*
Ես Մենեսին ճանապարհեցի, իսկ մի քանի օրից Ալկիքար եկավ սպարապետ Արամը: Ես ու Վահագնը պատշաճ կերպով դիմավորեցինք սպարապետին, որից հետո հավաքվեցինք որոշելու մեր անելիքը.
- Իշխան Հայկ,- առաջինը խոսեց սպարապետը,- ուր որ է Հայոց Միջագետքում, Կոմագենեում ու հարակից տարածքներում կպայթի մի հզոր ապստամբություն: Շուտով հարկահանները կգան, մերոնք դրանց մի լավ ջարդ կտան ու ամեն ինչ կսկսվի: Սակայն այս անգամ Արարտան պաշտոնապես չի մասնակցելու: Դե գիտես էլի, մեր Մեծ քուրմը աստղերի ինչ-որ շարժումներից որոշման է հանգել…: Մի խոսքով: Սակայն ես ճիշտ չեմ գտնում, որ մենք անօգնական թողնենք մեր հայրենակիցներին` Հայկ Նահապետի երկրի մի լայն հատվածում ապրող արիներին, թեև նրանք այժմ օտարի տիրապետության տակ են: Դրա համար էլ որոշվել է այսպես ասած մասնավոր կարգով մասնակցել այս պատերազմին: Ես քո տրամադրության տակ կդնեմ մեկ բյուր ռազմիկ, որոնք որպես կամավորներ, առանց որևէ դրոշի կամ տարբերանշանի, քո հրամանատարության տակ քոնոնց հետ կմասնակցեն այս տուրուդմփոցին: Ինձ թվում է քո և ապստամբների ուժերը պիտի բավարար լինեն Շարուքենի ծերունի մորուքը մի լավ փիտտելու համար: Ի՞նչ կարծիքի ես:
- Տեր սպարապետ,- ոտքի կանգնեցի ես ու կարծես մեջս զգացի վաղուց մարած համարած ուժերս և վրաս եկավ մի թարմություն ու եռանդ,- ես, իմ որդի և հաջորդ, Կորճայքի բանակի հրամանատար Վահանգնը ու ողջ Կորճայքի բանակը պատրաստ ենք կատարելու քո հրամանը:
- Լա՜վ է,- ծիծաղեց սպարապետը,- տեսնում եմ, որ հայրս իզուր չէր, որ միշտ շատ բարձր էր արտահայտվում քո մասին, իշխան: Ուրախ եմ նաև, որ չնայած տարիքիդ` ուժդ ու կորովդ չես կորցրել:
- Ի՞նչ ես ասում, տեր սպարապետ, այսպիսի գործի համար ես մեռած տեղից էլ կելնեի կգայի: Չես պատկերացնի, թե ինչքան եմ ես այս պահին սպասել: Ես ու հայրդ ժամանակին Շարուքենին մի թեթև պարտք ենք մնացել: Սպարապետ Վահեն այն աշխարհից ինձ չի ների, եթե ես այդ ամենն առանց հատուցման թողնեմ…
- Բայց սա դեռ բոլորը չէ,- գոհ ժպտաց սպարապետը,- գիտե՞ք մի քանի օր առաջ ում դեսպանությունն էր Հայկաշենում: Չեք կռահի:
- Թույլ տուր, տեր սպարապետ,- խոսք վերցրի ես,- վերջերս կարծես Էլամցիք են անցել Կորճայքով ու ուղղություն վերցրել դեպի Հայկաշեն, այնպես որ կարելի է ենթադրել, որ դուք դեսպանություն եք ընդունել Էլամից:
- Ապրես, իշխան, լավ ես աշխատում: Մեր գլխավոր Հետախույզն էլ արդեն հայտնել էր, որ այժմ Էլամը բաժանված է երկու թագավորությունների, դրա համար էլ մենք չզարմացանք, երբ մի քանի օր առաջ Էլամից Հայկաշեն ժամանեց միանգամից երկու դեսպանություն: Մեկը եկել էր Էլամի հիմնական մասի արքա Խիշեպրատեպից [1] ու նրա գահակից որդի Խելուից [2], մյուսը` Էլամի մյուս մասի արքա, Վարասխայում [3] նստող Աբալգամեշից [4]: Դեսպանությունները հայտնում են, որ Էլամի երկու թագավորությունները դաշինք են կնքել իրար հետ ընդդեմ Շարուքենի և այժմ մեզ էլ են առաջարկում միանալ իրենց դաշինքին:
- Ինչպես ժամանակին մենք իրենց առաջարկեցինք,- մռայլ հիշողություններից կնճռոտվեցի ես,- այն ժամանակ մեր Մեծ քուրմը հավատարիմ չմնաց դաշնակցին և էլամցիք ահագին տուժվեցին…
- Դե հիմա իրենք են առաջարկում: Պատկերացնո՞ւմ ես, Հայկ, եթե գլխավոր Հետախույզը չզեկուցեր դրանց դեսպանության գալու մասին, այն ստիպված կլիներ ամիսներով մնալ Հայկաշենում, քանի որ Մեծ քուրմը ժամանակ չէր գտել նրանց ընդունելու համար: Լավ էր, որ ես իմացա: Ինձ համար դժվար չեղավ ստանալ Մեծ քրմի համաձայնությունը և ընդունել դեսպաններին: Այժմ մենք պայմավորվածություն ունենք Էլամի հետ, որ հենց Հայոց Միջագետքում աղմուկ սկսվի, մենք հնարավորինս շատ ուժեր քաշենք մեզ վրա ու տեղեկացնենք իրենց: Այդ դեպքում իրենք պարտավորվում են հարվածել իրենց կողմից:
- Վատ չի, տեր սպարապետ, սակայն ինձ ինչ-որ դուր չի գալիս դրանց պատրաստակամությունը: Չնայած մյուս կողմից էլ Շարուքենը ըստ իմ տվյալների կրկին սկսել է նաև նրանց սպառնալ, այնպես որ գուցե և ամեն ինչ ավելի պարզ է…
- Ամեն դեպքում, իշխան Հայկ, դաշինքը նորից է կնքված ու այս անգամ ամեն ինչ պետք է արվի պատշաճ կերպով,- սպարապետը ոտքի կանգնեց և ինձ տվեց Էլամի երկու արքաների մատանիները,- նրանք պարտավորվել են այս մատանիները ստանալուն պես ելնել արշավի:
Մենք ոտքի կանգնեցինք.
- Դե ձեզ տեսնեմ, տղերք, գործեք: Վահագնի մասին իհարկե չեմ էլ ասում, քանի որ վերջին տարիների նավասարդյան մրցումներին ես եմ սեփական ձեռքով անընդհատ պարգևատրում նրան: Հը՞, Վահագն, կկարողանանք գետնել սրանց:
- Ես միայն դրան եմ էլի սպասում, տեր սպարապետ,- լուրջ տեսքով ձեռքը տարավ մեջքից կախված թրին որդիս,- վաղուց է, որ արդեն ձանձրացել եմ մանր-մունր ավազակներ կախ տալուց, ժամանակն է, որ մի ծերունի երկարամորուքի քարշ տամ կախաղանի մոտ…
Սպարապետին ճամփեցինք, իսկ երեք օրից Ալկիքար ներկայացավ բյուրավոր Հայկազունի Արբակը, որին հետևեց նաև նրա բյուրը:
________________
[1] Խիշեպրատեպ (մ.թ.ա. մոտ 2295-2260): Էլամի մի մասի արքան:
[2] Խելու (մ.թ.ա. մոտ 2280-2250): Խիշեպրատեպի որդին և գահակիցը, իսկ հոր մահից հետո Էլամի մի մասի միանձնյա արքան:
[3] Քաղաք և համանուն մարզ Էլամի հյուսիս-արևմուտքում: Մեր նկարագրված ժամանակ երկրի մի մասի մայրաքաղաքը:
[4] Աբալգամեշ (մ.թ.ա. մոտ 2280-2260): Էլամի մի մասի արքա:
Էջանիշներ