Հետաքրքիր է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ հասարակական կամ քաղաքական գործընթացները ծավալվում են բաց եւ հրապարակային դաշտում, հայաստանցիներիցս շատերը նախընտրում ենք ինչ-որ գաղտնի բաներ փնտրելով` անտեսել ակներեւ թվացողը:
Մեզանում շատ հաճախ վերլուծությունը շփոթվում է «ախպերս, դե էսի սենց ասում են, բայց դե մենք՝ խելոք մարդիկ, ջոգում ենք, էլի» տիպի հոգեբանական դիրքի հետ, համապատասխան դեմքի արտահայտությամբ ու «ախպոր» պահը գրականով ու գիտականակերպ ձեւակերպած: Կարող եմ, ի դեպ, հիշեցնել մի օրինակ արտաքին քաղաքական զարգացումներից: Երբ հայ-թուրքական գործընթացի ժամանակ Թուրքիայի ղեկավարությունն աներկբա ասում էր՝ չենք բացի սահմանը եւ չենք վավերացնի արձանագրություները, մինչեւ հայերը Ադրբեջանի հետ հարցերը չլուծեն, մեր խելոք դեմքերը բոլորը մեկի նման կրկնում էին՝ «սա ներքին օգտագործման համար է ասվում», յանի, «դե մենք հո ջոգում ենք, ախպերս»:
Իհարկե, ջոկում ենք, ցավդ տանեմ, հիմա, որ թուրքերը նույնն են կրկնում, ու հայ-թուրքական գործընթացը տապալվել է, ո՞ւր կորաք բոլորդ, ի՞նչ եղավ «ձեր ներքին օգտագործման համար է» մոգական ու բոլոր հարցերին կախարդական փայտիկի նման պատասխանող «փաստարկը»: Ոչ մի տեղ էլ չկորավ, որովհետեւ, եթե բանական մարդը, հասկանալով իր սխալական բնույթը, կարող է եզրակացություններ անել իր սխալից եւ փորձել չկրկնել այն, ապա «հայ անալիծիկը» շարունակելու է մինչեւ կյանքի վերջ նույնը կրկնել՝ անկախ արդյունքից:
Այսօր նման իրավիճակ է ներքաղաքական դաշտում: Այստեղ էլ ամեն բան պարզ, բաց ու հրապարակային է թվում: ՀԱԿ-ը հրապարակայնորեն հայտարարել է, որ իր նվազագույն պահանջների կատարման դեպքում պատրաստ է վարչակազմի հետ երկխոսության գնալ` օրակարգում ունենալով մեկ թեմա՝ արտահերթ ընտրություններ: Այսինքն, ե՛ւ նպատակն է բաց ասվել, ինչը արմատապես տարբերում է Կոնգրեսին այլ քաղաքական ուժերից, որոնք վարչակազմի հետ իրենց պայմանավորվածությունները ներկայացրել են հանրությանը որպես կայացած փաստ, առանց որեւէ մեկին նախօրոք զգուշացնելու, ե՛ւ օրակարգն է հստակ սահմանված, ինչը Կոնգրեսին պատասխանատվությունից խուսափելու տեղ չի թողնում: Այս դիրքում խոցելի է ոչ թե հասարակությունը, այլ Կոնգրեսը, որն իրեն քաղաքական մանեւրի տեղ գրեթե չի թողնում: Բայց չէ, եկեք փնտրենք ինչ-որ հավելյալ, քողարկված բաներ ու դրանք հրամցնենք մարդկանց որպես մտքի արդյունք: Եղբայր, եթե նույնիսկ քողարկված բաներ կան, դրանք իրավիճակն ավելի լավ հասկանալու առումով ոչինչ չեն տալիս: Գիտական հին կանոն կա, կոչվում է՝ Օքամի ածելի: Ըստ այդ սկզբունքի, եթե որեւէ երեւույթ կարելի է բացատրել առավել պարզ ձեւերով, ուրեմն պետք չի հավելյալ գործոններ ներգրավել, որոնք միայն բարդացնում են ամեն ինչ: Վատ թե լավ, բայց արդեն 700 տարուց ավելի Ուիլյամ Օքամի մահվանից հետո մարդկությունը կիրառում է այդ սկզբունքը, եւ այդ թվում շնորհիվ դրա` գիտությունը հասել է իր մեծագույն նվաճումներին: Իսկ հայերը, իրենց գեղական «ախպերս, դե ես ու դու հո ջոգում ենք»-ի կարծեցյալ իմաստնությամբ ոչ միայն ավելի առաջ չեն գնացել, քան էին 1349-ին (Օքամի մահվան տարեթիվը), այլեւ որոշ իմաստով նույնիսկ հետընթաց են ապրել, որովհետեւ այն ժամանակ մեզ մոտ Արիստոտելի «Վերլուծականն» ու «Ստորոգություններ»-ն էին մեկնաբանում, իսկ հիմա մտքի գագաթնակետը կանացի գրգիռներն են ու ախպերական «ջոկել»-ը է: Ասածս այն է, որ եթե նույնիսկ Կոնգրեսը խաբում է հասարակությանը` ավելի վատ Կոնգրեսի համար, քանի որ այդ դեպքում գաղտնիքը շատ շուտ կբացվի, ու Կոնգրեսը կհայտնվի պատմության գրկում:
Կրկնեմ՝ իրավիճակն ավելի քան պարզ է: Եթե Կոնգրեսը տեր չկանգնի իր հրապարակային խոսքին, ապա տուժողն ինքը` Կոնգրեսն է: Ի՞նչ խնդիր կա այստեղ: Թե՞ մտածում ենք, որ բոլորից խելոքն այս աշխարհում մենք ենք, եւ ուրիշները չեն հասկանում ա՛յն, ինչ հասանելի է մեզ՝ հանճարներիս: Հետաքրքիր բան է: Երեք տարի պայքարել ենք, երեք տարի միայն դիմադրության ենք արժանացել վարչակարգի կողմից, իսկ այսօր, երբ մեր թեկուզ նվազագույն պահանջներն են կատարվում, դժգոհում ենք: Ինչի՞ց ենք դժգոհում, ինչի՞ հետ համաձայն չենք: Համաձա՞յն չենք, որ քաղբանտարկյալներն ազատվեն, որ Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացվեն, որ արտահերթ ընտրությունների շուրջ երկխոսություն լինի, որ երկրում խաղաղ ու օրինական իշխանափոխության հնարավորություն ստեղծվի, որ Սերժ Սարգսյանը մեզ զիջումների գնա: Լո՞ւրջ եք ասում, տղերք, թե՞ կատակ եք անում: Ասում են, Սերժ Սարգսյանը սուտ է ասում, նա երբեք չի գնա մարտի 1-ի բացահայտմանը, նրա զիջումները ժողովրդի ուշադրությունը շեղելու մանեւրներ են: Ո՛վ էլ վիճեր. բնականաբար, Սերժ Սարգսյանն այդ քայլերին չի գնում, որովհետեւ անկեղծորեն ուզում է մարտի 1-ի գործը բացահայտել, ոչ էլ` որովհետեւ հանկարծ հասկացել է Ազատության հրապարակի` որպես այլընտրանքային խոսքի ձեւակերպման տեղի կարեւորությունը: Բայց հենց այն պատճառով, որ այդքանը հասկանում ենք, պետք է առավել եւս զարմանանք, որ Սերժ Սարգսյանը նման քայլերի գնում է: Ինչո՞ւ է գնում, հարց տվե՞լ ենք մենք: Եթե գնում է, ուրեմն մի բան իրեն ստիպում է, չէ՞ նման քայլերի գնալ: Իսկ եթե նույնիսկ նա հանկարծ պայծառացել է ու ամեն ինչ հասկացել, ի՞նչ է՝ խանգարե՞նք նրան, ասե՞նք` չէ, ապեր, ուզում ենք, որ դու առաջվա պես լինես, ոչ մի զիջման չգնաս, բանտերը մեզնով լցնես ու հանրահավաքներն արգելես: Հրա՜շք: Եկեք վերջապես լրջանանք, ժողովուրդ, ձեր բոլորի ցավն էլ տանեմ՝ համաձայնների ու անհամաձայնների: Ոչ ստանդարտ իրավիճակ է, ու բոլորիս «կոմպերն էլ» պահի տակ «կախում է», բայց հենց այսպիսի իրավիճակներում լինենք առավել սթափ, առավել բաց ու հումորներս չկորցնենք: Ու հասկանանք կարեւորը՝ եթե հիմա նահանջենք, եթե մեր քանակը կտրուկ պակասի, եթե մենք «հիասթափվենք», ապա Սերժը հաստատ հետ կկանգնի իր բոլոր խոստումներից: Ու եթե դուք «հիասթափության» քարոզ եք կատարում, ցավոք, դուք օգնում ենք միայն մեկ մարդու, եւ այդ մեկ մարդը Սերժ Սարգսյանն է:
Էջանիշներ