Երբեք չեմ սիրել աշունը…
Նոյեմբերի վերջն էլ… ծնունդիս օրն էլ չէի սիրում, միշտ ցուրտ էր լինում էդ ժամանակ, իսկ ես արև եմ սիրում…
Հետաքրքիր է, որ նրանք, ում հետ աշնան վերջին էի ծանոթանում, էնպես էին անում, որ իրենցից հեռու փախչելու ցանկություն էր առաջանում… միայն մեկից չփախա… պարզապես ցանկացա փորձել, թե ինչ կլինի, եթե մեկին բացառություն լինելու հնարավորություն տամ… էն էլ մի տարի դիմացավ, հաջորդ աշնանը իրենից էլ փախա…
Երեկ մի երգ լսեցի, ու նոյեմբերն ինձ էնքան քնքուշ թվաց…
Նոյեմբեր սիրեցի… ու առաջին անգամ զգացի նոյեմբերի ջերմությունը…
Նոյեմբերին ծնված աղջկա մասին էր երգում…
«Քեզ հանդիպելու օրվանից ես հասկացա, թե ինչու էի ես առաջ նոյեմբերին միշտ արևի, լույսի, լուսնի ու աստղերի պակաս զգացել… դու էն լուսինն ես, որ նոյեմբերյան մի գիշեր միայնակ սիրտս Աստծուց խնդրեց…»
Երգում էր էդ տղան, իսկ աշխարհի տարբեր ծայրերում այդ երգը լսող նոյեմբերին ծնված շատ աղջիկներ երևի նույնն էին զգում, ինչ որ ես…
Երևի ինչ-որ մեկը սիրեց նոյեմբերը, ուրիշը` նոյեմբերին ծնված աղջկա, երրոդը նոյեմբեր ուզեց, մյուսը սիրեց նրանց, ում նոյեմբերին էր ճանաչել… կամ էլ մենակ ես զգացի ինչ-որ անբացատրելի բան…
Ուզում եմ այսօր նոյեմբեր լինի…
![]()
Էջանիշներ