*
Հենց նույն գիշեր հոգնածությունից հազիվ ոտքի վրա կանգնող ռազմիկներիս ես այնուհանդերձ ոտքի հանեցի և շարժվեցի դեպի արևելք: Ի պատիվ մերոնց կարող եմ ասել, որ բոլորն էլ տեղյակ էին, թե ինչի համար ենք գնում, դրա համար էլ շարժվում էին անտրտունջ և հնարավորինս արագ: Միայն լուսադեմին էր, որ ես երկու ժամանոց հանգիստ տվեցի բանակիս, քանի որ ռազմիկներս արդեն քայլելիս քնում էին…: Բացի այդ պետք էր նաև կոնկրետ տեղեկանալ, թե Սևակը որտեղ է: Ես Հրաչին կանչեցի մոտս.
- Հրաչ, որտե՞ղ փնտրենք Սևակին, եթե ճակատամարտ եղած լիներ, մենք պետք է որ դրա հետքերը տեսած լինեինք:
- Տեր իշխան, ես մեր շարժվելուց անմիջապես առաջ արագավազ էշերով սուրհանդակներ ուղարկեցի Սևակին գտնելու, սակայն նրանք դեռ չեն վերադարձել,- գլուխն օրորեց Հրաչը…
…Արթնացա արևածագից անմիջապես հետո, այն բանից, որ մեկը մոտենում է ինձ: Հրաչն էր.
- Տեր իշխան, հենց նոր Սևակից սուրհանդակ եկավ: Սևակին հաջողվել է նմանակել մեր բանակին և թշնամուն ցույց տալով, թե իբր նա հետևում է մեզ, այլ ուղղությամբ տանել նրան, սակայն…
- Ի՞նչ է եղել,- անհանգստացած ոտքի թռա ես,- ի՞նչ է եղել…
- Սուրհանդակը հենց նոր եկավ և այդ ամենը հայտնելուց հետո մահացավ: Վրան չորս նետ կար ու թրի մի քանի հարված…: Տեր իշխան, թշնամին շրջապատել է Սևակի ջոկատը…
Պարզվեց, որ Սևակի ջոկատը գտնվում է մեզ բավականին մոտ: Ես միանգամից ոտքի հանեցի բանակս ու շարժվեցի սուրհանդակի հայտնած ուղղությամբ: Մի նեղ վայրում ես տեսա աջ ու ձախ սփռված Անապատի որդիների հարյուրավոր դիակներ, որոնց արանքում ընկած էին “Դաշույն”-ի ռազմիկների դիակները: Տղերքը փառավոր մարտ էին տվել` դարանը գցելով թշնամուն և իրենց ամեն մի ընկածի հետ տանելով Անապատի մի քանի զավակի…
Մենք շարունակեցինք արագ երթը և արդեն դրա ընթացքում սկսեցին իրար հետևից վերադառնալ Հրաչի սուրհանդակները ու հայտնել, որ սկսվել է մարտ և տասնապատիկ գերակշռող թշնամին սեղմել է Սևակի ջոկատին:
Մեկ ժամից մենք մոտեցանք մի բարձրունքի, որից այն կողմ լսվում էր ընթացող մարտի աղմուկը, զենքերի շաչյունը և մարդկանց գոչյունները…
- Շարվե՜լ,- հրամայեցի ես:
Մարտական վիճակի բերված բանակս արագորեն բարձրացավ բլրի վրա, որի ներքևում Անապատի զավակների հեղեղով շրջապատված մարտնչում էր Սևակի ջոկատ մնացորդը:
Կորճայքի բանակը մարտաշարք ընդունեց և թիկունքից հարվածեց թշնամուն: Շրջապատված ռազմիկներս նկատեցին դա և վերջին ուժերը հավաքելով և ասես ոգի առնելով, սկսեցին հարվածել արդեն սեղմող թշնամուն: Թշնամու հետևի շարքերը նկատեցին մեզ, սակայն մինչև շուռ կգային կամ մարտակարգ կընդունեին, իմ բանակը թափով հարվածեց և մի լավ կոտորած արեց: Անապատի զավակների բյուրը հիմնականում կոտորվեց և նրա միայն չնչին մասը կարողացավ ճողոպրել: Սակայն Շարուքենի Հատուկ գնդի մարզված երկհազարյակը, շարունակելով մի կողմից մարտնչել մեր, իսկ մյուս կողմից էլ` Սևակի ջոկատի դեմ, բավականին դիմացավ և նույնիսկ մի պահ հետ մղեց մեր հարվածը:
Ես մոտս կանչեցի նիզակակիրներիս հարյուրապետերին ու արջորսների տոհմապետերին և, հզոր հարվածի համար շարելով նրանց զորքն ու ողջ բանակս և ինքս էլ կանգնելով բոլորի առջևում, կրկին հզոր հարձակման գնացի` հույս ունենալով այս կերպ ճեղքել վահանների հետևում աչքերը պսպղացնող Շարուքենի Հատուկ գնդի ռազմիկների շարքերը: Բռնկվեց մի համառ մարտ: Թրի հարվածներով սկսեցի ճեղքել հակառակորդներիս վահանները, իսկ մի քանիսի գլուխն էլ սաղավարտների հետ միասին մի կողմ թռավ: Ես անընդհատ աչքս պահում էի Սևակի ջոկատի վրա, որտեղ կարծես բոլորն արդեն ընկել էին և մարտը դադարում էր: Միայն մեկ վայրում` սաղարթախիտ կաղնու տակ էր, որ մարտը շարունակվում էր: Այստեղ իր կողմից դիզված դիակների հսկայական կույտի վրա աշտարակի պես կանգնած էր հովազի մորթին վրան գցած աժդահա Սևակը և մի ձեռքում թուրը, իսկ մյուսում` դաշույնը, հետ էր մղում կարկտի պես թափվող հարվածները:
Եվս մի քանի հարված ու թշնամու Հատուկ գնդի շարքերը երերացին և իմ Հատուկ գունդն ու աշխարհազորը ուղղակի ջնջեցին թշնամու վերջին ռազմիկներին: Այդ պահին ես նետվեցի դեպի Սևակը, որը մարտնչում էր վերջին չորս ռազմիկի հետ: Աչքիս ընկավ, որ Սևակի կրծքին և մեջքին արդեն խրված է նետերի մի անբողջ խուրձ: Մինչ ես տեղ կհասնեի, Սևակը թուլացող ձեռքով տապալեց հակառակորդներից ևս մեկին, սակայն մյուսը հասցրեց թրով կտրող հարվածով հարվածել նրան: Սևակն էլ իր հերթին դաշույնի կտրուկ հարվածով խոցեց վերջինիս և սա հետ ընկավ: Սևակն էլ ընկավ, ավելի շուտ` դանդաղ նստեց գետնին, մեջքը հենած հազարամյա կաղնուն: Ես Սևակին հարվածողի վրա նետեցի դաշույնս և վերջնականապես սպանեցի նրան: Կարծես ինձ չնկատելով` թշնամու ռազմիկներից մեկը լարեց աղեղը և պատրաստվեց մոտ տարածությունից նետահարել ուղիղ իրեն նայող և մեջքը կաղնուն հենած Սևակին: Սակայն ես արդեն մոտիկ էի: Թրի հարվածով գլխատեցի թշնամիներիցս ևս մեկին ու մի թռիչքով վերջին պահին հասցրեցի տապալել նետահարել փորձող ռազմիկին: Արդեն գետնին հակառակորդս դադարեց թփրտալ` քանի որ ես ջարդեցի նրա վիզը…
Թողնելով սպանված հակառակորդիս` ես արագորեն մոտեցա և չոքեցի մեջքը ծառին դեմ տված ու կարծես հոգնատանջ աշխատանքից հետո ծանր շնչող և հանգստի նստած, նետերի խուրձը վրան, սակայն այդ վիճակում էլ թուրը ձեռքից բաց չթողած Հազարապետիս: Սևակը բարձրացրեց հայացքը, նայեց ինձ և մի աննկարագրելիորեն լուսավոր ժպիտ երևաց դեմքին.
- Հա՜յկ, դու մեզ չլքեցի՜ր…, դու հասա՜ր…
Ես արցունքներն աչքերիս գրկեցի Հազարապետիս գլուխը:
- Մենք հաղթեցինք, Սևակ, լսո՞ւմ ես, արիները հաղթեցին: Թշնամին հետ է շպրտված…
- Մենք հաղթեցի՜նք,- շշնջացին Հազարապետիս շուրթերը և թեթևակի ժպիտը կրկին լուսավորեց քաջարի հայացքը,- ընտանիքս քեզ ավանդ, Հայկ, ընտանիքս… ու մեր հաղթանակը…,- մի վերջին անգամ վրաս նայեց արիներից ամենահզորը և ընդմիշտ փակեց աչքերը…
Ես չկարողացա զսպել ինձ և Սևակի գլուխը գրկած մի երկար ոռնոցով բողոքս հղեցի առ աշխարհ: Շուրջս հավաքված ռազմիկները, այլ կերպ չկարողանալով արտահայտել իրենց վիշտը, սկսեցին թրերով ու նիզակներով հարվածել վահաններին…
Էջանիշներ