Ամրոցի ներսի ամենօրյա եռուզեռին ավելացել էին շինարարների մուրճերի թխկթխկոցն ու փայտե գերաններ կրող սայլերի անիվների ճռռոցը: Արագ- արագ մի նոր կացարան էր սարքվում, որի նշանակությունը ամրոցի բնակիչներին անհայտ էր: Շշուկներ էին պտտվում, թե արքան որոշել է չտեսնված նվեր անել որդուն , այդ պատճառով էլ շինության բուն նպատակը ծածուկ էր պահվում:
Բայց երբ հասավ ժամանակը՝ արքայազնի տասնյոթամյա տարեդարձի օրը, ամենաավագ Ուսուցիչը կանչեց նրան ու առաջնորդեց առեղծվածային շինության ներսը: Հսկիչները արձանների նման կանգնած էին փայտե ծանր դռան աջ ու ձախ կողմերում: Դռան հետևում մի երկար միջանցք էր: Պատերին վառվող ջահերը դժվարությամբ էին ցրում անլուսամուտ խավարը : Արքայազնը նկատեց, որ միջանցքի մի կողմում բազմաթիվ դռներ կան, որ երևի ինչ- որ սենյակներ պիտի տանեին: Նա լռությամբ հետևում էր Ուսուցչին: Վերջինս բռնակը պտտեցնելով՝ բացեց առաջին դուռը: Դիմացի պատի տակ երեք հսկայական սնդուկներ բերնեբերան ոսկեդրամներով էին լցված: Սենյակի կենտրոնի սեղանին հեքիաթային զարդերի կույտեր՝ ադամանդի, զմրուխտի ու շափյուղի քարերով դրվագած ապարանջաններ ու մատանիներ, ծովերի անհատակ խորքերից հանած մարգարիտների խրձեր: Երբ ուսուցիչը ձեռքի ջահով լուսավորեց սենյակի ներսը, անհաշիվ գանձերի արտացոլանքները բազմագույն չարքերի նման սկսեցին պարել սենյակի պատերին ու առաստաղին:
-Սրանք աշխարհիս ամենաթանկարժեք զարդերն են: Քո հայրը կամենում է քեզ ընծայել սրանք, որ քո արդուզարդով շողարձակես հարևան արքայազնների կողքին ու քո զարդերով նրանց նախանձը շարժես: Միայն թե , եթե սա' ընտրելու լինես ամենավերջում: Առջևում դեռ շատ սենյակներ կան:
Ուսուցիչը փակեց սենյակի դուռն ու պատերին թռվռացող չարքերն էլ անհետացան ու թաքնվեցին:
Հաջորդ սենյակում ամենահմուտ զինագործների ձեռքով սարքած պողպատե սրերն էին ու անխոցելի վահանները, սրաժանիք դագանակներն ու սուրսայր նետերը, փայլուն սաղավարտներն ու թեփուկավոր զրահազգեստները:
Երրորդ սենյակում արաբական երկարաոտ աշխետ նժույգներ էին, որ անհամբերությամբ դոփում էին հատակն ու անհանգիստ փռնչոցներով տարուբերում էին գլուխները՝ ինչ է, թե կտրեն իրենց վզին հագցրած հաստ կաշեփոկերն ու քամու նման սլանան:
Ուսուցիչը հերթով բացում էր սենյակների դռները, ցույց տալիս ներսում եղածն ու պատմում դրանց մասին:
Գայթակղությունների սենյակներն էին դրանք: Չնայած մարդկանց կյանքում գայթակղություններն ընկերովի են շրջում , բայց որպեսզի պատանուն ավելի հասկանալի ու ջինջ ցույց տային դրանց իսկական փայլն ու խարդախ հմայքը, արքան հրամայել էր յուրաքանչուր գայթակղության համար առանձին սենյակ սարքել:
Դռներից մեկի հետևում չորս կանայք էին, ամրոցին ամենամոտ գյուղից կանչված գեղջկուհիներ: Հենց դուռը բացվեց, նրանք դադարեցրին իրենց զրույցն ու սեթևեթանքով ոտքի կանգնեցին: Նրանցից մեկը, որ վարսերն էր հարդարում մինչ այդ, շտապով թիկունքին նետեց երկար հյուսքն ու անզգուշաբար փեշից վայր գցեց սանրը: Կողքին կանգնածը ծիծաղկոտ աչքերով նայեց նրան ու կարծես սաստելով, թեթևակի քաշեց հագուստի թևքից:
-Սրանք ովքե՞ր են,- տեսածից անակընկալի եկած ու հուզմունքից խեղդվելով հարցրեց պատանին:
- Չար դևեր են սրանք, որ խռովում են բարի մարդկանց հոգիները, պատնեշներ են դնում փառքի և իշխանության ճանապարհին, առնում են իմաստունների միտքն ու անվախների քաջությունը: Սրանց պատճառով լավ մարդկանց կյանքը վերածվում է դժոխքի,- եզրափակեց ուսուցիչն ու փակեց դևերի սենյակի դուռը:
Իրար հետևից բացվում էին դռները սենյակների, որտեղ լցված էին աշխարհի ամենաթանկարժեք ոսկեկար հագուստները, սամույրի ու կզաքիսի մուշտակները, մետաքսածածկ ամենափափուկ բազմոցներն ու գահավորակները, հարյուրամյա գինիներն ու անդրծովյան երկրներից բերած սև ու կարմիր ուլունքահատ ձկնկիթը՝ բյուրեղապակե սկահակների մեջ: Նաև անուշահամ մրգերը, զովացուցիչ ըմպելիքներն ու օշարակները՝ ոսկեզօծ ըմպանակներում:
Տխրությունը ստվերեց արքայազնի կենսախինդ հայացքը, նրա միտքն այլևս անուշադիր էր Ուսուցչի պատմածներին ու աչքն էլ չէր նկատում իրար հետևից իր առջև բացվող ճոխությունների տեսարանները:
Ամրոցում գայլ էին պահում, որսորդներն անտառից գայլի ձագ էին բերել: Պատանին հաճախ էր տեսել, թե ինչպես էր գազանը ժամերով պտտվում վանդակի ճաղերի հետևում, պատերի կողքով առանց հոգնելու ետուառաջ անում՝ փրկության մի խորշ, մի անցք գտնելու հույսով: Իր միտքն էլ այդ գազանի նման գանգի ներսում պատեպատ էր զարնվում՝ ճշմարիտ ելքը գտնելու համար:
Երբ գայթակղությունների վերջին սենյակի դուռն էլ փակվեց, Ուսուցիչը դարձավ նրան.
-Մինչև հիմա մենք քեզ սովորեցնում ու ցույց էինք տալիս ազնվատոհմիկ ու պարտաճանաչ իշխանավոր լինելու ճամփան: Սրանցից քեզ զերծ էինք պահել, որ չխանգարեն ուսմանդ ընթացքին ու սոսկ հիմա ենք քեզ ցույց տալիս, երբ արդեն համոզված ենք, որ ինքդ կարող ես քո ունեցած գիտելիքների ու շնորհների միջոցով ճիշտ ընտրություն կատարել: Ո՞րն ես ընտրում, սենյակներից որու՞մ է քեզ ամենագրավիչն ու ամենապետքականը, առանց որի դու չես կարողանա ապրել:
Պատանին մի պահ վարանեց, հետո իր պատասխանի կարևորությունից շառագունելով, կամացուկ ասաց.
- Ընտրում եմ այն չար դևերին, որ խռովում են բարի մարդկանց հոգիները, պատնեշներ են դնում փառքի և իշխանության ճանապարհին, առնում են իմաստունների միտքն ու անվախների քաջությունը : Ու որոնց պատճառով լավ մարդկանց կյանքը վերածվում է դժոխքի: Դևերի'ն եմ ընտրում:
Էջանիշներ