ԲԱԽՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ
Մի հարց այնուամենայնիվ մնում է անպատասխան. ինչո՞ւ են իշխանությունները վախենում Ազատության հրապարակի կամ Մատենադարանի հանրահավաքներից: Խնդիրը քաղաքապետարանի որոշումները չեն: Նրանք, հասկանալի է, իրենք չեն կայացրել մերժման որոշումները: Նախագահականից հրահանգել են մերժել, սրանք էլ մերժել են:
Այս օյինբազությունները (Ազատության հրապարակում «այլ միջոցառում» կազմակերպելը, հանրահավաքի համար անկապ տարածք առաջարկելը եւ այլն) երկրորդական են եւ ընդամենը ծիծաղ կարող են առաջացնել: Ճիշտ այնպես, ինչպես ծիծաղ առաջացրեց Մատենադարանի տարածքում հանրահավաքը մերժելու պատճառաբանությունը, թե «առկա են հավաստի տեղեկություններ, որ հանրահավաքի ընթացքում մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող...» եւ այլն: Սա, իհարկե, ոչ պաշտոնական պատճառաբանությունն էր (պաշտոնական պատճառաբանություն այդպես էլ չհնչեց), բայց ամեն դեպքում` զավեշտը կատարելության է հասնում: Ստացվում է, որ նույն կազմակերպիչները Մատենադարանի մոտ ագրեսիվ են տրամադրված լինելու, իսկ «Հրազդան» մարզադաշտի մոտ` խաղաղասիրաբար: Ուրիշ բացատրություն չկա. սրանց երեւի թվացել է, թե հանրահավաքի մասնակիցները մտադիր են, ասենք, Մատենադարանի դիմացի արձանները պոկել եւ դրանով «զանգվածային անկարգություններ» անել, դրա համար էլ այլ վայր են առաջարկել:
Բայց շատ ավելի տարօրինակ է մեկ այլ երեւույթ: Իշխանական կերակրատաշտից օգտվողների (լուսանցքային քաղաքական գործիչներ, մերձպալատական մտավորականներ եւ այլն) ստվար շարքերը առաջիկա հանրահավաքի մասին խոսելիս մեղմ ասած անհասկանալի շեշտադրումներ են անում. իբր` «մարտի 1-ը սրանց քիչ էր, հիմա էլ անպայման նոր արյունահեղություն են ուզում, որպեսզի եւս մեկ անգամ վարկաբեկեն մեր երկիրը»: Հասկացա՞ք: Այն մասին, թե ով պիտի իրականացնի այդ «նոր արյունահեղությունը», ոչ մի խոսք, թեեւ հասկանալի է, որ խոսքը ոստիկանության եւ «հատուկ ստորաբաժանումների» մասին է: Այսինքն, ստացվում է, որ Երեւանի կենտրոնում ոչ թե ոստիկաններ են շրջում, այլ ինչ-որ անհասկանալի ու անկանխատեսելի, բայց լավ զինված խմբեր, որոնք, մարդկանց կուտակումներ տեսնելով, անկախ իրենցից հարձակվում են նրանց վրա: Ավելի անհեթեթ իրավիճակ պատկերացնել հնարավոր չէ, որովհետեւ իշխանական քարոզչության ասածը հենց դա է. «Ի՞նչ գործ ունեք` հավաքվում եք քաղաքի կենտրոնում, չգիտե՞ք, որ մեր ոստիկանական ուժերը կենդանական բնազդներով են առաջնորդվում, մեկ էլ տեսար` հարձակվեցին ու սկսեցին կծոտել, ինչո՞ւ եք զոռով վտանգում երկրի հեղինակությունը, գնացեք մի «խախանդ» անկյունում զգուշորեն միտինգ արեք»:
Իրականում այս քարոզչական տեռորը մի շատ պարզ հակափաստարկ ունի. իսկ ո՞վ է իշխանություններին ստիպում բախումներ հրահրել ոստիկանության եւ ժողովրդի միջեւ: Եթե իշխանություններին այդ բախումը պետք չէ. խնդիրը շատ հեշտորեն լուծվում է: Ընդամենը պետք է ոստիկաններին հրամայել չհարձակվել ժողովրդի վրա: Եվ վերջ. բախումը բացառված է: Որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է, որ, ասենք, ոստիկանները խաղաղ կանգնած լինեն, ու միտինգի մասնակիցները հարձակվեն նրանց վրա: Հայաստանում նման բան երբեք չի եղել ու չի լինի: Այս ռեժիմը ոչ թե հանրահավաքների «ագրեսիվ ընթացքից» է վախենում (այդպիսի ընթացքը բացառված է), այլ հենց հանրահավաքի փաստից: Ինչո՞ւ: Որովհետեւ եթե Ազատության հրապարակում 300 հազար մարդ է հավաքվում, դա նշանակում է, որ ժողովուրդը չի հանդուրժում այս իշխանություններին, եւ իշխանությունները չեն կարողնում վերահսկել իրավիճակը: Եվ հաջորդ պահին «ավազակապետական բուրգ» ասվածը սկսում է փլուզվել, որովհետեւ ոստիկանություն-չինովնիկական ապարատ-պատժիչ համակարգ շղթայի օղակներն ընդվզում են ռեժիմի դեմ: Ռեժիմը հենց այս ընդվզումից է վախենում, դրա համար էլ ամեն ինչ անում է` համահայաստանյան հանրահավաքը ձախողելու համար:
Իսկ նրանք, ովքեր կեղծ մտահոգությամբ իբր փորձում են «բացառել նոր բախումները», ընդամենը ռեժիմի հրահանգն են կատարում: Գիտակցաբար, թե ոչ` էական չէ, որովհետեւ իրեն չհասկացողի տեղ դնելը մարդուն պատասխանավությունից չի ազատում: Ոչ քրեական, ոչ բարոյական:
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
Էջանիշներ