Հեքիաթը գրված է Մարինա Ցվետաևայի ինքնակենսագրության մեջ ներկայացված փոքրիկ պատմության մոտիվներով:
Շատ հին ժամանակներում, երբ հոգու շիտակությունն ու ճշմարիտ խոսքը դեռ հարգի էին մարդկանց կյանքում, հենց այդ ժամանակներում աշխարհի վրա ոչնչով աչքի չընկնող մի երկիր կար, որի թագավորը երկար սպասումներից հետո վերջապես արու զավակ ունեցավ: Ինչու՞ եմ գրում «ոչնչով աչքի չընկնող»: Որովհետև այդ երկրի արքաները ողջ աշխարհին տիրելու մոլուցքով չէին հիվանդանում, ու այդ պատճառով իրենց հպատակներին չէին նեղում ծանր ու մեծ հարկերով: Նաև մայրերի մինուճար որդիներին տներից չէին հանում, զենք ու զրահ հագցնում ու տանում յոթը սարից ու յոթը ծովից այն կողմ՝ նորանոր հողեր նվաճելու: Նրանք սուս ու փուս ապրում էին՝ առանց իրենց քիթը ուրիշ թագավորությունների գործերի մեջ խոթելու, և հետևում էին, որ մնացած ագահ գահակալներն իրենց հետ վերաբերվելիս զգուշություն ցուցաբերեն:
Հենց այդ երկրում գահաժառանգ ծնվեց: Ծնողների բարեխնամ սիրուց զատ, դայակներն ու ստնտուները պահապան հրեշտակների նման հերթապահում էին նորածնի օրորոցի մոտ, կերակրում ու հոգում էին նրա մասին, ինչպես վայել էր արքայազնին:
Երբ տղայի վեցը տարին լրացավ, հայրը հեռավոր անտառի մեջ անանցանելի պարիսպներով մի դղյակ սարքել տվեց, հրավիրեց իր երկրի ամենաբանիմաց ուսուցիչներին, որպեսզի որդու միտքը կրթեն ու հոգին սնուցեն: Որ երբ օրը հասներ, նա չերկնչեր իր ուսերին դրվելիք պարտականությունից: Այն է. արդարամտությամբ ղեկավարել մարդկանց՝ առանց հարբելու իշխանության ոգելից հմայքով : Այդպես էր որոշել իմաստուն արքան:
Գարնան մի առավոտ փոքրիկ արքայազնի հետևից փակվեցին անտառամիջյան դղյակի դարբասները: Չճանաչած զվարճանքների ու գայթակղությունների փափակասուն աշխարհը մնաց դրսում: Միտքը պիտի զբաղվեր մաթեմատիկայի ու քերականության օրենքները, հնագույն փիլիսոփաների իմաստասիրությունները սերտելով: Իսկ մարմինը կոփելու համար ամենօրյա ձիավարության ու սուսերամարտի վարժանքներ էին նախատեսված: Արքան գիտեր, որ ծանր աշխատանքի մեջ է կոփվում տղամարդու կամքն ու բնավորությունը, դրա համար էլ կարգադրել էր որդուն նաև դարբնության արհեստ սովորեցնել:
Այդպես աշխարհի ու մարդկանց աչքից հեռու, միայն ուսուցիչներով ու սպասավորներով շրջապատված, օր օրի մեծանում էր արքայազնը: Դղյակի երկնամերձ պարիսպները չէին թողել, որ նա իմանա դրսում կատարվողի մասին, իսկ աչալուրջ ուսուցիչները հարցերին պատասխանում էին՝ թե ամեն ինչի ժամանակը կա: Դրսին ծանոթանալու ու դրսում ապրելու ժամանակն էլ կհասնի:
Տարիների հետ երեկվա մանչուկը վերածվեց ջլապինդ ու հաղթ բազուկներով պատանու: Քչերը կհամարձակվեին նրա հետ մրցել ձիարշավի ժամանակ, երբ նա խարտյաշ մազերը քամուն տված սլանում էր նետի նման: Դիֆերամբ ու նամակներ գրելու հարցում էլ շնորհներ էր ցուցաբերում, իսկ երկրաչափության խնդիրները լուծում էր նույն թեթևությամբ, որպես ամրոցի փայտահատներն էին հսկա գերանները կացով ջարդոտում ու դարսում: Ուսուցիչները գոհունակությամբ նայում էին սանի հաջողություններին, մի քիչ էլ տխրում, որովհետև մոտենում էր ժամը, երբ արքայազնը իրենց հրաժեշտ պիտի տար:
Լրացավ պատանու տասնյոթ տարին:
Շարունակելի:
Էջանիշներ