*
Առավոտյան սովորությանը հակառակ ես շուտ վեր կացա, պատրաստեցի նախաճաշը և արթնացրեցի Մենեսին: Լվացվելուց հետո մենք նստեցինք նախաճաշելու.
- Մենես, ես գիշերը մտածեցի այս ամենի մասին ու գտնում եմ, որ ճիշտ կլինի, որ ես հեռանամ այս քաղաքից, գնամ այստեղից:
- Համաձայն եմ,- ժպտաց Մենեսը,- ճիշտ որոշում է: Եվ ուր ե՞ս պատրաստվում ուղղություն վերցնել:
Ես կարոտով ժպտացի` հիշելով մեր աննման լեռները: Մենեսը հասկացած գլխով արեց.
- Իրոք, Հայկ, ինչքան գիտեմ այն ժամանակից ի վեր Հայաստանում չես եղել: Թունդ կարոտած կլինես երկրիդ:
- Էհ՜հ՜հ, Մենես ջան, չես պատկերացնի ոնց եմ կարոտել Հայաստանը, ոնց եմ կարոտել մեր լեռները: Գիտե՞ս ինչքան հաճախ եմ երազումս տեսնում Հայկաշենը [1] …: Վաղուց էի ուզում վերադառնալ, հիմա էլ իսկը ժամանակն է: Մի բանի համար է սիրտս կախ, որ մենք բաժանվում ենք ու ես քեզ մենակ եմ թողնում այս վճռական ժամանակների նախաշեմին:
- Ոչինչ, Հայկ, հո հավետ չենք բաժանվի: Ոնց էլ լինի մի օր հյուր կգամ ձեր կողմերը: Թե՞, այ լեռնեցի, ձեր գովերգված հյուրասիրությունը միայն խոսքեր են ու դու չես ուզի որ ես գամ,- կատակեց նա:
- Պահ, ասացիր էլի, մենակ դու մի օր մեր կողմերն երևա, այնպես կպահեմ քեզ, որ քո բուրգերը կմոռանաս,- ծիծաղեցի ես:
Սակայն մեր ծրագրերին վիճակված չէր այդքան հեշտորեն իրականանալ: Նախաճաշից հետո Մենեսը կրկին պալատ գնաց, իսկ ես սկսեցի մարմնական ու թրավարժություններով զբաղվել: Դրանից հետո պառկեցի քնելու: Արթնացա բավականին ուշ: Տանը մութ էր և Մենեսը դեռ չկար: Ես սկսեցի անհանգստանալ ու հենց այդ պահի տան երդիկից ինչ-որ բան ներս ընկավ: Ես մոմը վառեցի ու փորձեցի պարզել, թե ինչ է դա: Միանգամից տեսա, որ ուղիղ սեղանի մոտ` գետնին, ընկած է կավի մի կտոր: Նրա վրա ինչ-որ նշաններ կային: Դրանց փոխադարձ տեղադրությունից ես հասկացա կավի կտորի վրա քերծվածքների իմաստը: Կավի այդ կտորը Բառնամատռայից էր, որը տեղեկացնում էր, որ Մենեսից իմացել է իմ գտնվելու վայրը և ներողություն խնդրելու համար ինձ հրավիրում է պալատ` երկրորդ հարկում գտնվող իր սենյակը: Ես բավարարված շուրջս նայեցի, լվացվեցի, արագորեն հագա իմ ամենալավ շորերը և, գոտիկից կապելով թուրս ու քսակս, ամեն ինչ մոռացած դուրս նետվեցի տանից: Ուշադրություն չդարձնելով քաղաքում տիրող անհանգիստ վիճակին` ես արագորեն հասա Ուր-Զաբաբայի պալատ և իմ սովորության համաձայն ծառերի և պատերի վրայով ներս մտա: Բարձրանալով երկրորդ հարկի քիվի վրա` բավարարվածությամբ տեսա, որ լիովին ճիշտ եմ: Ես կանգնած էի Բառնամատռայի պատուհանների կիսաբաց փեղկերի դիմաց: Ես հրեցի դրանք և ներս մտա:
Մեջքով դեպի ինձ նստած և գլուխն ափերի մեջ առած Բառնամատռան շուռ տվեց գլուխը և ուրախության ճիչը զսպելով նետվեց գիրկս` համբույրներով պատելով երեսս: Ես էլ սկսեցի համբուրել նրան: Սակայն Բառնամատռան մի պահ փախավ գրկիցս և անցնելով սեղանի մյուս կողմը, հմայիչ ժտալով հարցրեց.
- Իմ հսկա, իմ քաջ լեռնեցի, անցած անգամ ինչո՞ւ կոտրեցիր քո գեղեցկուհու սիրտը:
- Դե լա՜վ,- կատակեցի ես,- դու դեռ հիշում ե՞ս: Այ ես արդեն մոռացել եմ…
- Դու արդեն մոռացե՜լ ես,- հեգնախառն ժպիտով նետեց նա,- իսկ ես դեռ հիշում եմ: Պահապաններ,- հանկարծ բարձր ձայնով կանչեց նա:
Նույն պահին դռները բացվեցին և սենյակ խուժեցին պալատի հսկայամարմին պահապանները` նիզակներն առաջ ուղղած: Ուղիղ կրծքիս ուղղված նիզակի հարվածից դժվարությամբ խույս տվեցի, որից հետո վայրկենապես մերկացրեցի թուրս և սկսեցի արագորեն գործել: Հակառակորդներիս նիզակներին կոթերին մի քանի հաջող հարվածներից հետո դրանք վերածվեցին դագանակների: Սակայն սենյակ էին մտնում նորանոր ռազմիկներ: Հանկարծ ես լսեցի մեկի ծանոթ-հեգնական ձայնը.
- Ահա՜ թե ով է մեզ հյուր եկել,- երկար և կեռ թուրը մերկացրած իր ռազմիկների թիկունքից առաջ եկավ Շարուքենը,- ողջույն քեզ, բարի գալուստ…: Բայց միայն այդքանը: Քեզ այստեղից արդեն կտանեն,- հեգնախառն նետեց նա:
- Ու դու, այ լեռնեցի,- արհամարհանքով նետեց Բառնամատռան,- սրանից հետո կիմանաս, թե ինչ է նշանակում վիրավորել իմ պես կանանց: Գոնե Շարուքենի կես քաջությունն ունենայիր,- փարվելով վերջինիս կրծքին` հեգնեց նա,- գոնե նրա պես սիրեիր ինձ` հիմա ողջ կմնայիր:
Նման դեպքերում պետք էր գործել կայծակնային արագությամբ: Ես հարվածեցի սեղանին և այն կպավ Բառնամատռային: Նրա ճիչը մի պահ շեղեց Շարուքենի ուշադրությունը, որից էլ օգտվելով ես նետվեցի դեպի պատուհանը: Շարուքենը, տեսնելով դա, թողեց Բառնամատռային և հսկային վայել երկու թռիչքով հասավ ինձ.
- Ո՜չ լեռնեցի, դու կմեռնես հենց այստե՜ղ,- ասաց նա ու իր թրի հարվածն ուղղեց վզիս:
Ես հետ ընկա, ու, չկարողանալով հավասարակշռությունս պահել, այդ է, պիտի դուրս ընկնեի պատուհանից, եթե վերջին պահին ձախ ձեռքով չկախվեի վարագույրներից` արդեն դրսի կողմից խփվելով պատուհանի փեղկերին ու շենքի պատերին: Շարուքենը կրկնեց հարվածը, սակայն այս անգամ ես արդեն իմ թրով հետ մղեցի այն և պատասխան հարվածով կպա նրա աջ այտին: Շարուքենը մռնչալով ներս քաշվեց, իսկ ես այդ պահին նկատեցի, որ բակում գտնվող պահապաններից մի քանիսը նկատեցին ինձ և գոռալով նետվեցին օգնության կանչելու: Թանկ էր ամեն պահը: Ես դժվարությամբ կանգնեցի քիվի վրա և, խույս տալով Շարուքենի հերթական հարվածից, ցատկեցի բակ, պպզեցի, արագորեն ոտքի թռա և տապալելով դռների մոտ կանգնած պահակներին, դուրս եկա քաղաք:
____________________
[1] Հայկ Նահապետի հիմնած քաղաքը Տուրուբերան նահանգի Հարք գավառում և Արարտայի քրմապետության երկրորդ մայրաքաղաքը` մ.թ.ա. մոտ 2493-1970 թթ.:
Էջանիշներ