Փողոցով քայլելիս նկատեցի, թե ինչքան միատիպ են մարդիկ: Բոլորի գլխի ուղղությունը, հայացքների ուղղությունը, քայլքի դանդաղեցումը... Ես էլ նայեցի: Մազերը հարդարված էին ամենայն խնամքով, բայց ինչ-որ գռեհիկ, թեև գեղեցիկ գռեհիկ սանրվածքով: Ակնոցները յուրատիպ շրջանակի պատճառով անմիջապես աչք էին զարնում: Շապիկն ամբողջովին չէր կարողացել ծածկել խիստ փարթամ կրծքերը, այդպես էր գծագրված: Աջ կրծքին լատինատառ դաջված էր "Love" բառը: Շրջազգեստը բաց էին թողել կարճ ոտքերն ամբողջ երկարությամբ և հրաշալի ընդգծել էին նրա հետնամասը: Ամառվա շոգին հագած սապոգները լրացուցիչ անգամ հուշում էին նրա մասնգիտությունը, իսկ հաստ թևին դաջված սրտի և ծաղկի նկարը թեև որևէ առնչություն չուներ արվեստի հետ, բայց մեծ ուշադրություն էր գրավում... Դիմահարդարման նյութերը ընդգծում էին նրա դեմքի բոլոր առանձնահատկությունները...
Մի քանի քայլ այն կողմով անցնում էր մի նուրբ աղջնակ: Ֆրանսիական հրաշալի, բայց համեստ ամառային հագուստով, քայլելու համար խիստ հարմարավետ կոշիկներով: Համեստ սանրվածքը լրացուցիչ թարմություն ու հմայք էր տալիս գեղեցիկ, նուրբ դեմքին, որի վրա ոչ մի ավելորդ ներկ չկար: Ձեռքին բռնած ոլորած թղթերը հուշեցին, որ նկարչուհի է... կամ էլ գուցե ճարտարապետ: Նրան գամված հայացք չկար, միայն ես էի նայում:
Առաջինը զգացվում էր, որ գոհ է կյանքից, երջանիկ: Նրան դուր էր գալիս իրեն սևեռված բազմաթիվ հայացքները, ուշադրություն կենտրոնում լինելը:
Երկրորդն էլ էր զգացվում, որ գոհ է կյանքից, երջանիկ: Նրան դուր էր գալիս, որ իրեն այդքան չտես աչքեր չեն նայում, որ ինքը հանգիստ կարող է գնալ իր ճանապարհը:
Լավ է, երևի, ամեն դեպքում, որ կյանքը միագույն չէ: Լավ է, որ մարդիկ միատիպ չեն ու կա կոնտրաստ: Լավ է, որ մեզ շրջապատող աշխարհը պարունակում է ողջ ներկապնակը:
Մի պահ խոնարհ հայացքը բարձրացրեց ու գցեց վրաս, երևի զգալով որ իրեն եմ նայում: Ժպտացի... հնարավորինս մեղմ ու ուշադրություն չգրավող տարբերակով: Շիկնեց ու գնաց առաջ: Ես էլ գնացի առաջ էլ ետ չնայելով, որ հանկարծ հայացքս չընկնի առաջինին: Թող նրան այն մյուսները նայեն, ում համար կյանքը միագույն է:
Էջանիշներ