Ինչ վերաբերվում է Հայկի հուշերին, ապա ասեմ, որ այս պահին ձեռքիս տակ եղած նյութերը նկարագրում են նրա կյանքը մինչև մ.թ.ա. մոտ 800 թվականների մոտերքը, իսկ այդ հուշերի երևի թե արդեն մոտ 20 տոկոսը ներկայացված է: Կարծում եմ, որ, տեսնելով իր հայրենակիցների բուռն այս արձագանքը, Հայկը չի կորի և կրկին ինձ կփոխանցի իր հուշերի նաև մնացած մասը, որոնց մասին մի փոքրիկ ակնարկ կա արդեն իսկ իմ ձեռքիս տակ եղած նյութերում: Այսպես, այս հուշերից բացի զուտ ակնարկի մակարդակով հայտնի է, որ
- Արա III-ի (Արգիշտի I), Սարդուրի ու Ռուսայի օրոք Հայկը եղել է Արարատյան թագավորության արքաների առաջին խորհրդականը, առնվազն մ.թ.ա. 717-714 թվականներին եղել է քուրմ է Արդնիի (Մուսասիրի) տաճարում, մասնակցել է կիմերների դեմ մ.թ.ա. 716 թ-ի տրված Ուտիքի ճակատամարտին ու 705 թ-ի այն հիշարժան ճակատամարտին, որտեղ զոհվեց Սարգոն II-ը,
- Աքեմենյանների օրոք ճամփորդել է Հունաստանում, ծանոթ է եղել Սոկրատեսի հետ, մասնակցել է Իսոսի ու Գավգամելայի ճակատամարտերին, որպես հարուստ վաճառական հանդես է եկել հայ-պարթևական հարաբերությունների սկզբնաորողի դերում և աջակցել է Վաղարշակի գահակալմանը, որպես Սմբատ Բագրատունի աջակցել է Արտաշես I-ին, եղել է սրա ամենամոտիկ մարդը և սգացել է նրա մահը արքայի մահվան սենյակում նստած, հալածվել է Արտավազդից, դարձել ծովահեն, բայց Տիգրան Մեծի օրոք կրկին վերադարձել է Հայրենիք ու ստանձնել Մախղազական գնդի կազմում գործող Մարդպետական գնդի պետի պաշտոնը, այդ կարգավիճակում մասնակցել, ավելի ճիշտ գլխավորել է Տիգրանակերտից արքայական ընտանիքն ու գանձերը դուրս բերելու հայտնի գործողությանը, մասնակցել է Արածանիի ճակատամարտին,
- Այս կամ այն պաշտոններն է զբաղեցրել արքունիքում հատկապես վերջին Արշակունիների օրոք, իր մասնակցությունն է բերել Ավարայրի ճակատամարտին ու հետագա բոլոր ապստամբություններին, Եղիշեի հետ ճգնել է, Մաշտոցի հետ ուրախացել, եղել է Բյուզանդիայի հայազգի կայսր Հերակլ I-ի խոստովանահայրը սրա մահվան մահճում, արաբների օրոք ոտքի տակ է տվել ողջ Ասիան, վիկինգների հետ կտրել է Ատլանտյան օվկիանոսը,
- Առաջին Բագրատունիների օրոք նա կրկին Մարդպետության ղեկավարն է եղել, Միջին Բագրատունիների օրոք Բյուզանդիայում էր որպես հարուստ վաճառական և աշխատում էր Անիի Բագրատունիների օգտին, հետո, երբ Հովհաննես-Սմբատը մատնեց Հայկի ողջ հետախուզական ցանցը Բյուզանդիայում, նա ստիպված եղավ ապաստանել Ղազնևիների մոտ, այդ ընթացքում ծանոթացավ Ինգվար Ճանապարհորդի, իր ժամանակի մեծագույն այդ վիկինգի հետ, ներկա եղավ սելջուկներին հաղթանակ բերած Դանդանականի ճակատամարտին, 1044 թ-ին գաղտնի երևաց Անիում, պայքարեց նրա համար ու սգաց թագավորության անկումը,
- Հետագա դարերում հայտնի դարձավ որպես Փիլարտոս Վարաժնունի, խաչակիր, Սուրբ Վլասի ու Սուրբ Մարիամի հայկական օրդենների հիմնադիր, խելագար կերպով Կիլիկիայի համար պայքարած մի ռազմիկ, որը անհետ կորավ 1426 թ-ի Լիմասոլի ճակատամարտում,
- Հիասթափված բոլորից ու ամեն ինչից, հետագա հարյուրամյակում Հայկը որպես կոնկիստադոր մասնակցեց Ամերիկայի նվաճմանը, Ամազոն գետում տեսավ աղջիկներին, սիրեց Մարի Ստուարտին ու դրա համար երկար ժամանակ նստեց Դանիայի բանտում, եղավ Դոնի կազակների մեջ, 1670-ական թվականներից հաստատվեց Հնդկաստանում որպես առևտրական, իսկ հետո վերադարձավ Եվրոպա,
- Հետագա հարյուրամյակում ամեն կերպ աջակցում էր ֆիդայական շարժմանը ու զենք էր փոխադրում դեպի Արևմտյան Հայաստան, Ղարաքիլիսայում Անդրանիկի հետ էր ու վերջը Նժդեհի հետ թողեց Զանգեզուրը, Հայրենական պատերազմի ժամանակ ֆինանսական միջոցներ ուղարկեց ԽՍՀՄ, իսկ վերջում էլ իր մասնակցությունը բերեց Արցախյան ազատամարտին:
Ահա, նման մի տարօրինակ ու հետաքրքիր կյանք է ապրել այս Հայկը, որը հազիվ միայն ընդհանուր գծերով կարողացա ներկայացնել ես այս պոստում: Վստահ եմ, ավելի մանրամասն այս ամենը արտահայտված կլինի Հայկի հուշերի երկրորդ մասում, բայց համենայն դեպս հիմա, այս պահին, այդ ամենի մասին ընդհանուր գծերով ինձ հայտնի է միայն այսքանը![]()
Էջանիշներ