«Ֆրիդոմ Հաուս». Հայաստանում ժողովրդավարության առաջընթացի գնահատականը 1999 թվականից տարեցտարի անկում է ապրել
Սուրեն Մուսայելյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից
Published: 25 Հունիս, 2008
«Ֆրիդոմ Հաուս» իրավապաշտպան կազմակերպության հերթական զեկույցի համաձայն` Հայաստանը 1-7 բալանոց համակարգով (ժողովրդավարության առաջընթացի ամենաբարձր գնահատականը 1-ն է, ամենացածրը՝ 7-ը), ընդհանուր առմամբ արժանացել է 5,21 միավորի։
Երեքշաբթի օրվա` անցումային երկրներին առնչվող «Ֆրիդոմ Հաուսի» զեկույցը անդրադառնում է Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի 29 երկրներում 2007 թ. ժողովրդավարական գործընթացներին հետևյալ չափանիշներով. ընտրական գործընթաց, քաղաքացիական հասարակություն, անկախ մամուլ, պետական ժողովրդավարական և տեղական ժողովրդավարական կառավարում, արդարադատության համակարգ և դրա անկախությունը, կոռուպցիա:
Վերոհիշյալ բաժիններից մի քանիսում, չհաշված որոշ անկարևոր փոփոխություններ, Հայաստանի ժողովրդավարության առաջընթացի ընդհանուր գնահատականը նախորդ տարիների ուսումնասիրության ցուցանիշի համեմատ 2007 թ. մնացել է անփոփոխ:
Ըստ «Ֆրիդոմ Հաուսի»` Հայաստանի ժողովրդավարության ընդհանուր գնահատականը 1999 թվականից ի վեր անկում է ապրում` 4.79 միավորից հասնելով 5.21 (վերջին զեկույցի համաձայն):
29 երկրների մեջ Հայաստանը 20-րդ տեղում է` այսպես կոչված «կիսաավտորիտար պետությունների» խմբում, որտեղ ընդգրկված են նաև Մոլդովան, Կոսովոն (միջազգայնորեն կառավարվող տարածք), Ղրղըզստանը և Ռուսաստանը:
«Ամրապնդվող ժողովրդավարությամբ» երկրների առաջատարների խումբն ընդգրկում է Սլովենիան, Էստոնիան, Լատվիան, Հունգարիան, Չեխիան, Լիտվան, Սլովակիան, Լեհաստանը և Բուլղարիան:
Հայաստանի հյուսիսային հարևան Վրաստանը «անցումային կառավարություններով կամ հիբրիդային վարչակազմերով» պետությունների շարքում է: Ադրբեջանը ցածր խմբի` լրիվ ավտորիտար պետությունների շարքում է` Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի հետ:
Զեկույցի` Հայաստանին վերաբերող մասում մասնավորապես ասվում է, որ երկրի քաղաքական և տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտն են քաղաքական ու գործարար վերնախավի սերտաճումը, ինչպես նաև` կաշառակերությունը:
Մեջբերելով դիտորդների կարծիքները` «Ֆրիդոմ Հաուսն» ասում է, որ 2007 թ. Հայաստանի խորհրդարանական ընտրությունները «նախորդ տարիների համեմատ բարելավվել են», սակայն ավելացնում է` «դեռևս մտահոգիչ են քաղաքական ու գործարար վերնախավի միջև սերտ կապերը, որոնք խանգարում են իշխանության ռոտացիային, ձայների անկատար հաշվարկի գործընթացը: Դրանք իջեցնում են ընտրություններին առնչվող համեմատաբար դրական գնահատականները: Հայաստանը ընտրական գործընթացներում իր դիրքերը մի փոքր բարելավել է` 5,75-ից հասնելով 5,50-ի:
«Ֆրիդոմ Հաուսը» տեղեկացնում է, որ քաղաքացիական հասարակության առումով Հայաստանում ՀԿ-ների դերը հասարակական կյանքում ակտիվացել է, սակայն դրանք մնացել են արտաքին ֆինանսավորումից կախյալ վիճակում։
Այն նաև հաղորդում է, որ «Իշխանությունն ավելի է մեծ տեղ է հատկացնում քաղաքացիական հասարակությանը, բայց մտավախություն կա, որ նման կազմակերպությունների պետական ֆինանսավորման ավելացումը կարող է սահմանափակել նրանց անկախությունը: Հայաստանի «քաղաքացիական հասարակություն» բաժնի գնահատականը մնում է 3,50:
Անկախ մամուլի առնչությամբ զեկույցում ասվում է, որ «Չնայած 2007 թ. ԶԼՄ-երում ընտրությունների լուսաբանման բարելավմանը, արտասահմանյան հեռարձակումները սահմանափակելու իշխանությունների փորձերը մտավախության տեղիք են տալիս: Անկախ մամուլի հարցում գնահատականը մնացել է 5,75»:
Իրավապահ կառույցների ու դրանց անկախության բնագավառի գնահատականը նախորդ տարվա համեմատ 5-ից իջել է 5,25-ի։ Մտահոգիչ է նաև դատական իշխանության նկատմամբ գործադիրի ներկա ազդեցությունը և վկաների նկատմամբ վատ վերաբերմունքը:
«Ֆրիդոմ Հաուսի» զեկույցում ասվում է նաև, թե այն հանգամանքը, որ իշխանությունները չեն որդեգրել հակակոռուպցիոն ռազմավարություն, մեծացնում են նրանց քաղաքական կամքի պակասի մասին կասկածները։ Կաշառակերության բնագավառի գնահատականը մնացել է նույնը` 5,75:
http://armenianow.com/?action=viewAr...D=1192&lng=arm
Էջանիշներ