Շրջում եմ խանութում ու նայում խայտաբղետ խաղալիքներին: Ի՞նչ գնեմ այն
փոքրիկ աղջնակի համար, որը 5 տարեկան է ու` դատապարտված…Սարսռում եմ…գլխուղեղի քաղցկեղ…Արդեն հասցրել եմ տանը լացել կարեկցանքից, անզորությունից…Բայց որոշել եմ զսպել մեջս փոթորկվող ծանր զգացումներն ու գնալ տեսության…Գուցե գնդակ վերցնեմ…Այս տիկնիկն էլ վատը չէ…Բայց կանգ եմ առնում գունավոր մատիտների մոտ, առանց երկար մտածելու վերցնում նաև մի նկարչական ալբոմ ու դուրս գալիս խանութից:
Դանդաղ եմ գնում…Դժվար է: Անցյալ անգամ, երբ գնացի, չկարողացա անգամ մի բառ փոխանակել հետը:
Էլի սևուկ աչիկներով հետևում է ինձ, տանը հավաքված բարեկամներից փախչում է` այս ու այն կողմ նետելով նվերները: Ուզում է անցնել կողքովս…Առանց բառ ասելու մեկնում եմ տոպրակը:
_Սա ի՞նչ է:
_Ինքդ նայիր,_ անտարբեր ձևանալով ասում եմ ես:
Բացում է ու զարմացած նայում երեսիս:
_ Դու կարողանու՞մ ես նկարել:
Գլխով եմ անում` ինչ-որ կոկորդս խեղդող բան փորձելով կուլ տալ:
_Կուզե՞ս միասին նկարենք:_Խոստումս հիշելով ու ինձ ձեռքս հավաքելով ասում եմ ես: Հիմա էլ նա է գլխով անում:
Նկարում եմ…իսկ նա փոքրիկ մատներն անվարժ շարժելով ներկում է: Մերթ-մերթ ինձ է հպվում ու ժպտում …Ես էլ եմ ժպտում: Ասում են հիվանդ երեխաներն ավելի շատ բան են հասկանում քան իրենց հասակակիցները: Ու այդ պահին ինձ թվում է, թե լրիվ կարդում է մտքերս…Բայց չեմ թեքում աչքերս նրա թախծոտ ու ժպտացող հայացքից:
_Գիտե՞ս ինչ եմ պատասխանում, երբ հարցնում են, թե ինչ է եղել ճակատս,_հարցնում է հանկարծ:
_Ի՞նչ: Նայում եմ վիրահատությունից մնացած խոր հետքերին:
_Ասում եմ, որ դրսում խաղալիս եմ ընկել,_լուրջ-լուրջ պատասխանում է:
_Ճիշտ ես անում, բա ի՞նչ: Այս անգամ թաքցնում եմ աչքերս….
_Իսկ քեզ ո՞վ է նկարել սովորեցրել: Վա~յ, տես` փղի կնճիթը կարմիր ներկեցի...
Ու ո~նց է կչկչում…. Ծիծաղի վրա հայրն ու մայրն աչքերը լայն բացած ներս են վազում…Հասկանում եմ, որ վաղուց չեն լսել մանկան լիաթոք ծիծաղը…
Արդեն ուշ է, մայրն ուզում է պառկեկցնել քնելու: Իսկ նա ձեռքս բաց չի թողնում:
_Ուզում եմ ինքը քնացնի ինձ,_ցածրաձայն մրմնջում է փոքրիկը:
Զգույշ հանում եմ շորերը:
_Գլխարկս չհանես,_ ասում է խորհրդավոր:
_Չեմ հանի, իհարկե:
Ծածկում եմ վերմակով ու ասում. «Ուզու՞մ ես հեքիաթ պատմեմ»:
_Չէ,– մեծավարի ասում է երեխան,_ուզում եմ մեր նկարած այն նկարը պատից փակցնես: Վաղը տատիկիս կնվիրեմ:
Պոկում եմ ալբոմի էջն ու մեխից կախում: Մինչև շրջվեցի` քնել էր…Մե~ծ վերմակի տակ կծկված` մի փոքրիկ մարմին, մի` գունավոր աշխարհ…Համբուրեցի զգույշ ու փոքր-ինչ խաղաղված դուրս եկա սենյակից, ասես մեկ ժամվա լիարժեք կյանք պարգևած լինեի այդ տանջված փոքրիկին: Բարի գիշեր պզտլիկ: Մինչ հանդիպում չգիտեմ` երբ, չգիտեմ` որտեղ….
Էջանիշներ