Այսօր առավոտից «Ժառանգություն» կուսակցության գրասենյակի առջև տեղի է ունենում բողոքի ակցիա՝ ընդդեմ կուսակցությունը կառավարող ներկայիս վարչության։ Կուսակցության գիշերվա նիստից հետո այսօր կրքերն ավելի են շիկացել ու կուսակցությունից հեռացված երեք անդամների՝ Վարդան Խաչատրյանի, Մովսես Արիստակեսյանի և Զոյա Թադևոսյանի հետ մեկտեղ, այժմ գրասենյակի առջև բողոքում են նաև կուսակցության շարքային անդամները։
Այս մասին Тert.am–ին տեղեկացրել է կուսակցությունից հեռացված Զոյա Թադևոսյանն ու մեկնաբանել, որ կուսակցության շարքային անդամները պահանջում են կուսակցության վարչության հրաժարականն այն պատճառով, որ այն լեգիտիմ չէ, իսկ երեկվա նրա կատարած հեռացումները կեղծ են՝ արված կուսակցության կանոնադրության խախտմամբ։
Ըստ նրա՝ կուսակցության աղմուկի հետևում կանգնած են կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը և Ստեփան Սաֆարյանը։ Զոյա Թադևոսյանի խոսքով՝ Արմեն Մարտիրոսյանը ցանկանում է գրավել կուսակցական իշխանությունը՝ ցույց տալու համար, որ այն ծառայում է կլանային համակարգի։ Ինչ վերաբերում է կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանին, ապա, ըստ Թադևոսյանի, նա պահպանում է բարոյական կերպարը և, հնարավոր է, հրաժական տա։ Չնայած, արդեն կան տեղեկություններ, որ Բախշյանը հրաժարական է տվել դեռ երեկ։
Մենք կապվեցինք նաև Անահիտ Բախշյանի հետ, որը խոստացավ մեկնաբանություններ տալ 2 ժամից։ Ինչ վերաբերում է բողոքի ակցիայի մասնակիցներին, ապա նրանք պատրաստելու են փաստաթուղթ, որն էլ դնելու են շրջանառության մեջ։
Ի դեպ, կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նիստին չի մասնակցել։
Էջանիշներ