Ո՞րն է այսօր մեր հաղթանակի գլխավոր նախադրյալը: Ոչ Եվրոպան, ոչ էլ ԱՄՆ-ն: Մեր հաղթանակի գլխավոր նախադրյալը մենք ինքներս ենք: Մեր միասնությունը, մեր վճռականությունը, մեր կամքը, մեր ոգին և մեր հավատը հաղթանակի նկատմամբ: Փոքր հաղթանակներ արդեն գրանցել ենք, սակայն մեր ամենամեծ խնդիրները դեռ առջևում են:
Հաղթանակի ճանապարհը փշոտ է և դժվարություններով լի, սակայն եթե ժողովուրդը միասնական է և վճռական, ապա ցանկացած դժվարություն հաղթահարելի է: Քանի-քանի անգամներ է ժողովուրդը կանգնել իր համար վճռորոշ ճամփաբաժանների առաջ, երբ միակ ելքը եղել է փրկության փշոտ ճանապարհը: Այդպես է եղել և Ավարայրի, և Սարդարապատի հերոսամարտերում, որտեղ թշնամիները ունեին մի քանի անգամ մեծ թվաքանակներով զորքեր, և արաբների ու թուրքերի արշավանքների ժամանակ, երբ քոչվոր ցեղերը թալանում ու ավիրում էին երկիրը, և անգամ բոլորովին վերջերս` Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանը իր հզորությամբ բազմապատիկ անգամներ գերազանցում էր մեր թշվառ-անտեր պետությանը: Ժողովուրդը այդպիսի ճակատագրական պահերին միշտ ոտքի է կանգնել ու պայքարել միահամուռ ուժերով, և թշնամու բիրտ ուժը, ինչքան էլ այն մեծ եղած լինի, ընկրկել է մի բուռ ժողովրդի միասնության, կամքի և ոգու առաջ: Մեր ժողովուրդը միշտ էլ ունեցել է առաջնորդներ, որոնք կարողացել են համախմբել հուսահատ ժողովրդին և հավատ ներշնչել հաղթանակի նկատմամբ:
Այսօր մենք ունենք հզոր առաջնորդ: Մարդ, որին ժողովուրդը փետրվարի 19-ին ընտրեց նախագահ: Առաջնորդ, որը մեզ միավորեց և դարձրեց մեկ միասնական բռունցք: Հայի ոգին չի մարել: Ժողովուրդը համախմբված է և հավատում է իր հաղթանակին:
Քիչ է մնացել: Հեռու չէ այն օրը, երբ դարձյալ հակառակորդի ուժը կընկրկի: Իսկ թե երբ է դա տեղի ունենալու, հայտնի չէ, սակայն հայտնի է, որ այսպես երկար շարունակվել չի կարող: Չի կարող, քանի որ ժողովուրդը վճռական է տրամադրված: Քանի որ ժողովուրդը հավատում է իր ընդհանուր հաղթանակին: Քանի որ ժողովուրդը ունի մեծ առաջնորդ: Քանի որ պատմությունը ցույց է տվել, որ ժողովրդի առջև անհաղթահարելի ոչինչ չկա: Եվ ես հպարտ եմ, որ այսպիսի ժողովրդի մի մասնիկն եմ: Այսպիսով` օգոստոսի 1-ին, բոլորս դեպի մատենադարան, ևս մեկ անգամ ցույց տալու մեր հզորությունն ու միասնությունը: Բոլորս դեպի մատենադարան` միասին կերտելու մեր ընդհանուր հաղթանակը: Եվ քանի դեռ դա տեղի չի ունեցել, մենք չենք դադարեցնելու մեր պայքարը:
ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ…
Էջանիշներ