*
Իմ մասին ճշմարտությունն իմանալը մազաչափ իսկ չազդեց մեր ընտանեկան կյանքի վրա: Նույնիսկ կարելի է ասել` մենք դրա վրա ուշադրություն իսկ չդարձրեցինք: Այս ամենին գումարվեց նաև երեխաներին ըստ պատշաճի տեղավորելու հարցը: Այս հարցում ես որոշել էի անակնկալ մատուցել Նունեին: Հենց հաջորդ օրը մենք մեկնեցինք Ջլմայր: Հենց նոր տեղ էր հասել առաջին քարավանը և հատուկ դրա համար ես հետս բերել էի քաղցրեղենով բեռնված էշերի մի երկար քարավան: Արդեն ամրոցի մոտի ցցապատնեշից ներս մտնելուց հետո ես կարծես ինձ զգացի փոքրիկների թագավորությունում: Վառ արևոտ օր էր և մեկից հինգ տարեկան ճստիկները ոգևորված վազվզում ու չոչ էին անում մեծ խաղահրապարակում` իմ վարձած դաստիարակների հսկողության ներքո:
Ես ու Նունեն մոտեցանք երեխաներին, որոնք կարծես ուշադրություն էլ չդարձրին մեզ վրա: "Փառք Աղեղնավորին",- ինքս ինձ շնորհավորեցի ես,- "կարծես իրոք առողջ ու երջանիկ ճստոների մի աշխարհ է": Իսկ Նունեն կարծես լրիվ երջանկության գիրկն էր ընկել: Հատկապես ուրախացավ այն պահին, երբ տեսավ ծառերից կախված կողովների մեջ իրենց համար հանգիստ քնած փոքրիկներին: Դե նա ինչ, նույնիսկ ես ինքս ինձ կորցրի…
Նունեին թողնելով ծառերի մոտ նստած դաստիարակ կանանց հետ զրուցելու` ես մտա Նվարդի զբաղեցրած խրճիթը և ծանոթացա գործերին: Պարզվեց, որ երեք քարավան արդեն ժամանել են, իսկ երկուսը ուր որ է կժամանեն: Ընդհանուր առմամբ հավաքվել է երկուհազար վեցհարյուր քառասունմեկ երկու սեռի երեխա` մոտավորապես հավասար քանակությամբ տղա և աղջիկ:
- Նվարդ,- դարձա ես օգնականիս,- առայժմ ես գոհ եմ քո աշխատանքից: Ապրես, դու արդարացրիր քեզ վրա դրված վստահությունը: Որպես խրախուսում` այսուհետ դու ստանում ես կրկնակի ավելի, քան նախկինում:
Նվարդը համբուրեց ձեռքս, իսկ ես շարունակեցի.
- Ես քեզ իզուր չգովեցի, տեսնում եմ, որ երեխաներին լավ ես նայում: Այսուհետ ևս այս ձևով շարունակիր: Ցանկացած հարցով և օրվա ցանկացած ժամին դու մուտք կունենաս ինձ մոտ կամ էլ ծայրահեղ դեպքում կդիմես իշխանուհի Նունեին: Երեխաները չպետք է, կրկնում եմ, չպետք է որևէ բանի կարիք զգան: Մի քանի տարուց, ես կասեմ երբ, ես կուղարկեմ նաև փորձառու ու տարիքով ռազմիկների, որոնք կսկսեն հետևել երեխաների առողջական վիճակին և աստիճանաբար կվարժեցնեն նրանց ռազմական գործին: Կուղարկվեն նաև հյուսներ, դերձակներ և դարբիններ, որոնք երեխաներին կծանոթացնեն որևէ մի արհեստի: Մոտակա տարիներին այս ծրագիրը կիրագործենք, սակայն մինչ այդ, կրկնում եմ, երեխաներին հոգատար եղիր: Ես կամ իշխանուհի Նունեն պարբերաբար կայցելենք քեզ:
- Տեր իշխան,- պատասխանեց Նվարդը,- այսքան շատ թվով երեխաների հետ միշտ պետք է ուշադիր լինել: Դժբախտաբար, դու գիտես այդ մասին, այս տարիներին մի քանի երեխաներ մահացան ու դա կարծես նստած է հոգուս վրա…
- Կյանքի օրենքն է,- մռայլվեցի ու հառաչեցի ես,- սակայն բոլոր դեպքերում էլ ես տեղեկություններ հավաքել և քննել եմ ամեն ինչ: Դու կամ մանկատների մեր զույգերը դրանցում մեղք չունեիք: Շարունակիր հանգիստ աշխատել: Ես ուրախ եմ տեսնելու, թե դու սրանց ինչպես ես սրտիդ մոտիկ ընդունում:
- Ասում ես, տեր իշխան,- արցունքների միջից վրաս նայեց Նվարդը,- այնպիսի ճստոներ են, այնպիսի աշխույժ երեխաներ են, չես պատկերացնի: Ես կյանքս եմ գտել նրանց մեջ…
Ես ու Նունեն դիմավորեցինք մնացած քարավանները, հետևեցինք երեխաների տեղավորման գործին, որից հետո պատրաստվեցինք վերադառնալ Ալկիքար:
- Հայկ,- արդեն դուրս գալու վերջին պահին ինձ դարձավ Նունեն,- ես աշխարհի ամենաերջանիկ կինն եմ, քանի որ իմ ամուսինը մեկ օրում ինձ այնքան երեխա պարգևեց, ինչքան այլ կանայք երբեք չեն ունենա, եթե նույնիսկ տասնյակ կյանքեր էլ ապրեն, ու գիտե՞ս,- անհանգստացած վրաս նայեց Նունեն,- ես մի բան եմ արել, բայց խնդրում եմ վրաս չբարկանաս, է՜լի…
- Սիրելի Նունե՜…,- ծիծաղեցի ես:
- Հայկ ջան,- վրաս նայելով արագ արագ ասաց Նունեն ու կարմրեց,- ես ընտրել եմ զույգ ծնված մի քանի ամսեկան մի գեղեցիկ աղջիկ ու առողջ, իսկական հսկա մի տղա և ուզում եմ նրանց տանել Ալկիքար: Գիտե՞ս, Հայկ,- չկարողնալով արցունքները զսպել` կրծքիս փարվեց Նունե,- նրանք քույրիկ ու եղբայրիկ էին ու երբ ես մոտեցա քույրիկի կողովին, սա այնպես նայեց վրաս, որ ես չկարողացա ինձ զսպել ու նրան վերցրի գիրկս: Այդ պահին եղբայրիկը սկսեց զայրացած իր փոքրիկ թաթիկները թափահարել և ձայնը գլուխը գցած պաշտպանել քրոջը…
- Նունե՜ս,- գրկեցի հուզված կնոջս,- դու իմ կյանքի գանձն ես…
Ես մոտեցա կողովների մեջ պառկած երեխաներին: Երկուսն էլ հանգիստ քնած էին: Ես նայեցի աղջկաս, հետո տղայիս և դարձա Նունեին.
- Դու այսօր ինձ մի նվեր տվեցիր, որի մասին ես նույնիսկ չէի էլ երազում: Որդուս կանվանենք Վահագն, որ մեծանա ու նրա պես հզոր և քաջարի ռազմիկ դառնա, իսկ աղջկան կտանք Անահիտ անունը:
Ուսիս հենված Նունեն ուրախ ծիծաղեց և թեթևորեն համբուրեց ինձ: Մենք երեխաների վերցրած վերադարձանք Ալկիքար, որտեղ պարզվեց, որ ինձ խիստ կարևոր լուրեր էին սպասում…


Մեջբերել
Ուրախ եմ, որ ի դեմս քեզ գտել եմ մի նուրբ, զգայուն և ճաշակով ընթերցող: Հուսով եմ հետագայում ևս չես մոռանա ոչ ինձ, ոչ էլ ինձ արդեն այնքան հարազատ դարձած Հայկին, Նունեին և ուրիշ-ուրիշների ու միշտ էլ մեզ հետ կլինես
Իսկ եթե նման առաջարկներ էլ չլինեն կամ էլ լինեն... բայց այնքան էլ հետաքրքիր չլինեն, օր չէ մի օր ինքս, իմ միջոցներով կստեղծեմ ստեղծագործական խումբ և կիրականացնեմ, կյանքի կկոչեմ այդ ամենը: Տեխնիկան, համակարգչային տեխնիկան բուռն զարգացում է ապրում ու ես վստահ եմ, որ ապագայում մեզնից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա նկարել իր ֆիլմը, սեփական համակարգչային տեխնիկայի օգնությամբ...





Էջանիշներ