- Հետաքրքի՜ր է՜…,- մտածկոտ ծոր տվեց Մենեսը,- լավ, իսկ քե՞զ հետ ինչ պատահեց, այդ չասացիր:
- Այ դա ուշագրավ պատմություն էր,- կրկին աշխուժացա ես,- մեր արշավանքի հոտն առնելու պես Շարուքենը պատրաստվեց նահանջել: Սակայն նա ամեն դեպքում որոշել էր ինձ իր թակարդը գցել: Դրա համար էլ հավաքելով իրենց բռնած սակավաթիվ գերիներին, նրա որդիները դեսպանների միջոցով տեղեկացրին մեզ, որ բոլորին տեղն ու տեղը կսրատեն, եթե ես չներկայանամ փրկագնով ու հետ չվերցնեմ նրանց: Ես էլ իմ “Դաշույն”-ով ու Կուտիներիս հինգ հարյուրյակներով նրանց նշած ժամանակ ներկայացա նախապես որոշված վայրը` լեռների մեջ կորած մի կիրճ: Սակայն հետախուզությունս արդեն տեղեկացրել էր, որ Շարուքենի Հատուկ գնդի մի քանի հարյուրյակներ դարանել են հենց այն վայրում, որտեղ պետք էր տեղի ունենար փոխանակումը, ու պատրաստվում են բռնել ինձ: Ես էլ հենց այդ վայրում քարերի հոսք նախապատրաստեցի, իմոնց թողեցի թիկունքումս, իսկ ինքս առաջ անցա: Դրանից հետո մնացածը արդեն պետք էր միայն ճիշտ խաղարկել: Դարանակալներին տեսնելուն պես ես սկսեցի վազել դեպի նախապես պատրաստված թակարդը, սրանք` իմ հետևից ու արդեն ինձ բռնելու վրա էին, երբ ես մի քանի նախապես պատրաստված քարեր տեղահանելու միջոցով քարահոսք կազմակերպեցի, որը ինձ ու թշնամիներիս մեծ մասին հենց ռազմիկներիս աչքի առաջ սրբեց դեպի անդունդը: Ճիշտ է, ես էլ մի քիչ ճխլվեցի, բայց դե ոչինչ, ամեն ինչ նորմալ անցավ…: Հենց նույն գիշեր ես երևացի որդուս, տեսա, թե հավատարիմ հպատակներս ինչպես են սգում մահս, որից հետո հեռացա նահանգից: Այսքան մի բան:
- Իհարկե, դու քեզ հավատարիմ ես մնացել…: Նույնիսկ մեռնելուց էլ Շարուքենի ճաշը մի լավ հարամել ես ու կորուստներ ես պատճառել նրա հավատարիմ ռազմիկներին,- ծիծաղեց Մենեսը:
- Ինչ անե՞մ,- կեղծ չքմեղացա ես,- մեղք չունեմ, սովորության հարց է:
- Այստեղ խոսում էին Կորճայքի հարավ-արևելյան մասերն ասպատակելու մասին: Նույնիսկ մի քանի սալիկներ են գրվել [1]: Սակայն հաշվի առնելով, որ դրանցում ոչ մի մանրամասն չկա ու իմանալով գրողների սովորությունը,- քմծիծաղեց Մենեսը,- ես էլ էի ենթադրում, որ առանձնակի մի արդյունք չի եղել:
- Ոչ մի արդյունք, Մենես ջան,- ձեռքս թափ տվեցի ես,- եկան, հետո վախկոտ շնագայլերի պես փախան, մի քանի հոտած դիակ թողնելով մեր լեռներում…
- Այո՜…, ասեմ, որ խեղճ “հիրավի անդեմք”-ն էլ շատ չձգեց դրանից հետո ու Միջագետք վերադառնալուց կարճ ժամանակ անց քոչեց այս աշխարհից,- ծիծաղեց Մենեսը,- երևի հույս ուներ այն աշխարհում գտնել իր դեմքն ու մորուքը…
- Երևի,- ծիծաղեցի ես:
- Է լա՜վ…, իսկ հետո՞:
- Հետո նախապես պատրաստված թաքստոցիցս վերցրեցի պահ տված միջոցներս ու ելա ճամփորդության: Ուր ասես, որ չեղա այս տարիներին: Սկզբնական տարիներին թափառեցի արևելքում: Շրջիկ վաճառականի տեսքով եղա հեռո՜ւ-հեռավոր երկրներում: Երևի նույնիսկ դու այդ տեղերում եղած չես լինի: Բավականին հետաքրքիր բաներ տեսա ու իմացա: Հասա մինչև Երկնահաս լեռներ…: Ճիշտն ասած ավելի հեռու ուղղակի վախեցա գնալ, թեև այնտեղի ժողովուրդը խոսում էր իրենցից էլ էլ ավելի արևելք, հեռո՜ւ հեռավոր արևելքում, հսկայական բարձրություն ունեցող լեռներից հետո սկսվող մի բարեբեր, Եփրատի ու Տիգրիսի պես գետերով ոռոգվող հովտում գոյություն ունեցող Ու-Դի, թարգմանաբար` Հինգ արքաների երկրի [2] մասին, բայց դե ես որոշեցի այն տեսնելը հետաձգել մի ուրիշ անգամի: Դրանից հետո որոշ ժամանակ եղա Արևելյան Մեծ գետից հյուսիս ընկած քոչվորների մեջ, որից հետո ճանապարհորդելով Արևելյան Մեծ ծովի հյուսիսային ափերով, Կովկասի լեռների հյուսիսային փեշերով ու Հյուսիսային Մեծ ծովի հյուսիսային ափերով, պտույտ տվեցի նրա շուրջը և արևմուտքից մտա Խաթթի: Վերջին տարիներն անցկացրել եմ այնտեղ: Խաթթիում ինչպես միշտ շատ հանգիստ է ու ծաղկում է առևտուրը: Կան նաև մեծաթիվ հայեր, որոնք ակտիվ առևտրական գործունեությամբ են զբաղված ու արդեն բավականին կտրվել են իրենց արմատներից: Սա մտահոգիչ էր…: Մտահոգիչ էր գոնե ինձ համար: Իսկ մնացած ամեն ինչ նորմալ էր: Այնտեղի բնակիչները կարծես ոչնչի մասին չեն էլ ուզում մտածել: Դեհ ի՞նչ մտածեն: Հարավից Արարտան է նրանց պաշտպանում Աքքադից, ձեր Եգիպտոսը նույնիսկ չի էլ մտածում այդ կողմերը երևալու մասին, իսկ ուրիշ թշնամի պետություն ուղղակի չկա: Մանր-մունր ցեղեր են, որոնք լուրջ սպառնալիք չեն ներկայացնում…: Այնտեղ հիմա, հաջորդելով Նուր-Դագանին, թագավորում է Պամբան [3], որը հիմնվում է հիմնականում օտարերկրացիներից հավաքված վարձկանների բանակի վրա ու չնայած բավականին անպետք մարդ է, ես ինքս եմ ականատես եղել նրա դաժանություններին ու անիմաստ հրամաններին, սակայն առայժմ ոչ մի լուրջ սպառնալիք ի վիճակի չէ ներկայացնելու, իսկ վարձկանների նրա առաջնորդը` լուլլուբեցի Անուբանիին [4], մի փառահեղ ու ազնվագույն մարդ է, որը մի տեսակ հավասարակշռում է իր անպետք տիրոջը: Պուրուշխանդայում ապրեցի մի քանի տարի, սակայն հետո ականջիս լուր հասավ, որ Աքքադի նոր արքա է դարձել Մանիշտուսուի բավականին երիտասարդ որդի Նարամ-Սուենը [5]: Սա մի քանի կտրուկ ու մեր մեջ ասած խելոք քայլերով այնպես վարպետորեն ու արագ ճնշեց իր դեմ ծագած հերթական ապստամբությունը, որ դա ինձ մոտ կասկած ծնեց, որ սա, ի տարբերություն իր երկու անխելք ու անճարակ նախորդների, կարող է հասնել իր պապ Շարուքենի մակարդակին: Դրա համար էլ որոշեցի, որ ժամանակն է վերադառնալու Կորճայք, մանավանդ, որ ես ինքս էլ արդեն վաղուց ձգտում էի վերադառնալ: Սակայն մինչ այդ որոշեցի այցելել քեզ: Եվ ահա հիմա ես այստեղ եմ ու սպասում եմ, որ դու էլ քո հերթին ինձ հետաքրքիր բաներ պատմես:
________________________
[1] Խոսքը իրականում գոյություն ունեցած իրադարձություններն արտացոլող սալիկների մասին է:
[2] Խոսքը հնագույն Չինաստանի մասին է:
[3] Պամբա (մ.թ.ա. մոտ 2280-2210): Խաթթիի արքան:
[4] Անուբանի (մ.թ.ա. մոտ 2240-2200): Արևմտյան Մարաստանում գտնվող Լուլլուբիի արքա:
[5] Նարամ-Սուեն (մ.թ.ա. 2237-2200): Աքքադի չորրորդ արքան` Մանիշտուսուի որդին և Սարգոն Աքքադացու թոռը:


Մեջբերել
Նրանք Շարուքենին սուրհանդակ էին ուղարկել ինչի՞ համար: Որ նրա հետ դաշի՞նք կնքեին: Ես օրինակ սպասում էի, որ կարող էր այսպես լինել (եթե իհարկե դաշինք կնքած լինեին Շարուքենի հետ). քաղաքին հասնելու պահին նրանք միանգամից, անսպասելի հարձակվում են հայերի վրա: Այդ ժամանակ Շարուքենի զորքի հետ կարող է ինչ-որ բանի հասնեին: Ես մի բան իրոք չհասկացա, որ խնդրեմ, դու կբացատրե՞ս: Եթե նրանք Շարուքենի հետ դաշինք կնքեցին այդ օրը, ապա ինչու էին նրա դեմ կռվում, այլ ոչ թե միացել Շարուքենին ու կռվում հայերի դեմ: Չգիտեմ, չեմ կարողանում հասկանալ, ու չեմ էլ կարծում, որ կարող էին հիմար լինել...

Էջանիշներ