Արդեն աղջամուղջ էր: Վերջին ռազմիկների հետ հեռանալիս ես նկատեցի, որ թշնամու ռազմիկները թրերը մերկացրած ու վահանների հետևում թաքնված դեռևս անհագստացած հայացքով դիտում են արդեն բներից վերև այրվող ծառերի սաղարթները: Երբ մեր նահանջի ճամփան արդեն ապահովված էր, ես ռազմիկներիս հետ միասին հետ մնացի, կրկին աղեղների հարվածի տակ առա թշնամուն և սկսեցի հիանալ Կորճայքի ընտիր աղեղներով ու նետերով: Ահա մի նետ թռցրեց աժդահա հարյուրապետի սաղավարտը, իսկ հենց նույն պահին էլ մյուսը խրվեց նրա գլխի մեջ: Ընդ որում սա միակ օրինակը չէր: Մի քանի նետ էլ շամփրեցին վահանափակից անզգույշ կերպով դուրս ցցված ոտքեր ու ձեռքեր: Թշնամու վահանափակից մի վայրենի ոռնոց բարձրացավ: Անմիջապես էլ այն փորձեց մեզ վրա գալ, բայց գրեթե միանգամից էլ խախտվեց, քանի որ անտառում անհնար էր շարքը պահպանել: Արդեն ուշադրություն չդարձնելով դրա վրա, թշնամու ռազմիկները, թաքնվելով իրենց ուղղանկյուն վահանների հետևում, սկսեցին ջահերի պես վառվող ծառերի արանքով կատաղած կերպով դեպի մեզ գալ: Ես հետս գտնվող ռազմիկների հետ սկսեցի փախչողներին հրապուրել իմ հետևից: Ի վերջո արդեն լուսնյակի լույսի տակ թշնամին հայտնվեց իմ նախատեսած կիրճում: “Դաշույն”-իս տղաները կրկին արագորեն բարձրացան ծառերը կամ էլ տեղավորվեցին թաքստոցներում: Հենց նույն պահին էլ այրվող նետերի մի հսկայական խուրձ ծածկեց կիրճ մտած թշնամու ռազմիկներին: Դրան անմիջապես հետևեցին նետերի նոր խրձեր: Դա “Աստղիկ”-ն էր հրավառում…
Ներքևում բացվել էր մի կախարդական տեսարան: Թշնամու ռազմիկներից շատերը գետնին ընկած ու կրակով պատված այրվում էին: Շատերը դադարել էին շարժվելուց, իսկ մի քանիսն էլ նետելով վահաններն ու զենքերը, ամբողջովին կրակով պատված ու վայրենաբար ոռնալով, վազում էին կիրճում: Թշնամու նախկինում էլ կորուստներ կրած հազարյակը, արդեն քշվելով հետևից եկող թարմ ուժերի կողմից, փորձեց այնուհանդերձ առաջ գալ: Նույն պահին էլ լեռների լանջերին տեղավորված “Ալեհեր”-իս ռազմիկները մի վայրենի աղաղակ բարձրացրեցին ու սկսցին թրերով հարվածել վահաններին, իսկ նրանցից մի քանիսն էլ նախապես յուղով պատված գերանները այրեցին ու գլորեցին թշնամու վահանափակի վրա:
Կիրճում գտնվող թշնամին շփոթվեց: Այդ պահին “Դաշույն”-ս մի պահ դադարեցրեց նետահարելը և նրա ռազմիկները սկսեցին Անապատի որդիների լեզվով գոռալ.
- Փրկե՜ք…, կուտ ուտողնե՜րը…, ա՜ա՜ա՜…, կրակի ժողովո՜ւրդը…
Կրակից, իրենց անակնկալ կորուստներից ու ժխորից առանց այդ էլ շփոթված ու ամեն մի գերբնականի հեշտությամբ հավատացող թշնամու ռազմիկների համար սա արդեն ուժերից վեր էր: Նարամ-Սուենի Հատուկ գնդի ռազմիկները խուճապի մատվեցին: Դժվարությամբ վերականգնված նրանց վահանափակը կրկին խախտվեց ու թշնամու ռազմիկները սկսեցին փախչել: Հենց այդ պահին էլ ես բոլոր ուժերով հարվածեցի նրանց:
Ընդ որում իմ հրամանով հարձակման գնացող մարտիկներս թրերը թողել էին պատյաններում, հրաժարվել էին նաև վահաններից և լանջերից, չդադարեցնելով հզոր աղմուկը, թշնամու վրա էին իջնում վառվող մարխերը ձեռքներին: Ինքս էլ երկու վառվող մարխ ձեռքիս նրանց հետ իջա թշնամու վրա: Ձախ ձեռքիս մարխով ես կրակեցի առանց սաղավարտ ու երակարամզ մի ռազմիկի գլուխը, իսկ աջիս մարխն էլ խոթեցի մյուսի զրահների մեջ, որոնց տակի մորթին միանգամից կպավ: Ես մերկացրի թուրս ու սկսեցի եռանդով կերպով կոտորել շփոթված ու արդեն մի կարգին չդիմադրող էլ թշնամուն…
Սրանք արդեն լիովին կորցրել էին իրենց: Շատերը նետել էին զենքերն ու վահանները և փորձում էին մի կերպ ճողոպրել: Սակայն հենց դրանք էլ առավել հեշտ էին կրակի բաժին դառնում` քանի որ ռազմիկներս առաջին հարվածը հասցնում էին մարխերով, որի հետևանքով զրահների տակից կամ վրայից մորթեղեն հագած շատ Անապատի որդիներ վերածվեցին կրակե ջահերի: Արդեն բաց դաշտում ցրված ու փախչող թշնամուն մերոնք հետապնդեցին գրեթե ողջ գիշեր:
Ես ինքս առանձնապես չտարվեցի հետապնդման գործով, այլ, բանակս չկորցնելու համար, վերադարձա մի հսկայական խարույկի վերածված կիրճի մոտ: Սակայն միայն խորը գիշերով ես հրամայեցի զլել զուռնան: Բայց այս անգամ դա կարծես թե ավելորդ էր, քանի որ վերադարձող ռազմիկներս անսխալ կերպով գտան ճանապարհը. կիրճն այրվում էր մեծ ուժով ու դա երևում էր շատ հեռվից…
Էջանիշներ