*
Եվ սկսեցին հոսել արտաքնապես հանգիստ, գավառային կյանքով լի օրերը: Ես միանգամից հասկացա, որ այս ծավալի գործ միայնակ ի զորու չեմ լինի անելու, դրա համար էլ որոշեցի հավաքել խելքը գլխին օգնականներ: Բարեբախտաբար խելքը գլխին, և որ պակաս կարևոր չէ, հավատարիմ և ճշգրիտ չափած ապրելուն սովոր օգնականներ ես գտա Հատուկ գնդում:
Հենց հաջորդ առավոտյան ես ինձ մոտ կանչեցի Հրաչին և բացատրեցի, թե ինձ ինչ տեսակ մարդիկ են պետք: Մի քանի օրից Հրաչը ներկայացավ Ալկիքար մի մեծ խմբով, որի ուղիղ կեսը կանայք էին: Ես բոլորին հրավիրեցի ամրոցի մեծ սենյակը: Սկսեցի նրանից, որ մանրամասն հարցուփորձ արեցի կանանց: Պարզվեց, որ նրանց մեծ մասը գյուղական ամուրի կանայք են, որոնց գրեթե ոչ մի բան չի կապում տեղում:
Ես նրանց առաջարկեցի ըստ իրենց ցանկության աշխատանքային զույգեր կազմել: Ստացվեց երեսուն զույգ: Դրանից հետո նրանք ընտրեցին իրենց ղեկավար` հիսունին մոտ մի չամուսնացած, առողջ-գյուղական կին` Նվարդ անունով: Ես բացատրեցի, որ Նվարդը պետք է մնար այստեղ` Կորճայքում, հանդիսանար իմ օգնականը և պարբերաբար հսկողության տակ պահեր ողջ երկրում ցրված մանկատները:
Դրանից հետո ես ներկայացրեցի նրանց վիճակը, բացատրեցի, որ ամեն մի զույգ պետք է մեկնի Արարտայի լայնատարած նահանգներից որևէ մեկը, ինձնից ստացած միջոցներով տուն ձեռք բերի և աշխատողներ վարձի և բոլոր մարդաշատ վայրերում, հատկապես շուկաներում, տեղեկացնի իրենց գործունեության մասին.
- Ընդ որում,- ավելացրի ես,- ձեզ հասանելիք աշխատավարձից, երեխաների պահման ծախսերի համար ամեն ամիս ձեզ տրվող միջոցներից բացի, ուշադիր լսեք սա, ամեն մի երեխայի համար, որ դուք կուղարկեք, դուք կստանաք սահմանված չափի պարգևատրում: Ինձ թվում է, որ դրանից հետո դուք կձգտեք լավ աշխատել: Ես, կամ իմ օգնականը պարբերաբար կշրջենք և կստուգենք ձեր աշխատանքը: Տեսեք,- ես խստորեն նայեցի նրանց,- դուք ստանում եք մի աշխատանք, որի մասին ձեր համագյուղացիները միայն կերազեին: Հրաչը բոլորիդ երաշխավորել է, սակայն վայն եկավ նրան տարավ, ում աշխատանքը դուրս չի գա: Ես լայն լիազորություններ ունեմ սպարապետից և նման մարդը խստագույնս կպատժվի: Դրան հակառակ ես գնահատել գիտեմ ազնվությունը և գործին նվիրվելը: Ոչ մի անօրինական բան, աստված չանի, որ երեխաներից որևէ մեկը, այն ընթացքում, երբ կլինի ձեր մոտ, որևէ մի նեղություն կրի: Ամեն մի երեխայի հանձնման փաստը կվկայվի նաև տեղի իշխանի, տոհմապետի կամ տանուտիրոջ կողմից, որոնք հատուկ կտեղեկացվեն ձեր գործունեության մասին: Ասեմ ձեզ, որ իմ կողմից անմիջապես մահվան կդատարապրտվի այն անձը, որը, աստված փրկի նրան ինձնից այդ դեպքում, կփորձի երեխաների առուվաճառք իրականացնել, կհափշտակի երեխային կամ նրանց կօգտագործի որևէ մի զազրելի նպատակով: Խստորեն կպատժվի անազնվությունը, անմաքրությունը, երեխաների սպասարկման համար ցանկացած թերացումը` լինի դա սննդի հարցով, ստնտուի թե բժշկի: Դուք երեխաների կհավաքեք, կխնամեք, կկրթեք, իսկ երբ նրանք բավականին կմեծանան, կդառնան չորսից վեց տարեկան տարեկան, ես հատուկ մարդիկ կուղարկեմ, որոնք երեխաներին կհասցնեն Կորճայք…: Տեսեք, ես ձեզ ընտրել եմ որպես մի նորմալ մարդկային զույգի: Դուք պետք է իրար հետ ապրեք, դրա համար էլ այս գլխից ասում եմ, որ եթե համաձայն չեք` ասեք,- ես նայեցի հավաքվածներին, որոնցից պատասխան չեղավ,- դուք կարող եք ամուսնանալ, ձեր երեխաներն ունենալ, կարող եք նաև ազատ սիրել իրար, սակայն կրկնում եմ, աստված փրկի իմ ձեռքից նրան, կին կլինի թե այրմարդ, ով որևէ հակաբնական կամ հակաբարոյական բարք կդրսևորի երեխաների նկատմամբ: Դուք ինձ հասկացաք, եղեք նորմալ հայ մարդիկ և այդ դեպքում դուք հազար շնորհի կարժանանաք իմ կողմից, ես դա խոստանում եմ, իսկ հակառակ դեպքում…,- ես բազմանշանակ լռեցի, մոտիկ կանչեց Հրաչին և ասացի,- ասուհետ Հրաչը լուրերի հարցով իմ օգնականն է և նա կամ նրա գործակալները մշտապես, սակայն ձեզ համար աննկատ կշրջեն երկրով մեկ, կլսեն և կտեղեկանան, թե մարդիկ ինչ են խոսում ձեր հաստատության մասին: Այդ տեղեկությունը կստուգվի արդեն իմ կողմից: Նորից եմ կրկնում` եղեք արժանի հայեր և կապրեք ու կծերանք որպես արժանի հայեր,- ժպտացի ես,- իսկ հիմա ձեզ տաս օր ժամանակ, մեկնեք ձեր գյուղերը, լավ մտածեք այս ամենի մասին, քննարկեք այս ամենը ձեր հարազատների հետ: Ուղիղ տաս օրից առավոտյան ես կրկին սպասում եմ ձեզ Ալկիքարում: Դուք հենց այստեղից արդեն համապատասխան միջոցներով կմեկնեք ձեր համար նախանշած վայրերը և կսկսեք ձեր գործունեությունը…
Ես ճանապարհեցի Հրաչի բերած մարդկանց, որից հետո նրան կրկին կանչեցի մոտս.
- Հրաչ, ես քեզ բավականին ճանաչել եմ, դրա համար էլ վստահում եմ: Դու այսուհետ կլինես իմ առաջին օգնականը: Հաշվիր, որ այսօրվանից դու ստանում ես երկու անգամ ավել, քան քեզ վճարում էր իշխան Պերճը: Հետագայում ըստ հանգամանքների,- ժպտացի ես,- քո աշխատավարձը ավելի կբարձրանա:
Հրաչը լուռ առաջ եկավ և ծունկի գալով համբուրեց ձեռքս:
- Իսկ այժմ, Հրաչ ջան, կրկին գործի անցնենք: Ես պատրաստվում եմ ավելի հզորացնել Հատուկ գնդի քո հետախուզական կառույցի գործունեությունը: Այսուհետ դու ողջ Կորճայքի հետախուզության պետն ես, իսկ Հատուկ գնդում կնշանակես խելքը գլխին մեկին: Հուսով եմ աչքի տակ ունե՞ս հարմար մադկանց: Հրաչ ջան,- նայեցի նրան,- ես այս հարցը քեզ վաղուց պիտի տայի, բայց դե կներես, գլուխս խառն էր: Ընտանիքդ մե՞ծ է:
- Տեր իմ, ես որբ եմ և միայնակ եմ աշխարհի երեսին: Հազարապետ Վարագն էր, որ ինձ վերցրեց Հատուկ գունդ,- հուզված շշնջաց Հրաչը, իսկ հետո ավելացրեց,- տեր իմ, հենց դրա համար, էլի, երեխաների հետ կապված այս գործը հատկապես սրտիս մոտիկ եկավ: Կարծես իմ մանկությունը լինի…
- Սրանից հետո, Հրաչ ջան, հաշվիր, որ միայնակ չես,- թփթփացրի Հրաչի ուսին,- դու վաղը քո բոլոր հետախույզներին և օգնականներին հավաքիր ամրոցում, իսկ դրանից առաջ ինձ մանրամասն տեղեկացրու, թե ով ինչ կարող է անել…
Էջանիշներ