեցին, ընդ որում ոչ առանց Կուտիկ-Ինշուշինակի ստոր ու դավաճանական մասնակցության: Արդյունքում Խիշեպրատեպը սպանվեց, իսկ նրա գահակից որդի Խելուն ընդունեց Աքքադի գերիշխանությունն ու ծանր նյութական հատուցում տվեց:
    - Բացի այդ,- բարեկամիս լրացրեցի ես,- դրանով ավելի ուժեղացան Վարասխայի արքաների դիրքերը, իսկ Կուտիկ-Ինշուշինակը հսկայական հեղինակության հասավ: Մի քանի տարի դրանից հետո նա հաջորդեց կրկին ոչ առանց իր մասնակցության կյանքից հեռացած իր հորը և այժմ իրեն բավականին վստահ է զգում…
    - Այո, սակայն Շարուքենի շնագայլ ձագն էլ չվայելեց: Այդ դեպքերից հինգ տարի հետո հենց իր գրագիրները սպանեցին նրան` ծեծելով ծանրաքաշ քարե կնիքներով:
    - Ա՜յ քե՜զ մա՜հ,- զարմացա ես,- երևի երբևէ ոչ մի տիրակալ նման մահ չէր ունեցել,- ինձնից անկախ ծիծաղեցի ես:
    - Սա էլ չէր ունենա, եթե այդ գործին ձեռք չմեկներ հարազատ եղբայրը: Ռիմուշը մահվան սպառնալիքով արգելել էր որևէ մեկին զենքով երևալ պալատում, դե Մանիշտուսուն էլ, որը խենթանալու չափ ուզում էր հասնել բարձրագույն իշխանության, սպանել տվեց եղբորը քարե կնքիներով ու գրավեց նրա տեղը: Սրա օրոք կրկին բռնկվեցին ապստամբություններ Միջագետքում, որոնք նա ճնշեց հորն ու եղբորը հատուկ դաժանությամբ: Էլամի Խելուի թագավորության հետ վերսկսված պատերազմում հաջողությունը այս անգամ էլ դավաճանեց էլամցիներին ու նրանք պարտվեցին: Խելուն ընկավ մարտում, իսկ նրան հաջորդած որդին` Խիտան [3], ստիպված Աքքադին զիջեց իր պետության հարավային ծովափնյա մասերը և նույնիսկ Անշանը [4]…
    - Բա ո՞նց եղավ, որ Մանիշտուսուն ամեն դեպքում խնայեց Խիտային ու վերջնականապես չոչնչացրեց նրան:
    - Հասկանո՞ւմ ես, Հայկ ջան, սա մի այնպիսի դաժանությամբ էր ոչնչացնում ամենքին, որ ի վերջո բոլորին իր դեմ հանեց: Հատկապես նրան ատում էին քրմերը: Դրա համար էլ նա մի պահ որոշեց փոխել իր քաղաքականությունը` շոյել Էլամին ու քրմերին: Վերջիններիս նա թողեց իրենց փոքրիկ թագավորությունը, իսկ քրմերի գլխին, ինչպես առատության եղջյուրից, սկսեց տարաբնույթ շնորհներ թափել:
    - Այս պատմության մեջ Էլամում հատկապես շահեց Կուտիկ-Ինշուշինակի թագավորությունը, որն այժմ միանշանակ ավելի ուժեղ է, քան Խիտան: Երևի հենց այդ պաճառով էր, որ վերջինս մեծապես ուրախացավ, երբ Մանիշտուսուն իր որդի Նարամ-Սուեին համար որպես կին ընտրեց նրա աղջկան: Դրանով խեղճ մարդը հույս ուներ երկարաձգել իր իշխանությունը, սակայն ինչպես ցույց տվեցին վերջին իրադարձությունները, նա դաժանորեն սխալվել էր,- բարեկամիս լրացրեցի ես:
    - Իհարկե, այստեղ այդպես է,- պատասխանեց Մենեսը,- թույլերին ոչ-ոք հաշվի չի առնում: Երևի թուլացել էր նաև Մանիշտուսուն, դրա համար էլ իր իսկ ձագը իրեն կերավ:
    - Նարամ-Սուե՞նը,- հարցրի ես:
    - Հենց ինքը,- գլխով արեց բարեկամս,- սրանից երկու տարի առաջ Նարամ-Սուենի մարդիկ հենց պալատում հարձակվեցին Մանիշտուսուի վրա, իսկ արդեն երեկոյան նրա դիակը քարշ էին տալիս Աքքադի փողոցներով…: Հո ընտանիք չի՜,- գլուխն օրորեց Մենեսը:
    - Իրոք,- ծիծաղեց ես,- “հիրավի արքայի” ընտանիքը մի առանձնահատուկ սիրով է ոչնչացնում հենց ինքն իրեն: Սակայն խնամիներին էլ չեն խնայում,- ծիծաղեց ես:
    - Իհարկե…: Ի՜նչ խնամի, ի՜նչ բան…: Մեկ տարի առաջ էր, որ Նարամ-Սուենը, որ արդեն հասցրել էր իրեն հռչակել “Աշխարհի չորս կողմի արքա”, Կուտիկ-Ինշուշինակիի միջոցով սպանել տվեց Խիտային, իսկ ինքն էլ մահապատժի ենթարկեց նրա աղջկան, որից անմիջապես հետո փոխօգնության դաշինք կնքեց Կուտիկ-Ինշուշինակի հետ ու կնության վերցրեց նրա աղջկան: Դրանով սա հույս ունի ամրապնդել իր դիրքերն այստեղ, քանի որ էլամի բանակն այժմ կայազորային ուժեր է տեղադրել շատ քաղաքներում և Նարամ-Սուենը մասնակիորեն նաև նրանց հավատարմության վրա է հենվում: Դե իսկ նրա դաշնակիցն էլ շահեց նրանով, որ այժմ վերամիավորված Էլամում կա մեկ թագավորություն և մեկ արքա` Կուտիկ-Ինշուշինակը:


    ________________________
    [1] Կաազագ: Ուրուկում մ.թ.ա. 2261-2260 թվականներին բռնկված ապստամբության ղեկավար:
    [2] Էլամի գլխավոր քաղաքներից մեկը:
    [3] Խիտա (մ.թ.ա. մոտ 2250-2236): Խելուի որդին և Էլամի մի մասի միանձնյա արքան:
    [4] Անշան: Քաղաք և համանուն մարզ Էլամի հարավ-արևելքում` Պարսից ծոցի հյուսիսային մասում:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (02.09.2011), armen9494 (03.09.2011), Arpine (03.09.2011), E-la Via (03.09.2011), Moonwalker (03.09.2011), Nadine (02.09.2011), Sambitbaba (02.12.2011), Varzor (05.09.2011), Արէա (02.09.2011), Արմինե (03.09.2011), Գեա (05.09.2011)

  5. #258
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես պայուսակիցս հանեցի վերջերս բավականին թանկ գնով ձեռք բերած կավե սալիկս ու ցույց տվեցի Մենեսին.
    - Նայիր,- բարեկամիս ուշադրությունը հրավիրեց սալիկի վրա [1],- սա Աքքադից անցնելիս մեծ կաշառքով ձեռք բերեցի Նարամ-Սուեին գրագիրներից մեկից: Սա Էլամի ու Աքքադի դաշինքի և փոխօգնության պայմանագրի պատճեն է: Այն սկսվում է աստվածներին ուղղված կոչով, որից հետո Աքքադի ու էլամի երեսունյորթ աստվածներ վկա են համարվում այս պայմանագրին: Հետագայում պատմվում է այն մասին, որ Նարամ-Սուենը թանկարժեք ընծաներով մի պատվիրակություն է ուղարկել Էլամ, որտեղից այն հետ է եկել` բերելով Կուտիկ-Ինշուշինակի և աղջկան, որին հենց այս սալիկի վրա արված գրվածքով հայրը պտղաբերություն է ցանկանում, և նրա բանակի մի մասին: Իսկ այս կողմում,- ես շուռ տվեցի սալիկը,- փոխադարձ երդումներից ու բարեկամության սովորական հավաստիացումներից հետո տրվում են պայմանագրի գլխավոր խոսքերը. “Նարամ-Սուեին թշնամին իմ թշնամին է, Նարամ-Սուենի բարեկամն իմ բարեկամն է”: Ես բավականին թանկ վճարեցի այս սալիկի համար, Մենես,- ավելացրի ես ու նայեցի բարեկամիս,- սակայն իմ կարծիքով դա դրան արժեր: Փաստորեն կրկին Աքքադը, որի ձեռքի տակ է Մեծ Անապատը ու Էլամը` իր կատաղի լեռնեցիներով, միավորվում են: Սա վտանգավոր է նույնիսկ Եգիպտոսի, էլ չեմ էլ ասում մեր` Արարտայի, համար:

    Մենեսը ձեռքիցս վերցրեց սալիկը և սկսեց ուշադիր ուսումնասիրել այն: Որոշ ժամանակ անց նա սալիկը դրեց սեղանին և լուռ ու մտախոհ տեսքով հետ ընկավ գահվորակի վրա:
    - Այնպես որ, Մենես ջան, իրավիճակը կրկին լրջանում է: Դրա համար էլ ես պատրաստվում եմ կրկին վերադառնալ Կորճայք: Որդիս, հետևելով ռազմիկի ավանդույթներին, ընտանիք չի կազմել և այժմ վաղուց ի վեր ինձ հոգեորդի է հռչակել,- ինձնից անկախ ժպտացի այդ տարօրինակ իրավիճակի վրա,- ու բոլորին հայտարարել է, որ հեռավոր ճամփորդությունից վերադարձող իր հոգեորդին հաջորդելու է իրեն:
    - Վատ չի՜…,- ձգեց Մենեսը,- ես էլ, սակայն, այստեղ որոշ տարօրինակ բաներ եմ նկատել,- նախկին թեմային վերադարձավ Մենեսը,- Մեծ Անապատում մշտապես թափառող իմ գործակալները վերջերս սկսել են ինձ հայտնել, որ Անապատի զավակների մեջ սկսել է տիրել հին ժամանակների ոգևորությունը: Նրանք այժմ մի տեսակ հոգևոր թմբիրով են բռնվել: Չգիտես ով տարածել է, որ Շարուքենը կենդանի է և այժմ կրկին կառավարում է Աքքադում` ինչպես հին ժամանակներում, իր մոտ հավաքելով և մարտի կոչելով իր ցեղակիցներին:
    - Դրանք հաստատ Նարամ-Սուենի արածները կլինեն:
    - Իհարկե, էլ ո՞ւմ…: Սակայն մի բան այժմ հաստատ է, որ Մեծ Անապատը կրկին մտել է շարժման մեջ: Անապատի որդիները միշտ էլ նեղվում էին միջոցների սղությունից ու իրենց արագ բազմացումից, որն այս տարիներին կրկին սկսել է նրանց հանգիստ չտալ: Դրա համար էլ այժմ նրանք, ինչպես և առաջ, ձգտում են տարածվել շրջակա երկրներում: Դե եթե դրան գումարենք էլ նաև նրանց կույր հավատը ամեն մի գերբնականի նկատմամբ ու Նարամ-Սուենի ճարպիկ դրդումները, կարելի է ասել, որ շուտով սա իր պապի բանակից ոչ փոքր բանակ կունենա…
    - Նա վերականգնել է նաև Հատուկ գունդը…
    - Դե այն երբեք էլ չէր վերացվել, ուղղակի Շարուքենից հետո անուշադրության էր մատնվել ու ինչ անպետք թափթփուկ ասես, որ այնտեղ չհավաքվեց: Սակայն այժմ Նարամ-Սուենը շատ խիստ է դրել այդ հարցը և իմ կարծիքով ներկայիս նրա Հատուկ գունդը ոչնչով չի զիջում իր պապինինին: Նույնն է մնացել նաև Հատուկ գնդի թիվը, քանի որ Շարուքենի սահմանած թիվը ընկալվել է որպես մի տեսակ սրբազան չափ:
    - Ես տեսա դրանց Աքքադից անցնելիս,- ասացի ես,- տեսա նաև նրանց հետ քայլող Նարամ-Սուենին, որը, ընդօրինակելով իր պապի երիտասարդական հնարքները, այժմ իրեն բոլորի հետ շատ հասարակ է պահում ու դրանով մեծապես գրավում է Անապատի որդիների դյուրահավատ սրտերը:
    - Բացի դրանից, սա, ի տարբերություն իր նախորդների, ընդհանրապես ավելի խորամանկ ու հավասակշռված ներքին քաղաքականություն է վարում: Օրինակի համար վերջ է տվել մասսայական մահապատիժներին ու ցցահանումներին, որով իր կողմն է գրավել շատերի սրտերը: Պատկերացնո՞ւմ ես,- շարունակեց բարեկամս,- վերջին երկու տարում մահապատժի ենթարկվածների թիվը չի անցնում մեկ տասնյակից: Իսկ առա՞ջ…
    - Խելքի մո՜տ է…: Բացի դրանից, սրանով էլ նմանակելով իր պապին, նա մի երկար մորուք է թողել, որն արդեն հասնում է կրծքից ներքև: Եթե դրան գումարենք նաև նրա աժդահա հասակն ու հաղթանդամ կառուցվածքը, իրոք որ նմանությունն պապի հետ ամբողջականանում է, մի հանգամանք, որը մեծ հույսեր է վառում իր ցեղակիցների սրտում…
    - Սակայն այդ ոգևորությունը կարող է արագ հանգել, եթե սա չբավարարի իր ցեղակիցներին: Հա, էլի ինք իրեն կենդանի աստված հռչակի, հասկացանք, բայց նա ինքն էլ է հասկանում, որ այս ոգևորությունը երկար չի տևի, դրա համար էլ շուտով նա իր ցեղակիցներին արշավի կհանի,- լուրջ տեսքով վրաս նայելով` ավելացրեց Մենեսը:
    - Եվ իհարկե նրա հարվածը չի ուղղվի դեպի Էլամ, քանի որ այն այժմ իր դաշնակիցն է, չի գա նաև ձեր վրա, քանի որ դուք չափազանց հեռու եք ու բացի այդ նա ձեզ հետ նաև կիսելու առանձնապես բան էլ չունի: Մնում ենք մենք…: Այո, Մենես, այս ամենը ես վաղուց եմ մտածել: Սակայն այդ ամենի մասին տեղյակ են նաև Արարտայում և անհրաժեշտ միջոցներ արդեն ձեռնարկվում են: Մերոնց շարքերում միայն մեկ ռազմիկ է պակասում, նա էլ շուտով կգրավի իր տեղը,- ես չդիմացա ու ոտքի կանգնեցի,- և դեռ թող փորձի մի այդ իժի ծնունդը Հայաստանի մի մազին դիպչել…, ես դրան կուղարկեմ ուղիղ իր նախնիների մոտ…

    ________________________
    [1] Այստեղ խոսվում է Աքքադի և Էլամի դաշնագրի մասին: Դաշնագրի սալիկը գտնվել է Սուզայի պեղումների ժամանակ և այժմ պահվում է Լուվրի հավաքածույում:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (02.09.2011), armen9494 (03.09.2011), Arpine (03.09.2011), E-la Via (03.09.2011), Moonwalker (03.09.2011), Nadine (02.09.2011), Sambitbaba (02.12.2011), Varzor (05.09.2011), Արէա (02.09.2011), Արմինե (03.09.2011), Գեա (06.09.2011)

  7. #259
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    *

    Մի քանի օր հյուր մնալով Մենեսի մոտ ու նրա հետ պայմանավորվելով փոխգործակցության մասին, ես ի վերջո իմ լավ հանգստացած ու կերակրված էշի վրա հարմարավետ տեղավորվելով ու ծպտվելով մանր վաճառականի իմ արդեն հարազատ դարձած կերպարի մեջ, ուղղություն վերցրի դեպի հյուսիս: Ես վաղուց չէի եղել Կորճայքում և Արարտայում, չնայած ընդհանուր վերցրած տեղյակ էի այնտեղ տիրող իրավիճակին:

    Երկրի գլխին անփոփոխ կերպով շարունակում էր կանգնած մնալ Ռիշիադադը, որն իր հարազատ եղբայր Թախիշաթալի [1] հետ հիմնովին նվիրել էր իրեն աստղագիտությանը` լիովին մոռացության մատնելով պետության կառավարումը: “Ա՜յ քեզ քրմե՜ր”,- արդեն քանիերորդ անգամ մտքովս անցկացրի ես,- “էլ ինչո՞ւ ձգտեցիք ձեզ վրա վերցնել պետության ղեկավարումը: Մնայիք ձեր տաճարներում, էլի, որտեղ ոչ պակաս հաջողությամբ կշարունակեիք ձեր ուսումնասիրությունները ու այժմյանից ոչ պակաս բարձրունքների հասած կլինեիք: Չէ՜…, սրանց անպայման պետք էր միջամտել երկրի աշխարհիկ գործերին, կանգնել երկրի գլուխ, հետո ամեն ինչ թողնել անտեր ու նոր նվիրվել միայն իրենց հարազատ գործին”…: Ես ուժեղ խթանեցի էշիս, որն առանց այդ էլ լավ էր ընթանում…: Ախր երկիր կառավարելը հեչ ձեր բանը չէր: Լավ է գոնե Սպարապետն ու Հազարապետը կան, թե չէ Արարտան լրիվ ձեռքից կգնար: Հազարապետները հետևում էին երկրի ներքին կյանքին, իսկ Սպարապետները դարձել էին ամեն ինչ: Դեռ ես Արարտայում էի, որ Սպարապետները բուն ռազմական գործերից բացի փաստացի ղեկավարում էին նաև երկրի արտաքին կապերի գործը: Չնայած ամեն ինչ դեռևս նորմալ էր, քանի որ Մեծ քրմերին մազաչափ իսկ չէր հետաքրքրում պետական կառավարումը և նրանք այն թողել էին իրենցից հեռու, բայց ամեն դեպքում դա մի խախուտ վիճակ էր ստեղծում: Վկան Արեգ Սլկունու գործողությունները: Սա չէ՞ր, որ ընդհանրապես տեղյակ չլինելով ոչնչից ու ահաբեկվելով իրական կյանքից` առանց աջ ու ձախ նայելու Շարուքենին զիջեց մեր հողերը, որոնք հետո այնքան դժվարությամբ հետ վերցրինք: Ռիշիադադը մի պահ փորձեց հետաքրքրվել աշխարհիկ գործերով: Նա նույնիսկ մի ժամանակ, մեր մեջ ասած քիչ հիմքեր ունենալով դրա համար, հավակնում էր Արարտայի լավագույն թրամարտիկի պատվին արժանանալ: Սակայն նա էլ շատ արագ սառեց ամեն ինչից և այժմ եղբոր հետ նվիրվել են իրենց հարազատ գործին: Այս խրթին պահերը հաշվի չառնելու դեպքում կարելի էր ասել, որ Արարտայում ամեն ինչ նորմալ էր ընթանում և վերջին տասնամյակների հարավային փոթորիկները ընդհանրապես Արարտային չէին վնասել:

    Կորճայքում էլ ամեն ինչ իմ ուզածի պես էր: Որդիս արժանի մարդ դուրս եկավ և երբեմն ես հեռվից հեռու հիանում էին նրա ղեկավարած կառույցների գործողություններով…: Ես ծիծաղեցի…: Վերջերս էր, երբ Քիշով անցնելիս պանդոկներից մեկում լսեցի, թե Նարամ-Սուենի Հատուկ գնդի դյուրահավատ Անապատի որդիները ինչպես են մեկը մյուսին պատմում այն մասին, որ հյուսիսային լեռներում հայտնվել է մի ժողովուրդ, որը կազմված է միայն ռազմիկ տղամարդկանցից, որոնք շատանում են նրանով, որ ամեն տարի իրենք միանգամից իրենց նման հասուն տղամարդկիկ են ծնում ու, բացի այդ, նրանք սնվում են միայն կորեկով: Այդ օրը ես դրա վրա բավականին զվարճացա, թեև հետագայում նկատեցի որ այդ լուրերը, որոշակիորեն չափազանցեցնելով ու վախեցնող տոն հաղորդելով դրանց, քաղաքներում տարածում են որոշ թվով հյուսներ, դարբիններ կամ դերձակներ…: Ապրե՜ք տղերք: Զգացի, որ Հրաչի մահից հետո էլ նրա որդի ու հաջորդ Սևակի օրոք հետախուզական կառույցս վատ չի գործում: Վահագնս արդեն ծերացել էր, սակայն զգացվում էր, որ այնուհանդերձ նրա երկաթե բռունցքն էր նահանգում տնօրինում…

    Ես անփոփոխ ընթանում էի դեպի հյուսիս` աշխատելով հնարավորինս խուսափել կիսավեր քաղաքներից: Մենակ ճանապարհորդին ոչինչ չի մնում անել, քան հանձնվել իր խոհերին, մանավանդ, որ վերջին տասնամյակներին դա ինձ մոտ արդեն սովորույթի էր վերածվել…

    Այս անգամ էլ սակայն ես որոշել էի փորձարկել նահանգի սահմանների հսկողությունը: Սակայն այդ փորձությունը մերոնք պատվով բռնեցին: Ինչպես և առաջ, ես ինչքան էլ չարչարվեցի, չկարողացա աննկատ անցնել շարժական դարան-դետքերի միջով ու, հաշվի առնելով իմ այդ կասկածելի վարքագիծը, Կուտիների գնդի հարյուրյակը մի հարմար վայրում անակնկալ շրջապատեց ինձ: Անմիջապես էլ ինձ շրջապատողների գլխավերևում ծածանվեց իմ լազուրե կապույտ դրոշը` վրան ատամներով նետ բռնած կարմիր առյուծ պատկերող զինանշանս: Ռազմիկների թիկունքից թուրը մերկացրած առաջ եկավ ակնհայտորեն արդեն ութերորդ տասնամյակում գտնվող, բայց այդ տարիքում էլ դեռ հաղթանդամ և ուժն ու ժրաջանությունը չկորցրած, թեև արդեն լրիվ սպիտակամորուս մի ծերունի:

    - Ես Հազարապետ Հայկն եմ,- վստահ տոնով ներկայացավ նա ու կարծես չճանաչեց ինձ,- օտարական, դու գտնվում ես իշխան Վահագնի տարածքում: Հաշվի առնելով, որ դու խուսափում ես մեզնից` քեզ կուղեկցեն ուղիղ նրա մոտ…
    Հուզմունքից մի կարգին պատասխան չգտա էլ. եթե Հազարապետ Հայկն այսպես ծերացել, է ապա նույն վիճակում պետք է լիներ նաև նրա տարեկից որդիս: Սակայն մինչ Կուտիների մեկ տասնյակի ուղեկցությամբ մենք շարժվում էինք Ալկիքար, ես կարողացա հավաքել ինձ…

    __________________
    [1] Թախիշաթալ (մ.թ.ա. մոտ 2233-2232): Արարտայի Մեծ քուրմ:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (03.09.2011), armen9494 (03.09.2011), Arpine (03.09.2011), E-la Via (03.09.2011), Moonwalker (03.09.2011), Sambitbaba (02.12.2011), Varzor (05.09.2011), Արէա (02.09.2011), Արմինե (03.09.2011), Գեա (06.09.2011)

  9. #260
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    *

    - Դու վերադարձար, հայր,- կրծքիս փարվեց սպիտակամորուս Վահագնս,- իսկ ես արդեն հույս էլ չունեի:
    Մենք ուժեղ ողջագուրվեցինք ամրոցի իմ ծանոթ ու սարսափելի կարոտած սենյակում: Դրանից հետո ամբողջովին սպիտակած ու արդեն տարիների բեռը վրա վերցրած Վահագնս մի քիչ հեռացավ ինձնից և սկսեց խուզարկու հայացքով զարմացած չափել ինձ: Նա այս տեսքով տեսել էր ինձ այն ժամանակ, երբ ինքը դեռ փոքրիկ մի երեխա էր: Ես ինքս էլ չէի կարողանում հայացքս կտրել որդուցս…: Առաջինն ուշքի եկավ որդիս: Նա անմիջապես մի լավ բաղնիք ու հյուրասիրություն կազմակերպեց, որից հետո ես տեղավորվեցի քնելու իմ հարազատ անկողնում: Քանի՜ ժամանակ է` կարոտած էի դրան…

    Առավոտյան ես առաջինն իջա ամրոցի մեծ սենյակ, սակայն Վահագն արդեն այնտեղ էր.
    - Հայր,- ոտքի կանգնեց որդիս ու ինձ առաջնորդեց դեպի լիքը լցված սեղանը,- բարի լույս,- մի քիչ ուշացած ու շփոթված ժպտաց նա` չկարողանալով հայացքը կտրել ինձնից:
    - Հա, Վահագն ջան, ես եմ, իմ սեփական անձով,- տեղավորվեցի սեղանի մոտ ու, որդուս շփոթմունքից հանելու համար, սկսեցի ախորժակով ու տնավարի ուտել:

    Վահագնը մի պահ վարանեց, սակայն հետո ինքն էլ միացավ ինձ: Ընթացքում մենք անցանք աղանդներին, իսկ վերջում էլ մեր ընտիր գինուն:
    - Օ՜ֆ՜ֆ,- հետ ընկնելով աթոռակի վրա` ի վերջո խոսեցի ես,- վաղուց այսպես համով չէի կերել: Չէ, ինչ ուզում ես ասա, մարդ իր հարազատ ուտելիքներին էլ է կարոտում…
    - Իհարկե,- լիքը բերանով ինձ պատասխանեց Վահագնս, հետո, կուլ տալով, շարունակեց,- ես քեզ կհասկանամ երևի միայն այն դեպքում, երբ երկար ժամանակով կբացակայեմ Կորճայքից: Բայց դե հիմա չեմ կարող, հայր, ինքդ ես հասկանում: Հարավը կարծես եռացող հրաբուխ լինի…
    - Ինչ է եղե՞լ, որ…,- ինձ չգիտեցողի տեղ դրեցի ես:
    - Սևակի հետախույզները հայտնում են, որ այժմ Աքքադում արքա հռչակված Նարամ-Սուենը` Շարուքենի թոռը, ուժեր է հավաքում, դաշինք է կնքել Էլամի հետ և պատրաստվում է…,- ինչպես մի ժամանակ` ոգևորված սկսեց պատմել Վահագնս, սակայն նկատելով իմ հասկացած հայացքը, կտրեց խոսքը և ծիծաղեց,- ախր հայր, դու ինքդ էլ դա լավ գիտես…
    - Ես գիտեմ, որդիս,- ծիծաղեցի,- բայց կարևորն այն է, որ դու էլ գիտես:
    - Դե Սևակի հետախույզները ինձ վատ չեն տեղեկացնում,- համեստորեն ավելացրեց Վահագնս:
    - Իհարկե, մեկ էլ կուտ ուտող ժողովրդի մասին…: Էդ հաստատ ձեր արածը կլինի:
    - Ըհը,- գլխով արեց որդիս,- այդ միտքը Սևակը տվեց: Մենք մտածեցինք, որ ինչքան խորհրդավոր ու անհասկանալի լինենք, այնքան թշնամու հասարակ ռազմիկները շատ կվախենան մեզնից…
    - Վատ չե՜ք մտածել,- գովեցի ես,- ես էլ ժամանակին լավ զվարճացա, երբ լսեցի այդ մասին: Իսկ ուրի՞շ, ընդհանրապես…, ի՞նչ վիճակում է նահանգը,- արդեն ավելի լուրջ հարցրեցի ես:
    - Ամեն ինչ այնպես է, ինչպես դու էիր թողել, հայր,- Վահանգնը ինքն էլ լրջացավ,- բնակչությունը մոտ քսան բյուր է, տոհմապետերը հավատարիմ են և պատրաստ են իրենց տղամարդկանց մարտի մեջ մտցնել ցանկացած պահի: Ցանքն ու հարկահավաքությունը կազմակերպվում են նորմալ:
    - Իսկ Կուտիների գունդը՞:
    - Մանկատները ողջ Արարտայում գործում են պատշաճ կերպով: Այդ գործում արդեն երկար ժամանակ իմ օգնականն է Հայկանուշ անունով մի կին և ես նրա աշխատանքից գոհ եմ: Գնդի կազմում արդեն կա մեկ բյուր ռազմիկ` քսանից վաթսուն տարեկան, որոնք ըստ տաիրքի հավաքված են հարյուրյակներում: Ինչպես և առաջ անուշադրության չենք մատնել նաև կանանց…: Գործում է “Աստղիկ” հազարյակը: Գնդի հրամանատարն է Սևակի որդի Հայկը: Դու պետք է, որ նրան տեսած լինես,- ժպտաց որդիս:
    - Ըհը, այդ նա էր ինձ այստեղ ուղարկողը:
    - Նա քիչ է լինում սահմաններում ու ավելի շատ իր գնդի հետ է: Նրան է մարզում: Սակայն եթե որևէ բացառիկ դեպք է լինում սահմանում, նա անպայման պետք է ներկա գտնվի…
    - Տեսնում եմ սահմանն էլ վատ չեք պահում: Իսկ բերդերն ու ամրոցները՞:
    - Դրանք մեր մշտական ուշադրության կենտրոնում են և մշտապես իրականացնում ենք ընթացիկ նորոգումներ: Ես, Սպարապետ Արամը, նրա որդի Տիգրանը կամ նրանց մարդիկ անընդհատ շրջում ենք և հետևում, որ ամեն ինչ տեղը տեղին լինի, մանավանդ հիմա…
    - Վատ չի՜, իսկ ի՞նչ են մտածում Հայկաշենում այս ամենի մասին:
    - Մեծ քրմին մազաչափ իսկ չի հուզում ողջ այս աղմուկը, սակայն Սպարապետ Արամը լրջորեն նախապատրաստել է երկիրն ու բանակը: Մեկ ամիս առաջ վերջին անգամ խորհրդակցեցինք: Մեր ունեցած բանակը այժմ վեց բյուր է, ընտիր ռազմիկներ են` բոլոր էլ զինված Մեծամորի ընտիր երկաթից կռած զենք ու զրահով: Մոտ մի այդքան էլ կհավաքենք աշխարհազորայիններից, որոնք իրենք էլ վատ չեն հանդերձավորված: Մենք քիչ ենք, դրա համար էլ որոշված է ոչ մի թերի բան չթողնել: Թշնամին հնարավոր է այս անգամ մեզ գերազանցի իր քանակով: Դրա համար էլ մենք պատրաստվում ենք նրան որակ հակադրել…
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (03.09.2011), armen9494 (03.09.2011), Arpine (03.09.2011), E-la Via (03.09.2011), Moonwalker (03.09.2011), Sambitbaba (02.12.2011), Varzor (05.09.2011), Արէա (02.09.2011), Արմինե (03.09.2011), Գեա (06.09.2011)

  11. #261
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում armen9494-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլամցիների պահով վաղը կարծիքս կգրեմ, կարծում եմ էս անգամ նրանց արարքը էդքան էլ մեղադրելու չէր: Բայց դա առաջին հայացքից և դեռ հիմնովին կարծիք չի. ինչպես ասեցի, սիրում եմ մի քիչ մտածել, հետո նոր գրել:
    Lion ջան, դեռ այսօրվա տեղադրածդ չեմ կարդացել, գրեմ երեկվա մտքերս: Ասեմ, որ փորձեցի մտածել ու այդպես էլ չհասկացա Էլամի արածը Նրանք Շարուքենին սուրհանդակ էին ուղարկել ինչի՞ համար: Որ նրա հետ դաշի՞նք կնքեին: Ես օրինակ սպասում էի, որ կարող էր այսպես լինել (եթե իհարկե դաշինք կնքած լինեին Շարուքենի հետ). քաղաքին հասնելու պահին նրանք միանգամից, անսպասելի հարձակվում են հայերի վրա: Այդ ժամանակ Շարուքենի զորքի հետ կարող է ինչ-որ բանի հասնեին: Ես մի բան իրոք չհասկացա, որ խնդրեմ, դու կբացատրե՞ս: Եթե նրանք Շարուքենի հետ դաշինք կնքեցին այդ օրը, ապա ինչու էին նրա դեմ կռվում, այլ ոչ թե միացել Շարուքենին ու կռվում հայերի դեմ: Չգիտեմ, չեմ կարողանում հասկանալ, ու չեմ էլ կարծում, որ կարող էին հիմար լինել...
    Հեսա շարունակությունը կկարդամ, չնայած չի թվում, որ Էլամի մասին ինչ-որ բան լինի:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (02.09.2011)

  13. #262
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տես, խնդիրն այն է, որ այդ ժամանակ Էլամը երկու մասի էր բաժանված: Մի մասի արքաները անկեղծորեն էին ուզում Շարուքենի կործանումը, իսկ մյուս մասինը, "երեխային երես տված հայրն ու լկստված լակոտը", ավելի շուտ ձևի համար էին մասնակցում այդ ամենին, քանի որ Շարուքենի թուլացումը կամ կործանումը կթուլացներ իրենց դիրքերը` ուժեղացնելով լեգիտիմ արքաներին: Հիմի տես, մի կողմից սրանք չէին կարող մերժել դաշինքը հայերի հետ, քանի որ Շարուքենը սպառնում էր էլամցիներին և այդ դեպքում սրանց ուղիղ հենց յուրայինները կմեղադրեին դավաճանության մեջ, մյուս կողմից էլ, ինչպես արդեն ասացի, այդ դաշինքը նրանց ըստ էության պետք չէր: Դրա համար էլ Աբալգամեշն ու իր որդին փորձ կատարեցին նուրբ խաղ խաղալ, որ համ դաշինքը փլեն, համ էլ Շարուքենին ուժեղացնեն ու նրա աչքը մտնեն: Կարծում եմ ամեն ինչ տրամաբանական է, եթե հաշվի առնենք, որ ոչ մի կողմն էլ ուժերի ճնշող առավելություն չուներ և ստիպված էր խուսանավել:

    Ինչ վերաբերվում է Շարուքենի հետ հայերի վրա հարձակվելուն արդեն Աքքադի պատերի տակ: Եթե ուշադիր լինես, Աքքադում Շարուքենը ուներ Հատուկ գնդի հազիվ 400 ռազմիկ ու մոտ մի 1.000 էլ աքքադցի աշխարհազորային: Այս ուժերը բացահայտ քիչ էին Հայկի ու էլամցիների մյուս մասի ուժերին հաղթելու համար նույնիսկ Աբալգամեշի ու նրա որդու բանակի աջակցության դեպքում: Դրա համար էլ սրանք առժամանակ էլի ստիպված եղան հավատարիմ մնալ դաշինքին, մինչև Շարուքենի հիմնական ուժերը տեղ հասնեն: Բայց դրանից հետո, եթե հասցրեցիր նկատել, ամեն ինչ իրար խառնվեց, Հայկի ծրագիրը գործեց և սա կանխեց էլամցիքին, ընդ որում հենց նրանց էլ դնելով կատաղած Անապատի որդիների հարվածի տակ, քանի որ սրանք հաստատ այսքան նրբությունները հաշվի չէին կարող առնել և մթնում էլ ուղղակի չէին տարբերակի, թե իրենց քաղաքը պաշարած ում վրա են հարձակվում, հայերի, թե էլամցիների...

    Ուրախությամբ տեսնում եմ, որ Հայկի ծրագիրը փայլուն գործեց և դրանում մեծ դեր ունեցավ հենց նրա ստեղծած հստակ ռազմական համակարգը
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (02.09.2011), Արէա (02.09.2011)

  15. #263
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Տես, խնդիրն այն է, որ այդ ժամանակ Էլամը երկու մասի էր բաժանված: Մի մասի արքաները անկեղծորեն էին ուզում Շարուքենի կործանումը, իսկ մյուս մասինը, "երեխային երես տված հայրն ու լկստված լակոտը", ավելի շուտ ձևի համար էին մասնակցում այդ ամենին, քանի որ Շարուքենի թուլացումը կամ կործանումը կթուլացներ իրենց դիրքերը` ուժեղացնելով լեգիտիմ արքաներին: Հիմի տես, մի կողմից սրանք չէին կարող մերժել դաշինքը հայերի հետ, քանի որ Շարուքենը սպառնում էր էլամցիներին և այդ դեպքում սրանց ուղիղ հենց յուրայինները կմեղադրեին դավաճանության մեջ, մյուս կողմից էլ, ինչպես արդեն ասացի, այդ դաշինքը նրանց ըստ էության պետք չէր: Դրա համար էլ Աբալգամեշն ու իր որդին փորձ կատարեցին նուրբ խաղ խաղալ, որ համ դաշինքը փլեն, համ էլ Շարուքենին ուժեղացնեն ու նրա աչքը մտնեն: Կարծում եմ ամեն ինչ տրամաբանական է, եթե հաշվի առնենք, որ ոչ մի կողմն էլ ուժերի ճնշող առավելություն չուներ և ստիպված էր խուսանավել:

    Ինչ վերաբերվում է Շարուքենի հետ հայերի վրա հարձակվելուն արդեն Աքքադի պատերի տակ: Եթե ուշադիր լինես, Աքքադում Շարուքենը ուներ Հատուկ գնդի հազիվ 400 ռազմիկ ու մոտ մի 1.000 էլ աքքադցի աշխարհազորային: Այս ուժերը բացահայտ քիչ էին Հայկի ու էլամցիների մյուս մասի ուժերին հաղթելու համար նույնիսկ Աբալգամեշի ու նրա որդու բանակի աջակցության դեպքում: Դրա համար էլ սրանք առժամանակ էլի ստիպված եղան հավատարիմ մնալ դաշինքին, մինչև Շարուքենի հիմնական ուժերը տեղ հասնեն: Բայց դրանից հետո, եթե հասցրեցիր նկատել, ամեն ինչ իրար խառնվեց, Հայկի ծրագիրը գործեց և սա կանխեց էլամցիքին, ընդ որում հենց նրանց էլ դնելով կատաղած Անապատի որդիների հարվածի տակ, քանի որ սրանք հաստատ այսքան նրբությունները հաշվի չէին կարող առնել և մթնում էլ ուղղակի չէին տարբերակի, թե իրենց քաղաքը պաշարած ում վրա են հարձակվում, հայերի, թե էլամցիների...

    Ուրախությամբ տեսնում եմ, որ Հայկի ծրագիրը փայլուն գործեց և դրանում մեծ դեր ունեցավ հենց նրա ստեղծած հստակ ռազմական համակարգը
    Որոշ չափով պատկերացրեցի Էլամցիների արարքը: Իմ կրծիքով ուղղակի լավ դիվանագիտություն չունեին: Այ, հիշում ես, թե Հայկը ինչպես իր զորքի որոշ մասին ասեց հիվանդ ձևանալ, այ այդպես էլ պիտի Աբալգամեշի զորքը աներ, զուտ այն պատճառով, որ հետ մնաին և ժամանակ շահեին, որոշ ժամանակ հետո, եթե Շարուքենի զորքերը վերադարձած լինեին, ապա նրանք կմիանաին Շարուքենին, հակառակ դեպքում, կարող էին ձևական պատճառ բռնել, որ զորքը ի վճակի չեղավ հասնել պատերազմին: Այնուամենայնիվ, ամենաապուշ քայլն արեցին և կոտորվեցին

  16. #264
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գուցե և պետք է այդպես վարվեին, հիվանդություն ձևացնեին, բայց... չէ որ սրանց թվում էր, թե խաղը իրենց գծած կանոններով է գնում Հասկանում ես, Հայկը ցույց տվեց, թե ինքը զոհ է, բայց վերջին պահին հենց որսորդը "զոհի" հարվածից ընկավ: Դե ամեն դեպքում - էլամցիք Արարտայի պես կազմակերպված համակարգ չունեին ու երևի չէին կարող նման ճկունության քայլեր անել:

    Դե իհարկե, ռիսկը հսկայական էր և ոչ մի երաշխիք չկար, որ Հայկի ծրագիրը չի տապալվի, բայց այնուհանդերձ այն հաջողությամբ պսակվեց: Գաղտնիքը երևի նրանում էր, որ հայերը մինչպատերազմական լավ նախապատրաստություննե էին տեսել, լավ ու համակարգված գործող ռազմական համակարգ ունեին և դրա շնորիվ շահեցին...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    armen9494 (03.09.2011)

  18. #265
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս մասից դեռ կարծիք չունեմ ձևավորված, ուղղակի ուրախ եմ, որ Էլամցիք նոր "բարեկամ" գտան, որը իրենց հավատարիմ է և իմ կարծիքով, շուտով իրենց դեմ դուրս կգա: Չգիտեմ, դա ընդամենը ենթադրություն է, Էլամցիների բախտը երբեք չի բերում բարեկամների հարցում, ինչին հակառակ` թշնամիների պահով տեղ ու դադար չկա

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (03.09.2011)

  20. #266
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արմեն ջան, այն ժամանակներում, ինչպես և հիմա, մշտական թշնամիներ ու բարեկամներ չկային - կային շահեր: Ու այդ շահերը ընդհարվում էին, գնում իրար զուգահեռ, խաչաձևվվում էին և այլն: Էլամցիք իրենց համար էին, խաղում, մենք մեզ համար - բոլորը իրենց համար էին խաղում: Իսկ ԷԼամ պետությունն ու էլամցիք, այս կամ այն կերպ, իրենց գոյությունը շարունակեցին մինչև մ.թ.ա. VII դարի կեսերը: Ի վերջո արդեն մահացող Ասորեստանը այնպիսի մի կործանիչ հարված հասցրեց Էլամին, որ սրանք վերջնականապես թուլացան և ի վերջո ձուլվեցին Պարսքում շատացող պարսիկների մեջ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    armen9494 (03.09.2011)

  22. #267
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համաձայն եմ

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (03.09.2011)

  24. #268
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիոն ջան, մի բան էի վաղուցվանից ուզում հարցնել, բայց չգիտես ինչու հետաձգում էի: Շատ լավ է, որ նման գաղափար ես մտահաղացել, այսքան մարդ հավեսով կարդում է, նույն թվում նաև ես, բայց ասենք չես մտածե՞լ, որ ինչ որ մեկը կարող է գողանալ քո գաղափարը և սեփականացնե՞լ:

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (03.09.2011), Lion (03.09.2011)

  26. #269
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոն ջան, մի բան էի վաղուցվանից ուզում հարցնել, բայց չգիտես ինչու հետաձգում էի: Շատ լավ է, որ նման գաղափար ես մտահաղացել, այսքան մարդ հավեսով կարդում է, նույն թվում նաև ես, բայց ասենք չես մտածե՞լ, որ ինչ որ մեկը կարող է գողանալ քո գաղափարը և սեփականացնե՞լ:
    Հետաքրքիր հարց տվեցիր, Malxas ջան: Ճիշտն ասած այդ հանգամանքի վրա վաղուց եմ մտածել ու հենց դա էր ինչ-որ տեղ, որ մինչև վերջերս ինձ հետ էր պահում Հայկի նոթերը հրապարակելուց: Բայց հետո կարծես թե ելքը գտա - ես իհարկե գիտեի, որ Հայկն ինքը դա ոչ մի պայմանով չի անի, բայց հո ես, որպես իր յուրօրինակ հավատարմատար, կարող էի դա անել Ու դրա համար էլ հենց այս նոթերը հրապարակելու պահին ես չալարեցի և ամրագրեցի հեղինակային իրավունքները Նոթերի կապակցությամ իմ անունով: Դե, չեմ կարծում, որ ես ու Հայկը այս հարցով խնդիրներ կունենք

    Հեղինակային ու հարակից իրավունքները Հավերժության դատապարտվածի նոթերի նկատմամբ ամրագրված են ՀՀ օրենսդրության համաձայն և հաստատված են "Հայհեղինակ" Հ/Կ-ի կողմից 19.08.2011 թ-ին տրված թիվ 08/2300 լիցենզիայով:

    Ի դեպ, այս լիցենզիայից զատ էլ չեմ կարծում, որ ակումբցի իմ ընկերները կալարեն առիթի դեպքում բոլոր-բոլորին վկայել, որ Նոթերը ամրագրված են Մհեր Հակոբյանի անունով:

    Մի խոսքով, եղբայր, որպես իրավաբան այս ամենի կապակցությամբ լրիվ հանգիստ եմ ու, ի դեպ ասեմ, եթե նմանատիպ որևէ խնդիրներով էլ կկարողանամ քեզ կամ այլ մարդկանց օգտակար լինել, խնդրեմ, դիմեք, կասեմ, թե ոնց ամրագրեք ձեր իրավունքը ձեր ստեղծագործությունների նկատմամբ
    Վերջին խմբագրող՝ Lion: 03.09.2011, 13:16:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  27. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (03.09.2011), Arpine (03.09.2011), Freeman (31.01.2012), Malxas (03.09.2011)

  28. #270
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարևոր տեղեկություն էր: Կարծում եմ շատերին օգտակար կլիներ իմանալ:

  29. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (03.09.2011)

Էջ 18 53-ից ԱռաջինԱռաջին ... 814151617181920212228 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •