*
Իմ մասին ճշմարտությունն իմանալը մազաչափ իսկ չազդեց մեր ընտանեկան կյանքի վրա: Նույնիսկ կարելի է ասել` մենք դրա վրա ուշադրություն իսկ չդարձրեցինք: Այս ամենին գումարվեց նաև երեխաներին ըստ պատշաճի տեղավորելու հարցը: Այս հարցում ես որոշել էի անակնկալ մատուցել Նունեին: Հենց հաջորդ օրը մենք մեկնեցինք Ջլմայր: Հենց նոր տեղ էր հասել առաջին քարավանը և հատուկ դրա համար ես հետս բերել էի քաղցրեղենով բեռնված էշերի մի երկար քարավան: Արդեն ամրոցի մոտի ցցապատնեշից ներս մտնելուց հետո ես կարծես ինձ զգացի փոքրիկների թագավորությունում: Վառ արևոտ օր էր և մեկից հինգ տարեկան ճստիկները ոգևորված վազվզում ու չոչ էին անում մեծ խաղահրապարակում` իմ վարձած դաստիարակների հսկողության ներքո:
Ես ու Նունեն մոտեցանք երեխաներին, որոնք կարծես ուշադրություն էլ չդարձրին մեզ վրա: "Փառք Աղեղնավորին",- ինքս ինձ շնորհավորեցի ես,- "կարծես իրոք առողջ ու երջանիկ ճստոների մի աշխարհ է": Իսկ Նունեն կարծես լրիվ երջանկության գիրկն էր ընկել: Հատկապես ուրախացավ այն պահին, երբ տեսավ ծառերից կախված կողովների մեջ իրենց համար հանգիստ քնած փոքրիկներին: Դե նա ինչ, նույնիսկ ես ինքս ինձ կորցրի…
Նունեին թողնելով ծառերի մոտ նստած դաստիարակ կանանց հետ զրուցելու` ես մտա Նվարդի զբաղեցրած խրճիթը և ծանոթացա գործերին: Պարզվեց, որ երեք քարավան արդեն ժամանել են, իսկ երկուսը ուր որ է կժամանեն: Ընդհանուր առմամբ հավաքվել է երկուհազար վեցհարյուր քառասունմեկ երկու սեռի երեխա` մոտավորապես հավասար քանակությամբ տղա և աղջիկ:
- Նվարդ,- դարձա ես օգնականիս,- առայժմ ես գոհ եմ քո աշխատանքից: Ապրես, դու արդարացրիր քեզ վրա դրված վստահությունը: Որպես խրախուսում` այսուհետ դու ստանում ես կրկնակի ավելի, քան նախկինում:
Նվարդը համբուրեց ձեռքս, իսկ ես շարունակեցի.
- Ես քեզ իզուր չգովեցի, տեսնում եմ, որ երեխաներին լավ ես նայում: Այսուհետ ևս այս ձևով շարունակիր: Ցանկացած հարցով և օրվա ցանկացած ժամին դու մուտք կունենաս ինձ մոտ կամ էլ ծայրահեղ դեպքում կդիմես իշխանուհի Նունեին: Երեխաները չպետք է, կրկնում եմ, չպետք է որևէ բանի կարիք զգան: Մի քանի տարուց, ես կասեմ երբ, ես կուղարկեմ նաև փորձառու ու տարիքով ռազմիկների, որոնք կսկսեն հետևել երեխաների առողջական վիճակին և աստիճանաբար կվարժեցնեն նրանց ռազմական գործին: Կուղարկվեն նաև հյուսներ, դերձակներ և դարբիններ, որոնք երեխաներին կծանոթացնեն որևէ մի արհեստի: Մոտակա տարիներին այս ծրագիրը կիրագործենք, սակայն մինչ այդ, կրկնում եմ, երեխաներին հոգատար եղիր: Ես կամ իշխանուհի Նունեն պարբերաբար կայցելենք քեզ:
- Տեր իշխան,- պատասխանեց Նվարդը,- այսքան շատ թվով երեխաների հետ միշտ պետք է ուշադիր լինել: Դժբախտաբար, դու գիտես այդ մասին, այս տարիներին մի քանի երեխաներ մահացան ու դա կարծես նստած է հոգուս վրա…
- Կյանքի օրենքն է,- մռայլվեցի ու հառաչեցի ես,- սակայն բոլոր դեպքերում էլ ես տեղեկություններ հավաքել և քննել եմ ամեն ինչ: Դու կամ մանկատների մեր զույգերը դրանցում մեղք չունեիք: Շարունակիր հանգիստ աշխատել: Ես ուրախ եմ տեսնելու, թե դու սրանց ինչպես ես սրտիդ մոտիկ ընդունում:
- Ասում ես, տեր իշխան,- արցունքների միջից վրաս նայեց Նվարդը,- այնպիսի ճստոներ են, այնպիսի աշխույժ երեխաներ են, չես պատկերացնի: Ես կյանքս եմ գտել նրանց մեջ…
Ես ու Նունեն դիմավորեցինք մնացած քարավանները, հետևեցինք երեխաների տեղավորման գործին, որից հետո պատրաստվեցինք վերադառնալ Ալկիքար:
- Հայկ,- արդեն դուրս գալու վերջին պահին ինձ դարձավ Նունեն,- ես աշխարհի ամենաերջանիկ կինն եմ, քանի որ իմ ամուսինը մեկ օրում ինձ այնքան երեխա պարգևեց, ինչքան այլ կանայք երբեք չեն ունենա, եթե նույնիսկ տասնյակ կյանքեր էլ ապրեն, ու գիտե՞ս,- անհանգստացած վրաս նայեց Նունեն,- ես մի բան եմ արել, բայց խնդրում եմ վրաս չբարկանաս, է՜լի…
- Սիրելի Նունե՜…,- ծիծաղեցի ես:
- Հայկ ջան,- վրաս նայելով արագ արագ ասաց Նունեն ու կարմրեց,- ես ընտրել եմ զույգ ծնված մի քանի ամսեկան մի գեղեցիկ աղջիկ ու առողջ, իսկական հսկա մի տղա և ուզում եմ նրանց տանել Ալկիքար: Գիտե՞ս, Հայկ,- չկարողնալով արցունքները զսպել` կրծքիս փարվեց Նունե,- նրանք քույրիկ ու եղբայրիկ էին ու երբ ես մոտեցա քույրիկի կողովին, սա այնպես նայեց վրաս, որ ես չկարողացա ինձ զսպել ու նրան վերցրի գիրկս: Այդ պահին եղբայրիկը սկսեց զայրացած իր փոքրիկ թաթիկները թափահարել և ձայնը գլուխը գցած պաշտպանել քրոջը…
- Նունե՜ս,- գրկեցի հուզված կնոջս,- դու իմ կյանքի գանձն ես…
Ես մոտեցա կողովների մեջ պառկած երեխաներին: Երկուսն էլ հանգիստ քնած էին: Ես նայեցի աղջկաս, հետո տղայիս և դարձա Նունեին.
- Դու այսօր ինձ մի նվեր տվեցիր, որի մասին ես նույնիսկ չէի էլ երազում: Որդուս կանվանենք Վահագն, որ մեծանա ու նրա պես հզոր և քաջարի ռազմիկ դառնա, իսկ աղջկան կտանք Անահիտ անունը:
Ուսիս հենված Նունեն ուրախ ծիծաղեց և թեթևորեն համբուրեց ինձ: Մենք երեխաների վերցրած վերադարձանք Ալկիքար, որտեղ պարզվեց, որ ինձ խիստ կարևոր լուրեր էին սպասում…
Էջանիշներ