Լ.Տեր-Պետրոսյան. «Իշխանությունների և հասարակության միջև բաց, հրապարակային, շարունակական երկխոսություն է ընթանում»
Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո պատասխանել է «Ազատություն» ռ/կ-ի հարցերին:
«Ես վստահ եմ, որ եթե նախկինում դիմեի խնդրանքով` այցելել քաղբանտարկյալներին, ինձ թույլ չէին տա»,- ասել է նա` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հենց հիմա որոշեց հանդիպել կալանավորված խմբագրի հետ:
«Հիմա մթնոլորտ է փոխվել, երկրում ուրիշ քաղաքական վիճակ է: Լուծվել են խնդիրներ, որոնք 3 տարի չէին լուծվում: Ես նկատի ունեմ և՛ Ազատության հրապարակի արտոնումը հանրահավաքների համար, և՛ մարտի 1-ի բացահայտման պաշտոնական հավաստիացումը, և՛ քաղբանտարկյալների ազատ արձակման պրոցեսը, որն ավարտվելու է մայիսի 28-ին, ինչպես ես ասացի նախորդ հանրահավաքում: Գուցե մի քանիսը մինչև 28-ը դուրս գան: Այս ֆոնի վրա, բնականաբար, իմ խնդրանքը չէր կարող մերժվել»:
Վերլուծելով երկրում տիրող քաղաքական իրավիճակը` Տեր-Պետրոսյանը ընդգծել է, որ վերջին շրջանում իշխանությունների և հասարակության միջև բաց, հրապարակային, շարունակական երկխոսություն է ընթանում:
«Դա մեր երազած պետությունն է, որպեսզի հասարակությունը և պետությունը բաց, հրապարակային, շարունակական երկխոսության մեջ լինեն: Սա չպետք է ավարտվի: Երկխոսությունը պիտի լինի մշտական: Իհարկե, ճգնաժամային պահերին պետք է դրվեն սուր հարցեր, որոնք անմիջական լուծումներ են պահանջում, իսկ ճգնաժամերից դուրս, նորմալ կյանքի պայմաններում միշտ էլ իշխանությունն ու հասարակությունը երկխոսելու, բանավիճելու, իրար համոզելու, իրար պահանջներ ներկայացնելու կարիք ունեն»,- հավելել է նա:
«Պետք է գնահատել, ոչ թե ռեվերանսներ անել, խոսել ինչ-որ պայմանավորվածություններին մասին: Ո՛չ, գնում է բաց դիալոգ: Մենք մեր պահանջները, մեր խնդիրները, մեր ծրագրերը բաց ներկայացնում ենք իշխանություններին և հասարակությանը, և իշխանությունն էլ բաց պատասխաններ է տալիս դրան: Իհարկե` ոչ այնքան կոնկրետ և ուղիղ, ինչպես մենք ենք ասում, այլ ավելի մշուշապատ և այլն, բայց քայլեր են արվում, դա չի կարելի անտեսել»,- նշել է ընդդիմության առաջնորդը:
ՀԱԿ-ի վերջին հանրահավաքի ավարտից հետո` ապրիլի 28-ին, մի խումբ ընդդիմադիրներ հրաժարվում էին լքել Ազատության հրապարակը և պահանջում էին նստացույց անցկացնել, և Կոնգրեսի առաջնորդներին դժվարությամբ հաջողվեց համոզել նրանց` չդիմել այդ քայլին: Մեկնաբանելով այս զարգացումները` Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց.
«Ոչ մի բան էլ չի եղել, ժողովրդի մեծամասնությունը շատ ճիշտ հասկանում է այս ամբողջ պրոցեսը: Բնականաբար, կան անհամբեր մարդիկ, պրոցեսը չհասկացող մարդիկ, որոնց թվում է, թե կարելի էր այլ ճանապարհով հարցեր լուծել: Ես վստահ եմ` այլ ճանապարհով մենք կկործանեինք բոլոր հարցերը»:
Էջանիշներ