User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Վեցը ութում

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վեցը ութում

    Հատուկ Magic Mushroom-ի համար... Սկսում եմ տեղադրել անցյալ տարվա ճամփորդական պատմությունս:

    1. Սկիզբը


    Երկու տարի առաջ, երբ հուզմունքից չէի իմանում՝ ինչպես ավարտել Ամստերդամի պատմությունը, երբ բառեր չէի գտնում «Գրքանմանն» ամբողջացնելու համար, մտքովս չէր էլ անցնում, որ հաջորդ հանդիպումս այդքան մոտ կլինի:

    Ես նախատեսել էի, որ այս ամենը կգրեմ ինքնաթիռում, երբ քունս չափից դուրս շատ կտանի, բայց աթոռի ուղղահայացությունը թույլ չի տա աչքերս հանգիստ փակել, իսկ հարևանս այնքան անհետաքրքիր կլինի, որ ձանձրույթից կմեռնեմ և ուղեկցորդուհուն րոպեն մեկ կհարցնեմ, թե ինչքան ժամանակ է մնացել մինչև թռիչքի ավարտը: Այդ ժամանակ միակ բանը, որ կօգնի՝ ժամերն անցնեն, գրելը կլինի:

    Բայց որովհետև կոմպը չի աշխատում ինտերնետ մտնելու համար, իսկ ուղեղս չափից դուրս լարված է, որ կարողանամ գիրք կարդալ, որոշեցի փոքրիկ նախաբանս մինչև ինքնաթիռ նստելս հասցնել:

    Այս տարվա ճամփորդությունս մի տեսակ հապճեպ ստացվեց: Ի տարբերություն նախորդների, վեց ամիս առաջ չէի ծրագրել, քննություններ չէի հանձնել, հորիցս փող չէի ուզել, դեսպանատան հերթերում չէի խաշվել, դիմավորողներիս հետ չէի պայմանավորվել, որովհետև նրանք չկային:

    Մայիսի վերջերին, երբ Ամստերդամի ամառային դպրոցից մերժում ստացա, առանց երկար-բարակ մտածելու դիմեցի Ուտրեխտ, թեկուզ դրանից առաջ մտածել էի Ամստերդամի չստացվելու դեպքում Իսպանիա գնալ: Անգամ երբ նամակ եկավ, որ ընդունվել եմ, էլի տատանվում էի. արժե՞ գնալ: Ու նորից պահի ազդեցության տակ հանեցի կրեդիտ քարտս, վճարեցի:

    Հիմա, երբ հետ եմ նայում, զգում եմ, որ մեկ շաբաթվա համար իսկապես շատ թանկ եմ վճարել: Դրա համար պետք է հասցնեմ քաղել ամեն ինչ, քամել ամեն մի վայրկյանը, որ մի շաբաթը մեկ ամսվա արժեք ստանա: Հենց այդ պատճառով ամեն ինչ նախապես պլանավորել եմ. ժամ առ ժամ, րոպե առ րոպե, դասեր քաղել իմ նախորդ ճամփորդություններից:

    Եթե բացեք ուսապարկս, մեջը լիքը տեղեկատվություն կգտնեք. քարտեզներ, տպագիր e-mail-ներ, հեռախոսահամարներով ու տարբեր նշումներով մի ֆրանսիական բլոկնոտ, որից Պիկասոն ու Հեմինգուեյն էլ են օգտագործել: Մեջը մատիտով եմ գրում, որ անպետք նյութերը կարողանամ ջնջել, հնացածը՝ թարմացնել, որ բլոկնոտս երբեք չվերջանա և ուղեկցի ինձ իմ բոլոր ճամփորդությունների ընթացքում: Թիթիզություն:

    Այս տետրի նախորդ էջերը երևի հերիք են հասկանալու համար, թե որքան շատ եմ սիրում Ամստերդամը: Գիտե՞ք, թե ինչքան անհամբեր եմ:

    Այնպես եմ ծրագրել ճամփորդությունս, որ մտքիս մեջ մի հազար անգամ գնացել-եկել եմ, հանդիպել եմ բոլոր նախատեսված մարդկանց, զրուցել նրանց հետ, հայտնվել նախատեսված բոլոր վեց քաղաքներում, նստել Ամստերդամի կենտրոնական կայարանի հետևում ու զմայլվել ջրով, բադերով, խաղաղությամբ, լուսանկարել, գրել, ծանոթացել մի սիրուն տղայի հետ ու ասել, որ շտապում եմ. Ichthus-ի ժողովուրդն ինձ սպասում է:

    Մի պահ ստիպված եղա գրելս դադարեցնել, որովհետև հանկարծ հիշեցի, որ երկու կարևոր բան մոռացել եմ. հոլանդերեն-ռուսերեն և իսպաներեն-հայերեն բառարաններս: Դրանցից առաջինը երկու տարի առաջ նվեր ստացա, երբ Դավոն, որը Ուտրեխտում ամառային դպրոց էր գնացել այն ժամանակ, երբ ես էլ Ամստերդամում էի, ծննդյանս օրը տվեց ինձ ու նշեց, որ սիրում է անպետք բաներ նվիրել:

    Անգամ այս պահին այն բավական անպետք է, որովհետև Հոլանդիայում բոլորն անգլերեն խոսում են, ու բառարանից օգտվելու կարիք հաստատ չի լինի: Պարզապես խորհրդանշական նվեր է, ու մի տեսակ ուզում եմ հետս վերցնել:

    Իսկ իսպաներեն-հայերենը վերցնում եմ, որովհետև հույս ունեմ, որ այնտեղ կլինեն նաև իսպանախոս ուսանողներ, և ես կկարողանամ լեզուս մարզել: Ասում եմ, չէ՞, այս ճամփորդությունից պետք է քաղեմ ամեն ինչ, անգամ իսպաներենի փորձառություն:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (02.08.2010), cold skin (16.08.2010), einnA (17.08.2010), Freeman (03.08.2010), Magic-Mushroom (02.08.2010), Դատարկություն (02.08.2010), Եկվոր (03.08.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    2. Ելք դեպի քաղաք

    Ուտրեխտի կենտրոնական կայարան հասա առանց դժվարությունների: Բայց իմ ամենալուրջ խնդիրը... կծիծաղեք... Այնտեղից դուրս գալն էր:

    Ճամպրուկս թեև փոքր էր, բայց բավական ծանր էր: Ու եթե ճիշտը խոսենք, խնդիրը ոչ այնքան նրա ծանրությունն էր, որքան քաշելու դժվարությունը. բռնակը ձեռքս ցավացնում էր:

    Իսկ ես անընդհատ պտտվում ու պտտվում էի՝ մոռանալով հոլանդերեն uitgang բառը: Ձեռքերս կարմրել էին, հրաժարվում էին ինձ ենթարկվել: Փորձում էի սլաքների «խորհրդին» հետևել, բայց դրանք խանգարում էին, տանում տարբեր ուղղություններով, տարբեր խանութներ:

    Հետո չգիտեմ ոնց ստացվեց, բայց դրսում հայտնվեցի: Շուրջս նայեցի: Ավտոբուսի կանգառը դիմացն էր, բայց տոմս չունեի, տոմսի ապարատ էլ չկար, իսկ ես չէի ուզում ավտոբուսից գնել, որ մի քանի անգամ ավելի թանկ չվճարեմ:

    Խորը շունչ քաշեցի ու նորից մտա այդ հսկայական կենտրոնը: Որ կողմ գնում էի, փորձում էի մտապահել, որ կարողանամ վերադառնալ:

    Մեծ դժվարությամբ գտա փնտրվող խանութն ու անհրաժեշտ տոմսը: Կասեք՝ մեկնումեկից հարցնեիր, բայց այնտեղ մարդիկ այնպիսի արագությամբ էին սլանում, որ չէիր հասցնում՝ բերանդ բացել: Միայն մի վաճառողուհու կարողացա դիմել, որն ինձ ցույց տվեց մեկ այլ խանութ, որտեղ կար անհրաժեշտ տոմսը: Բայց նույնիսկ նրա ասած ուղղությամբ գնալու համար պետք էր շատ բախտավոր լինել: Նա ասաց՝ աջ, և ես գնացի ու տեսա, որ երկու աջ կա. աջ և ավելի աջ:

    Տոմսը գնելուց հետո մեկ այլ խնդիր առաջացավ. ինչպե՞ս դուրս գալ, որովհետև այնքան էի շրջել, որ մոլորվել էի: Լավ էր՝ այս անգամ այնքան ուժեղ մոլորվեցի, որ մի լուռ ու հանգիստ տարածքում հայտնվեցի ու հանդիպեցի մի խոհարարի:
    - Որտե՞ղ է ելքը:
    - Ելք դեպի ու՞ր:
    Մտքիս մեջ՝ ի՞նչ կարևոր է, մենակ թե երկինքը տեսնեմ:
    - Դեպի ավտոբուսի կանգառ:
    Բացատրեց:

    Դրանից հետո թե´ բանալի վերցնելու տեղը, թե´ բնակարանս գտա առանց դժվարության: Բայց, միևնույն է, ձեռքերս կարմրել ու վերքոտվել էին, ու ճամպրուկ քշելը գնալով ավելի դժվար էր դառնում... Այդ անիծյալ ճամպրուկն էր հետս, երբ Լոնդոնի փողոցներում կորել էի գիշերվա մթին ու մտածում էի, որ այլևս երբեք տուն չեմ հասնի:

    Ուտրեխտի իմ սենյակը մի հիանալի վայրում էր՝ կենտրոնից ոչ շատ հեռու, այգու դիմաց: Այստեղ միայն Ուտրեխտի բժշկական կենտրոնի հետ կապված մարդիկ են մնում: Այնպես որ, բժիշկների տուն էր:

    Շենքը չորս հարկանի էր, 49 սենյակով: Ամեն հարկ ունի իր խոհանոցը, ցնցուղները և զուգարանները: Կա ընդհանուր հյուրա-, հեռուստ- և կոմպերի սենյակ՝ անվճար ինտերնետով: Իսկ տան դիմացի սիրուն այգում՝ խոտերի մեջ նստած, սկսեցի այս պատմությունս:

    Երբ աշխատողներից մեկն ինձ տեսավ և իմացավ, որ հայ եմ, ուրախացավ: Ասաց՝ մի հայ էլ անցյալ տարի է այնտեղ եղել: Շտապեցի կուրսեցուս գրել, ու պարզվեց՝ ինքն է եղել, չնայած լրիվ ուրիշ ծրագրով էր Ուտրեխտում գտնվել:

    Չնայած ուժասպառ էի եղել, բայց երկար քնել չկարողացա. ժամանակս քիչ էր, իսկ ես անհամբեր էի: Վեր կացա, տաք լոգանք ընդունեցի, պայուսակս դասավորեցի. գնում ենք Ուտրեխտում զբոսնելու, դեպի կենտրոնական կայարան, դեպի Ամստերդամ:

    Որոշեցի մինչև կենտրոնական կայարան ոտքով գնալ. ժամանակ ունեի, ձեռքի հետ էլ քաղաքին կծանոթանայի:

    Ու քայլում եմ Ուտրեխտի փողոցներով: Գեղեցիկ քաղաք է. փոքր-փոքր շենքերով, ջրանցքներով, որոնց ափերին՝ ներքևում, սրճարաններ կան: Իսկ շոգն անտանելի էր: Հոլանդիայում ընդհանրապես որևէ տեսակի շոգ չէի հիշում:

    Թվում էր՝ հեքիաթում եմ: Մի տեսակ հանդարտություն կա Ուտրեխտի մեջ:

    Ժամանակ առ ժամանակ քարտեզս հանում էի, հետևում, որ հանկարծ սխալ ուղղությամբ չգնամ: Էդպես մի անգամ նայելիս կողքից լսում եմ.
    - Կարո՞ղ եմ քեզ օգնել:
    Դե արի ու մի ասա... Երբ կենտրոնական կայարանում հուսահատված օգնություն էի փնտրում, ոչ մեկի պետքը չէր: Որևէ բան հարցնելիս էլ թռուցիկ պատասխան էին տալիս: Բայց հիմա, երբ ինձ համար զբոսնում եմ և քարտեզն ապահովության համար եմ բացում, հանկարծ օգնող է հայտնվում:
    - Ո´չ,- պատասխանում եմ:
    - Իսկ ու՞ր ես գնում:
    Նայում եմ՝ սև է: Ես ռասիստ չեմ, բայց Գերմանիայի պատմությունից հետո, որը մի օր կպատմեմ, եթե բոլոր տեսակի ճամփորդական նոթերս ավարտեմ ու էլի գրելու ցանկություն ունենամ, սևերից սկսել եմ զգուշանալ:
    - Պարզապես զբոսնում եմ:
    Ու քայլերս չեմ դանդաղացնում: Նա էլ կողքիցս գալիս է:
    - Որտեղի՞ց ես:
    - Հայաստանից:
    Գոնե մի օգուտ տամ. թող Հայաստանի տեղն իմանա:
    - Դա որտե՞ղ է, ովքե՞ր են հարևանները:
    Սկսում եմ բացատրել: Չի օգնում:
    - Այսինքն, Ռուսաստանի՞ց:
    - Չէ´:
    - Քրդստանի՞ց:
    - Չէ´:
    - Ի՞նչ լեզվով եք խոսում:
    - Հայերեն:
    - Էդ ի՞նչ է, քրդերե՞նն է:
    Դե արի ու դիմացիր...
    - Որտեղի՞ց ես եկել:
    - Վիեննայից:
    - Վիետնամի՞ց:
    Վախ մամա ջան:
    - Չէ´, Վիեննա՝ Ավստրիա:
    - Դա որտե՞ղ է:
    Թու˜, սրա IQ-ն ձգտում է 0-ի: Հետո.
    - Արմատներս Հնդկաստանից են:
    Ես էլ ասում եմ՝ ինչու է չամռվել: Ընդհանրապես, հնդիկները շատ լավն են. մեր համալսարանում քիչ չեմ շփվել: Բայց երբ բանը հասնում է աղջիկ կպցնելուն, ծամոնի նման են:

    Նայում եմ՝ այս տղան ժամանակ առ ժամանակ շալվարը ձգում է վերև: Լսել եմ, որ երբ այդպես են անում տղաները, ուրեմն սեռական ցանկություն ունեն: Ես դրան չէի հավատա, եթե չկարողանայի գիտական բացատրություն գտնել:

    Չէ´, պետք է քանի շուտ է՝ ազատվել, թե չէ որ սրան մնա, փողոցի մեջտեղում էլ շորերս կհանի:

    Առիթից օգտվում եմ. դիմացի մայթին ստվեր կա:
    - Ես հիմա պետք է փողոցն անցնեմ,- ասում եմ:
    Այնքան հիմար է, որ այդ էական տարբերությունը չի հասկանում. դեմքի շփոթված արտահայտությունը վկա:
    Ուզում է ասել՝ կարո՞ղ եմ քեզ միանալ.
    - Can I enjoy you?
    Ո´չ, ո´չ, ո´չ...
    Որ այսպես է ասում, մտածում եմ նույնիսկ ուղղությունս փոխելու մասին: Բարեբախտաբար. խաչմերուկ էր, կարող էի մյուս փողոցով գնալ:

    Անցնում եմ, մի քանի քայլ գնում ուղղահայաց փողոցով, հետ գալիս, որ ճամփաս չկորցնեմ, բայց դա դեռ կանգնած նայում է ճանապարհին, որով հեռացել էի: Նորից իջնում եմ փողոցով: Այս անգամ հաստատ որոշել եմ հետ չգնալ. քարտեզ ունեմ, չեմ կորի:

    Մեկ էլ մի դռան մոտ տեսնում եմ մի կնոջ՝ լիֆչիկ-տրուսիկով կանգնած: Ընդ որում, լիֆի տակից պտուկի շրջակայքի գունակը՝ արեոլան, երևում է: Ներսից ինչ-որ մեկի հետ է խոսում իսպաներեն: Սկզբում մտածում եմ՝ ցնդած լատինաամերիկացի է: Մի քանի քայլ առաջ եմ գնում: Տեսնում եմ բազմաթիվ այդպիսի կանանց՝ ցուցափեղկերի հետևում: Վախեցած շրջվում, հետ եմ գնում: Հնդիկը դեռ այնտեղ է: Ճար չունեմ, պիտի անցնեմ այդ փողոցով: Ես էլ ասում եմ՝ ինչու է ուշադիր հետևում, թե ուր եմ գնում: Երևի կարծել է՝ հերթական պոռնիկն եմ:

    Երևում է՝ այս այցելությանս ժամանակ ավելի շատ բան եմ սովորելու Հոլանդիայի մասին, քան նախորդ անգամ: Հետագայում պարզում եմ, որ փաստորեն մարմնավաճառներն այստեղ օրը ցերեկով էլ են գործ անում:

    Բայց ես իսկապես մոլորվեցի, եթե դա կարելի է այդպես անվանել, որովհետև իրականում գիտեի՝ ուր պիտի գնամ, որ նորից գլխավոր փողոց դուրս գամ: Պարզապես փողոցների անունները քարտեզի վրա չէի գտնում:

    Երբ վերջապես հայտնվեցի գլխավոր փողոցում ու տեսա ինձ ծանոթ «Ալբերտ Հայն» սուպերմարկետը, որոշեցի սնվել: Գնեցի իմ սիրած թունայով սենդվիչը, որը երկու տարի առաջ Ամստերդամի Դամ հրապարակում էի ուտում, մի շիշ կոլա, ու քաղցս մի քիչ կոտրվեց:


    Ամստերդամի, մնացած քաղաքների մասին հաջորդիվ

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (03.08.2010), cold skin (16.08.2010), einnA (17.08.2010), Freeman (16.04.2011), Magic-Mushroom (03.08.2010), Եկվոր (03.08.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    3. Եվ հասնում ենք Ամստերդամ

    Մորս մորաքրոջ աղջկա՝ Անուշի հետ պայմանավորվել էի երեկոյան յոթից հետո: Ավելի շուտ հասա, որ վայելեմ քաղաքը, թեև անտանելի հոգնած էի:

    Քայլում եմ դեպի կենտրոնական կայարանի հետևի կողմը ու զգում, որ ամեն մի մանրուք սարսափելի ծանոթ է: Յուրաքանչյուր խանութի հետ ինչ-որ փոքրիկ հիշողություն է կապված, որի մասին «Գրքանմանում» չեմ էլ գրել:

    Հասնում եմ իմ սիրած տեղը ու հարմար տեղավորվում: Հակասական զգացողություն է առաջանում. մերթ թվում է՝ առաջին անգամ եմ այստեղ, մերթ՝ որ միշտ Ամստերդամում եմ ապրել ու ամեն օր եկել, նստել կենտրոնական կայարանի հետևում:

    Ու երեկը նորից ջնջվել է, անհետացել: Երևանն իմ ժամանակի զգացողության մեջ չի տեղավորվում. այն երեկ չէր, ոչ էլ մի շաբաթ կամ մի ամիս առաջ, այլ ժամանակի մի ուրիշ, զուգահեռ կտորում: Եվ ինձ համար երեկ դառնում է երկու տարի առաջը, երբ գրեթե ամեն օր ես կենտրոնական կայարանի հետևում էի: Գուցե այդքան հարազատ է մնացել նաև նրա համար, որ վերջին երկու տարիների ընթացքում մտովի կամ երազներում հաճախ եկել եմ այս կողմերը, նստել, երազել:

    Եվ ես գտնվում էի աշխարհում իմ սիրած վայրերից մեկում: Անջատվել էի: Ո´չ գրելու ցանկություն ունեի, ո´չ կարդալու: Գրկել էի պայուսակս ու վայելում էի ջրի ներկայությունը: Քամի կար, ու կտրուկ տարբերվում էր կայարանի մյուս կողմի անտանելի տոթից:

    Եթե չիմանայի, որ Անուշենց պետք է գնամ, գուցե հավերժ այնտեղ նստեի: Աշխարհում չկա մի ուրիշ այնպիսի վայր, որ այդքան խաղաղություն տա ինձ, որքան Ամստերդամի կենտրոնական կայարանի հետևի կողմը:

    ...Անուշի բնակարանը գտա առանց դժվարության, բայց տանը չէր: SMS եմ գրում: Պատասխան չկա: Ի՞նչ անել: Վերադառնա՞լ Ուտրեխտ, թե՞ գրել Թեդոյին, որն իր տունն առաջարկել էր, եթե Ամստերդամում գիշերելու տեղ չունենայի: Իսկ գուցե պե՞տք էր սպասել: Շենքում հաստատ չէ: Խեղդվում էի: Ամստերդամի մուտքերի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ շնչելու օդ չկա:

    Դուրս եկա: Լավ էր՝ շենքի մոտ խաղահրապարակ կար, իսկ այնտեղ՝ նստարան. կարող էի նստած սպասել: Արդեն երեկո էր, ու շոգն էլ կոտրվում էր: Մի քիչ էլ, ու նույնիսկ ժակետ հագնելու կարիք կլիներ:

    Ինչքա՞ն սպասել: Չէ, Անուշը հո չի՞ փախչելու. պիտի ի վերջո տուն գա, չէ՞: Իսկ եթե մեկնել է քաղաքից դու՞րս: Այդ դեպքում մինչև ուշ գիշեր էլ սպասեմ, չի գա, ու Թեդոյի մոտ գնալու կամ Ուտրեխտ վերադառնալու համար ուշ կլինի:

    Մորս SMS եմ գրում. գուցե զանգի Անուշին:

    Ի՞նչ եմ անելու: Աչքերս արդեն լցվում են: Կողքի մուսուլման կանայք անընդհատ ինձ են նայում: Հասկանու՞մ են՝ ինչ է կատարվել:

    Քիչ անց... Անուշը քայլում է դեպի ինձ.
    - Ի˜նչ լավ ա՝ չես գնացել:
    Պարզվում է՝ նրա SMS-ները չեն հասել ինձ: Կորչի ռոումինգը:

    Աննըմարին՝ Անուշի դուստրը, մեքենայից դուրս է թռչում, գալիս, ինձ փաթաթվում: Ծանոթանում եմ Անուշի սևամորթ ընկերուհու՝ Էլլայի հետ:

    շարունակելի

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (16.08.2010), einnA (17.08.2010), Freeman (16.04.2011), Magic-Mushroom (06.08.2010)

  7. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    4. Սխեֆենինգեն

    Դեռ Երևանում ես ու Անուշը ծրագրել էինք, որ կիրակիին անց կկացնենք Հաագայի ծովափին՝ Սխեֆենինգենում:

    Այստեղ պատմելու շատ բան չկա: Սկզբում ես ու Աննըմարին մտանք SeaLife, իսկ Անուշը, Էլլան ու շունը՝ Սաշան, դրսում սպասեցին:

    SeaLife-ում մի անգամ էլ Դրեզդենում եմ եղել, բայց պետք է ասեմ, որ այստեղ ավելի սիրուն ու հետաքրքիր էր սարքած:

    Հետո հարինգ կերանք: Այն յուրահատուկ հոլանդական ուտելիք է: Հացի մեջ հատուկ ձուկ են դնում, սոխ ու թթու վարունգ: Վաճառողը զգուշացրեց, որ ուտելիս զգույշ լինենք, որովհետև թռչունները կարող են իջնել ու թռցնել:

    Մինչ Էլլան իր բուրգերները կուտեր (հարինգ չուզեց. զզվում է), ես ու Աննըմարին իջանք ծովափում զբոսնելու:

    - Ես սիրում եմ բոբիկ քայլել. մասաժ ա,- ասաց Աննըմարին ու կոշիկները հանեց: Հետևեցի նրա օրինակին: Դեռ վերևում սալահատակն այնքան ձգող էր, որ ուզում էի բոբիկ քայլել, բայց հետո մոռացա դրա մասին:

    Քայլում էինք փափուկ ավազի միջով: Հազիվ էինք առաջ գնում. խրվում էինք: Տաք էր:
    - Ստեղ զգու˜յշ. կծակի:

    Նայեցի ներքև. խեցիներ էին:

    Հասանք ծովին:
    - Աննըմարի´, առաջ մի գնա. շալվարով եմ, կթրջվեմ:

    Կանգնել ենք ջրի ու ավազի սահմանին: Ալիքները թրջում են մեր ոտքերը: Սառն է: Ամպամած է:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (16.08.2010), einnA (17.08.2010), Freeman (16.04.2011), Magic-Mushroom (09.08.2010)

  9. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    5. Ուտրեխտը խոշորացույցով

    Ովքեր հետաքրքրվում էին կարմիր և կապույտ լույսերի տարբերություններով, կարող են կարդալ սա:

    Մի շիշ կոլա, «Գրքանմանս», և ես իջել եմ ջրանցքի ափ, հարմարվել նստարանին: Հետևում եմ կեղտոտ կանաչ ջրերին, մեջը լիքը տերևներ ու մի քանի բադ՝ կտուցները պոչերին: Ժամանակ առ ժամանակ նավեր են անցնում: Ցուրտ է, քամի կա: Պատսպարվել եմ ծառերի տակ, իսկ դրանք լիքն են: Աղավնիները չեն վախենում մոտենալուց:

    Ինչքան ճամփորդել եմ, չեմ տեսել մի այնպիսի քաղաք, որը բնությունից այնքան կտրված լինի, ինչքան Երևանը:

    ***
    Այստեղ ես ընդհատեցի և տուն եկա: Չէ´, չհոգնեցի, ասելիքս չփոխվեց: Ուղղակի ինչ-որ բան ճլրթաց տետրիս վրա ու ոտքիս: Մի քանի վայրկյան անց հասկացա, որ ինչ-որ մեկը վերևից ծրտեց: Պայուսակս բացեցի, որ անպետք թուղթ գտնեմ, որովհետև անձեռոցիկ չէի վերցրել հետս (ինչպիսի˜ անհեռատեսություն): Պոկեցի Դոմից վերցրածս բուկլետի վերջին էջն ու սրբեցի: Բայց օգուտը մեծ չէր: Տետրիս համար այնքան չէի անհանգստանում, որքան շալվարիս: Իսկ կողքի նստարանի գարեջուր խմող սիրուն տղան թաքուն ինձ էր նայում ու ծիծաղում: Չէ´, չէի կարող դիմանալ. պետք է հեռանալ:

    Լավ, անցնենք Ուտրեխտին...

    Պարզվում է՝ քաղաքը շատ ավելի փոքր է, քան ես պատկերացնում էի: Սկզբում մտածում էի՝ կենտրոնին մոտ եմ ապրում, բայց երբ երեկ Էլլան մեքենայով բերեց ինձ, պարզվեց՝ քաղաքի ծայրից էլ հեռու չեմ:

    Զբոսանքը սկսվեց Դոմից. հսկայական եկեղեցի է, դիմացը՝ աշտարակ: Տղաները դրա հետ կապված մի ծիծաղելի պատմություն պատմեցին: Մանրամասները կճշտեմ ու դա էլ կգրեմ: (բայց արդեն ոչինչ չեմ հիշում):

    Մտանք համալսարանի ակադեմիական մասնաշենք: Դուրս գալիս է Ուտրեխտի հնության ու նորի համադրումը: Այս շենքը բավական հին էր, ու թեև ներսը լավ նորոգված էր, նրա հնությունը պահպանել էին: Իսկ այն տունը, որտեղ ապրում եմ, ինչքան ուժ ունի, ժամանակակից է:

    Ակադեմիական մասնաշենքում կար մի դահլիճ, որտեղ տեղի են ունենում թեզերի պաշտպանություններն ու գիտական աստիճանների շնորհումները: Այնտեղ փակցված էին համալսարանի բոլոր ռեկտորների յուղանկարները, իսկ դրանք, շարված լինելով մի քանի շարքով, գրավում էին ամբողջ երեք պատ: Չորրորդին էլ թագուհու նկարն էր:

    Թեկուզ Ուտրեխտը փոքր է, այնտեղ ամեն մի հրապարակ, ամեն մի շենք իր պատմությունն ունի:

    Տղաները պատմեցին կաթոլիկների և բողոքականների պատերազմների, իսպանացիների տիրապետության և անգամ մարմնավաճառների մասին:
    - Որտեղ տեսնում եք կարմիր լույս, նշանակում է՝ տարածքում մարմնավաճառներ կան: Այստեղ Ամստերդամի նման չէ. ընդամենը մի փոքրիկ փողոց է: Ամստերդամում կարելի է նաև կապույտ լույս տեսնել: Դա նշանակում է, որ ապակու հետևի կինը տղամարդ է:

    «Պաշտոնական» պտույտից հետո, որի ժամանակ քչերի, ավելի ճիշտ՝ միայն մի հոգու հետ մի քիչ շփվեցի, անցա իմ մեն-մենակ, մտքերի ուղեկցությամբ զբոսանքին: Քայլեցի Hemingway կոչվող սրճարանի մոտով, հիացա մի փոքրիկ արձանով, որի մասին տղաներն այդպես էլ ոչինչ չասացին և որի մոտով մի քանի անգամ անցել էի, վերադարձա ու մոտիկից ուսումնասիրեցի:

    Ապարատս միացրի ու նկարեցի: Հետո տեսա անունը. Աննա Ֆրանկ, իսկ փոքրիկ պատվանդանի տակ՝ չորացած ծաղիկներ:

    Ուտրեխտ ասելով շատերը հասկանում են հենց Դոմը, իսկ ես փոքրիկ Աննա Ֆրանկին ու Hemingway կոչվող սրճարանը պիտի հիշեմ:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (16.08.2010), einnA (17.08.2010), Freeman (16.04.2011), Դեկադա (09.08.2010), Շինարար (09.08.2010), Ռուֆուս (09.08.2010)

  11. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    6. Ամստերդամը նորից

    Ինձ թվում է՝ մի քաղաք այցելելուց հետո այլևս չպետք է այնտեղ գնալ, որ միշտ կարոտես, ու ինչ-որ կախարդական բան մնա դրա մեջ:

    Երբ քայլում էի Ամստերդամում, այլևս չէի զգում, որ դա իմ սիրած քաղաքն է: Ամեն ինչ մի տեսակ սովորական էր ու ոչ ամբողջական. թվում էր՝ ֆրագմենտավորված երազ եմ տեսնում:

    Ես հասցրի իմ սիրած բոլոր տեղերում լինել: Ու զարմանում էի, թե ինչքան շատ մանրուքներ է պահպանել հիշողությունս: «Հիմա բազմաշարք պատուհաններով շենքի մոտով կանցնենք»,- մտածեցի: Այդպես էլ եղավ: Բայց ես երբևէ որևէ ուշադրության չէի արժանացրել այդ շենքը, որևէ մեկին չէի պատմել, չէի գրել, չէի լուսանկարել: Ուղղակի ավտոբուսի պատուհանից այն կողմ տեսել էի ու չէի մոռացել:

    Հիշում էի անգամ ավտոբուսների կանգառների անունները, բայց զարմանալիորեն շփոթել էի այն մեկը, որի մոտ ապրում էի: Ամեն դեպքում՝ տեսքը հիշեցի, ճիշտ տեղում իջա:

    Շտապեցի մեր բակ: Ահա այն շենքի վերջին հարկում էի ապրում: Տեսնես՝ ո՞վ է հիմա այնտեղ, Շակը շարունակու՞մ է վարձով տալ, թե ոչ: Քայլեցի դեպի իմ սիրած ջրանցքը, որը մի անգամ երեկոյան լուսանկարել էի: Կղզի կար, որը ջուրը երկու մասի էր բաժանում: Ու այնպիսի˜ հանդարտություն կար այնտեղ: Երբեմն, երբ կենտրոնի համար շատ հոգնած էի լինում, նստում էի հենց այդ ջրանցքի մոտ ու զբաղվում իմ մշտական գործով՝ գրելով ու կարդալով:

    Քայլեցի դեպի մեկ այլ ջրանցք: Այն բավական լայն էր: Երկու տարի առաջ հենց այդ մեկին վերջինը հրաժեշտ տվեցի, երբ թռիչքիցս երեք ժամ առաջ դուրս եկա մանր-մունր գնումների:

    Մի քիչ էլ, ու... իմ մշտական սուպերմարկետն է: Այնտեղից սառը թեյ գնեցի ու նստեցի մոտակա ջրանցքի մոտ: Պայուսակիցս հանեցի հաց-կարագ-պանիրը, որը դեռ առավոտյան էի պատրաստել:

    Ջրի մեջ բադեր էին ֆռֆռում: Սկսեցի կերակրել: Հետևում էի նրանց աղմուկին, իրարից խլելուն, վազքին, որը մյուսը չհասցնի վերցնել:

    Վեր կացա և գնացի դեպի այնտեղ, որտեղ ընդամենը մեկ անգամ եմ եղել, բայց ճամփան անգիր հիշում էի: Դա փայտե արձանների հրապարակն էր, որտեղ մի սիրուն նկար ունեմ... ինքս եմ նկարել: Շատ էի սիրում այդ թաղամասը, ու այնպե˜ս կապրեի այնտեղ:

    Հրապարակում փայտե արձաններ չկային այլևս: Փոխարենը ծաղիկներ էին՝ ծաղկած փայտեր:

    Իմ հաջորդ քայլը կենտրոն գնալն էր: Նստեցի տրամվայ: Մտածում էի՝ ինձ ծանոթ Leidsplein-ից երկու կանգառ շուտ իջնել, որ մի քիչ շատ քայլեմ, այգիներով գնամ:

    Պարզվում է՝ Ամստերդամն այնքան լավ չէի հիշում, որքան ինձ թվում էր, որովհետև անընդհատ շրջաններ էի գծում և այդպես էլ իմ ուզած տեղում չէի հայտնվում: Բայց չէ´, այստեղ հարցը հիշելը չէր: Կորցրել էի զգացողությունս քաղաքի նկատմամբ: Չէ՞ որ այն ժամանակ ես միշտ գիտեի՝ ուր եմ գնում, թեկուզ քարտեզ չունեի և երբևէ չէի եղել այդ վայրերում:

    Իսկ հետո երազեցի Դամ հասնելու, իմ սիրած տեղում նստելու, շուրջս նայելու ու պարզապես անջատվելու մասին:

    Ու նույնիսկ Դամը, չնայած բոլոր ճանապարհներն այնտեղ են տանում, դժվարությամբ գտա: Մարդաշատ էր: Իմ սիրած նստարանները զբաղված էին: Անգամ գետնին նստելու հարմար տեղ չկար: Ինչ-որ բանի շուրջ բազմություն էր հավաքվել: Մոտեցա: Այն նույն պարոնն էր, որը երկու տարի առաջ էլ այստեղ շոուներ էր կազմակերպում՝ բազմելով իր միանիվ հեծանիվի վրա:

    Ամբողջ շոուն նույնն էր՝ բառ առ բառ: Ամեն նախադասությունից հետո գիտեի՝ ինչ է ասելու: Միայն կատակները մի քիչ այլ ընթացք ստացան, որովհետև բազմությունից ընտրված օգնականները ոչ թե լեհ էին, այլ ամերիկացի, իսկ անգլերեն չիմացող փոքրիկը՝ իտալացի:

    Դամում չէի կարող երկար մնալ, որովհետև ժամը յոթն էր մոտենում, իսկ այդ ժամանակ պետք է Անուշի մոտ լինեի:

    Մեծ արագությամբ հասա կենտրոնական կայարան, գնացի հյուսիս՝ իմ սիրած տեղը: Այս անգամ բադերի փոխարեն կարապներ էին լողում: Լուսանկարվեցի: Բայց երբ նայում եմ այդ նկարներին, մի տեսակ ոնց որ ավելորդ լինեմ: Դրանք պետք է դատարկ լինեն՝ առանց ինձ:

    Հետո շտապեցի հեռանալ, բայց մի պահ կանգ առա, հետ նայեցի, շշնջացի. «Մնաս բարով», որովհետև հավանաբար էլ երբեք չգնամ այնտեղ: Որոշել էի առանց կարևոր առիթի այլևս երբեք Հոլանդիայում չհայտնվել:

    Հասա Անուշենց: Ուշ էր: Միասին ճաշեցինք, տապակած բանան կերանք: Աննըմարին ու Էլլան շուտ քնեցին: Ես ու Անուշը սրճեցինք: Սիրում եմ Եվրոպայում սուրճ խմել: Ի տարբերություն Հայաստանի, որտեղ այն ինձ համար առույգ մնալու միջոց է, այստեղ համ ու հոտ ունի, և նույնքան հաճելի է, որքան պաղպաղակը:

    Երբ հասա կենտրոնական կայարան, արդեն մութ էր: Ինչ-որ հայտարարություն եմ լսում Ուտրեխտի մասին: Հոլանդերեն է, չեմ հասկանում: Նայում եմ էկրանին: Ուտրեխտ չկա: Դիմում եմ աշխատողին: Ասում է՝ չի էլ լինելու: Պետք է Բ. տանող գնացքը նստել, այնտեղից՝ ավտոբուսով:

    Անհանգստացա: Վախեցա: Կարո՞ղ եմ արդյոք մի ճամփորդություն ունենալ առանց որևէ միջադեպի: Ուշ է, մութ է: Կարող եմ նստել Բ. տանող գնացքը: Ի՞նչ, եթե այնտեղ ավտոբուս չլինի: Ի՞նչ, եթե լինի, բայց չգտնեմ: Ի՞նչ, եթե Ուտրեխտ հասնեմ, բայց արդեն ուշ լինի, տուն տանող ավտոբուս չլինի: Կարո՞ղ եմ մթության մեջ 40 րոպե քայլել. տաքսին շատ թանկ կնստի: Բայց միայն հասնեմ Ուտրեխտ... գիշերը դրսում չմնամ:

    Ու Ամստերդամը երազից վերածվեց մղձավանջի:

    Սիրում եմ հոլանդական կարգապահությունը, կանոնավորվածությունը, բայց մյուս կողմից էլ դա խանգարում է, որ զգոն լինես, պատրաստ լինես ցանկացած անակնկալի: Եթե Հայաստանի նման անկանխատեսելի լիներ, հետդարձի տոմս նախապես չէի գնի, ավելի շուտ դուրս կգայի, որ նույնիսկ խոչընդոտների դեպքում Բ. քաղաք մթով չգնայի: Բայց որովհետև Հոլանդիան էր, երբևէ մտքովս չէր անցնի, որ Ուտրեխտի կենտրոնական կայարանի լույսերը կարող են գնալ:

    Բոլոր դեպքերում, 23:30 հասա Բ. քաղաք: Ավտոբուսը տեղում էր: Կեսգիշերից քիչ առաջ հայտնվեցի Ուտրեխտում, որտեղ նստեցի ավտոբուս ու հանգիստ հասա տուն:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.08.2010), cold skin (16.08.2010), einnA (17.08.2010), Freeman (16.04.2011)

  13. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    7. Թիլբուրգը

    Երբ չորս տարի առաջ Լեհաստանի կոնֆերանսից վերադարձա, ինձ թվաց՝ տարբեր երկրներից լիքը մարդկանց եմ ճանաչում ու կհանդիպեմ նրանց, եթե առնվազն միասին նույն երկրում հայտնվենք: Սակայն երբ հետագայում ավստրիացի Յոհաննեսը և գերմանուհի Դեբորան առանձին-առանձին ցրեցին հանդիպումը, ես հասկացա, որ արտերկրում հանդիպածս մարդիկ ժամանակավոր են. տուն վերադառնալուց հետո այլևս երբեք չեմ տեսնելու նրանց:

    Դեռ Հոլանդիա մեկնելուց առաջ նամակ եմ ստանում այնտեղի IFES-ից: Իմացել են, որ գալու եմ: Ուզում են հանդիպել Հայաստանի հետ կապերն ամրապնդելու համար: Նայում եմ նամակի հեղինակի անվանը. Ֆրաուկյե դե Հոոպ: Անունը սարսափելի ծանոթ է: Հիշում եմ. Լեհաստանի կոնֆերանսի ժամանակ մի Ֆրաուկյե կար Հոլանդիայից: Սերբերեն էլ գիտեր: Իսկ իմ անունն ամեն օր պարապում էր, որ սովորի:

    Հաջորդ վայրկյային քանդում էի դարակներս: Գտա Լեհաստանի թղթերս: Ահա դասախոսներից մեկի անունը. Ֆրաուկյե դե Հոոպ:

    Թիլբուրգում քրիստոնյա ուսանողներն ընթրիք էին կազմակերպել: Ինձ էլ էին հրավիրել: Գնացքի կայարանի տարադրամի փոխանակման կետի մոտ Մարյոլայնը պետք է դիմավորեր, որը հետագայում կզարմանար, թե որքան հեշտ եմ նրա անունն արտասանում:

    Իսկ ես հեռվից արդեն տեսնում եմ Ֆրաուկյեին մի երիտասարդ աղջկա հետ: Ժպտում եմ, ձեռքով անում:

    - Ես կարծում էի՝ չեմ ճանաչի,- ասաց Ֆրաուկյեն, երբ մոտեցա:

    Երեկոյին 18 հոգի էր եկել: Ընթրեցինք: Շփվում եմ ուսանողների հետ: Մի չինուհի նայում է հոլանդական կապույտ երկքին, որտեղ փոքրիկ սպիտակ ամպիկներ են լողում ու ասում.
    - Չինաստանում կապույտ երկինք չես տեսնի:

    Պատմում եմ Հայաստանի մասին, իսկ նրանք ոչինչ չեն լսել: Հյուրասիրեցի չրով, իսկ Ֆրաուկյեն.
    - Մեջը շաքար կա՞:

    Փորձում եմ: Շատ քաղցր չէ: Հայկական մրգի համն է գալիս:
    - Չկա: Մեր մրգերը համեղ են:

    Պատմում եմ, թե ինչպես դարձա քրիստոնյա: Հետո նորից Հայաստանը... Լիքը հարցեր:
    - Այնտեղ օդանավակայան կա՞:
    - Հայկական գինի կա՞:
    - Հայաստանը կաթոլի՞կ է, թե՞ բողոքական:
    Դե արի ու բացատրի, որ առաքելական:
    - Ապրելու տեղ կա՞:
    - Ի՞նչ յուրահատուկ տոներ ունեք:
    Պատմում եմ Վարդավառի մասին:

    Մի տղա.
    - Ես Արուբայից եմ:
    - Դա որտե՞ղ է,- հարցնում եմ ու ինձ լավ զգում, որ այս անգամ այս հարցին ոչ թե պատասխանում եմ, այլ ինքս տալիս:

    Գալիս եմ Ուտրեխտ: Լավ էր: Դու ծանոթացիր, շփվիր մարդկանց հետ: Չգիտես՝ հետո երբ և ինչպես նորից կհանդիպես նրանց:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (18.08.2010), cold skin (17.08.2010), einnA (17.08.2010), Freeman (16.04.2011)

  15. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    8. Հայերեն խոսող հոլանդացին

    Էս հատվածը ակումբի Ռիկի (Lanterfant) մասին ա

    Ամիսներով ակումբ չէի մտնում, ու նամակ ստանալն ինձ համար անակնկալ էր: Մտածում էի՝ հերթական վիրտուալ հիվանդս էր, որին պետք է օգնեմ այնքան, որքան գիտելիքներս և հիվանդին չտեսնելը կներեն:

    Բայց չէ... Մի մեծ նամակ եմ ստացել, որի պատճառն է դարձել «Գրքանմանը»: Մի շնչով կարդացի: Մի տեսակ անհավատալի էր թվում. հոլանդացի, որը հայերեն էր սովորում, մի մեծ նամակ էր գրել ինձ, որը, իր խոսքերով, ամենաերկարն էր իր գրած հայերեն նամակների մեջ:

    Ընդհանրապես, երբ որևէ մեկն իմ գրածը կարդալով ոչ միայն մեկնաբանություն է գրում, այլև ինքն իրեն է ներկայացնում, պատմություններ պատմում, շատ եմ ոգևորվում: Բայց այս դեպքը յուրահատուկ էր, որովհետև ինձ գտել էր ակումբում «Հոլանդիա» բառը փնտրելով, որովհետև իմ մայրենի լեզվով գրել էի նրա հայրենիքի մասին:

    Վիրտուալում ամեն ինչ հնարավոր է: Հատկապես ակումբում հաճախ են հայտնվում կասկածելի ինքնություններով մարդիկ: Բայց ես չէի ուզում հավատալ, որ նա հերթական սուտն է, հորինված կերպարը: Չէի ուզում մտածել, որ ինձ ծաղրում են:

    Մյուս կողմից, ակումբցիներն էլ էին կասկած հայտնում՝ այդպիսով ստիպելով, որ մինչև վերջ չհավատամ:

    Մի օր չդիմացա, ուղիղ հարց տվեցի.
    - Դու իսկապե՞ս հոլանդացի ես:
    Ստացա պարզ ու միամիտ պատասխան.
    - Այո, իսկական ոսկեծամիկ հոլանդացի եմ:
    Եվ հղում տվեց, որ նկարները տեսնեմ:

    Այլևս չէի կարող չհավատալ, իսկ Հոլանդիա գնալս լավ առիթ էր, որ մինչև վերջ պարզեի՝ ով է:

    Ուտրեխտում գտնվելուս վերջին օրը՝ ժամը 3-ին, պայմանավորվեցինք Neude հրապարակում գտնվող տարօրինակ արձանի մոտ, որի լուսանկարը հետագայում Երևանի այրիշ փաբերից մեկում տեսա ու բացականչեցի՝ ես այստեղ եղել եմ:

    Թեև 2-3 րոպե շուտ էի գնացել, անմիջապես նկատեցի արձանի մոտ ծալապատիկ նստած երկար մազերով, կարպետե պայուսակով հոլանդացուն: Սկզբում ինձ չնկատեց, որովհետև հետևի կողմից էի գալիս: Հենց բավարար չափով մոտեցա, որպեսզի կարողանար ձայնս լսեր, որպես ստուգում ու որպես ողջույն ասացի.
    - Բարև˜:
    Կանգնեց, պատասխանեց ողջույնիս ու խնդրեց դանդաղ խոսել, որպեսզի հասկանա:

    Ինքնուրույն հայերեն սովորած հոլանդացին նույնքան իրական էր և գոյություն ուներ, որքան ես ու դու, աշխարհի մնացած բոլոր մարդիկ:

    Որոշեցինք քայլել ստվերոտ տեղերով. Ուտրեխտում շոգ էր:

    Զրուցում էինք ամենատարբեր թեմաների շուրջ: Խոսում էր հայերեն, թեև բավական դանդաղ: Եթե որևէ բառ չէր իմանում, անգլերեն համարժեքն էր ասում: Իսկ ես երբեմն-երբեմն ստիպված էի լինում մի բանը մի քանի անգամ կրկնել, որ հասկանա, բայց համառորեն անգլերենի չէի անցնում:

    Չնայած նրան, որ բավական դանդաղ էր խոսում, ինձ զարմացնում էր, թե որքան շատ բառ գիտի: Երևի ավելի շատ, քան սփյուռքից ժամանող մեր բարեկամները, որոնք սիրում են տեղի-անտեղի արանքներում անգլերեն բառեր խցկել:
    - Հարուստ բառապաշար ունես,- հիացած ասացի:
    - Հարուստ բառա... ի՞նչ:

    Ինձ դուր էր գալիս, որ Ռիկը հայերեն ասում էր նաև այն բառերը, որոնց փոխարեն մենք օտարալեզու համարժեքներ ենք օգտագործում:
    - Գնանք ջրանցքի մոտ՝ սրճարան:

    Եթե թերթեք այս տետրս, կտեսնեք, որ «ջրանցք» բառի փոխարեն գրել եմ «կանալ», որովհետև որոշ դեպքերում չեմ հիշել հայերեն համարժեքը, իսկ հետագայում ավելի հարմար ու հարազատ է եղել օտար տարբերակը: Ամեն դեպքում, երբ տեքստս սկսեցի հավաքել, բոլոր կանալները ջրանցք դարձան:

    Իսկ Ռիկն ինձ ստիպեց հասկանալ, որ բոլոր իսկական հայերեն բառերը կիրառելի են, ու եթե հոլանդացին դրանցից խույս չի տալիս, հայը ընդհանրապես չպետք է մտածի դրանց՝ ոչ գործածելի լինելու մասին:

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (18.08.2010), Chuk (18.08.2010), cold skin (19.08.2010), einnA (18.08.2010), Freeman (16.04.2011), Արամ (22.08.2010), Կաթիլ (19.09.2010), Շինարար (18.08.2010), Ռուֆուս (18.08.2010)

  17. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    9. Հրաժեշտ Ուտրեխտին

    Ժող, էս իմ սիրած մասն ա:

    Թեև մինչև այսօրը և այս պահը դեռ շատ բան կա գրելու, ես բաց եմ թողնում ու հասնում այստեղ՝ ուտրեխտյան վերջին օրվա երեկոյին:

    Ուղղակի չկարողացա անտարբեր անցնել: Պետք է գայի այստեղ՝ Հեմինգուեյի անունը կրող սրճարանը, պայուսակիս մեջ՝ հենց նոր գնածս «Կիլիմանջարոյի ձյուները»: Պիտի արհամարհեի սրճարանի բարձր գները. վերջին անգամն է:

    Շուրթերս ընկղմվում են կապուչինոյի փրփուրի մեջ, ու ես ճաշակում եմ մի սուրճ, որը կարծես տաք փայտի համ ունի, բայց ավելի քաղցր է, որովհետև շաքարավազ եմ ավելացրել:

    Հետո գդալս խրում եմ տրիֆլի ափսեի մեջ: Հատապտուղները ճրթճրթում են ատամիս տակ, իսկ սերուցքը փափկացնում է այն: Վրայից նորից կապուչինո, ու հատապտուղների համրը խառնվում է փայտին:

    Իմ առաջ Ուտրեխտն է. հեծանիվներով մարդիկ, Յանի եկեղեցին, մեքենաներ, շտապող հետիոտն ու չափից դուրս գորշ երկինք, որը եկել է ապացուցելու, որ Հոլանդիայում իսկապես եղանակն անկանխատեսելի է, որ արևոտ ու շոգ օրվա վերջում կարող է անձրև գալ:

    Ամպերի գոռոց ու կայծակ: Կապուչինոյի համը, վրայից՝ հատապտուղներ: Անձրևի առաջին կաթիլները, քամի: Ուտրեխտը հիանալի է:

    Իսկ ցերեկը նստել էի ջրանցնքերից մեկի ափի իսպանական ռեստորանում:

    Սերուցքի համը՝ գումարած մորի:

    Անձրևն ուժեղանում է: Տեղափոխվեցի մյուս սեղանի մոտ: Ուտրեխտը մթնում է, Ուտրեխտը ոռնում է:

    Իսպանական ռեստորանում մատուցողի հետ փորձեցի իսպաներեն խոսել: Չհասկացավ:

    Անձրևն է´լ ավելի ուժեղացավ:

    Դարչինի համ. սերուցքի մեջ դարչին կա:

    Քամին ուժեղանում է, անձրևը բլոկնոտիս է հասնում:

    Դարչինի հոտը Ուտրեխտում: Ամեն առավոտ շնչում եմ: Դարչինով պիտի Ուտրեխտը հիշեմ:

    Իսպանական ռեստորանում տապակած կալմար պատվիրեցի:

    Կապուչինոյի վերջին կումը, բայց բաժակի հատակում փրփուր մնաց:

    Անձրևը հասնում է դեմքիս, մի կեսս լվացել է: Ամպերն ավելի ուժեղ են գոռում:

    Տապակած կալմարն իմ սիրած տապան է: Հիշում եմ Կարմոնան, որտեղ ես ու Մարուշան միասին տապակած կալմար կերանք:

    Տրիֆլի ափսեի հատակում թաց խմոր կա, բայց իմ անձրևոտ կեսից թաց չէ:

    Մյուս կեսս չոր է. հովանոցի տակ է մնում: Ամպերը խլացնում են:

    Իսպանական ռեստորանում café con leche ուզեցի, բայց մատուցողը կապուչինո հասկացավ. այսօր երկրորդ կապուչինոն եմ խմում:

    Անձրևը կամաց-կամաց փոքրանում է: Մարդիկ փողոցներում չեն քչացել, բայց անձրևանոցներով են: Տրիֆլի վերջին կտորները:

    Իսպանական ռեստորանում մատուցողին ասացի gracias և հեռացա:

    Ուտրեխտում անձրևն Ամստերդամի նման չէ. կոշտ ու աղմկոտ է, ինչպես Երևանում:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (20.08.2010), cold skin (22.08.2010), einnA (20.08.2010), Freeman (16.04.2011)

  19. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    10. Ռոտերդամը

    Ռոտերդամի Հյուսիսային կայարանում կանգնած էր Պոլը՝ շորտերով և հերթական լաքայոտ մայկայով: Երևում է՝ չէր հասցրել քրտնել, որովհետև շոգից բողոքում էր, ու ինձ պարտադրել էր չուշանալ:

    Վերցրեց ինձ, միասին գնացինք իր տուն, որ ճամպրուկս շպրտենք, դուրս գանք, գնանք գազանանոց: Դեռ անցյալ անգամ, երբ Միչի ու Աննիի հետ գնացինք Ամստերդամի կենդանաբանական այգի, Պոլը պնդում էր, որ Ռոտերդամինն ավելի լավն է: Բնականաբար, ես չէի կարող այն տեսնելու առիթը բաց թողնել: Իմ մեկնելուց առաջ արդեն որոշել էինք, որ Ռոտերդամում գտնվելուս մեկ օրը գազանանոցում ենք անցկացնելու, ու Պոլն արդեն տոմսերը պատվիրել էր:

    ...Եվ իրոք... Նախկինում, երբ հարցնում էին, թե որտեղի գազանանոցն է ամենից շատ դուրս եկել, առանց երկար-բարակ մտածելու պատասխանում էի՝ Լայպցիգի: Հենց այնտեղից ինձ մնացել է "Leipzig Zoo" գրությունով անձրևանոցը, որը մի ժամանակ Երևանում էլ էի հագնում ու շատ ծիծաղելի տեսք ստանում՝ տպավորություն ստեղծելով, թե իբր Լայպցիգի գազանանոցից եմ փախել:

    Բայց Ռոտերդամի կենդանաբանական այգում լինելուց հետո արդեն դժվարանում էի ասել, թե որն է ավելի լավը: Վերջիվերջո, այստեղ կար ինձ համար այդքան սիրելի թիթեռների տունը, ինչը տեսել եմ միայն Ամստերդամի գազանանոցում ու մեկ էլ Վիեննայում:

    Ես ու Պոլը հասցրինք բոլոր կարևոր կենդանիներին տեսնել, թեև չաղությունն ու հիվանդությունը թույլ չտվեցին, որ մի պտույտի էլ ձգի, որպեսզի կարողանանք ակվարիումն էլ տեսնել: Ասենք, ես էլ էի հոգնած, ու ծովային հարստությունը տեսնելու մեծ ցանկություն չունեի:

    Տուն գնալու ճանապարհին որոշում ենք, թե ինչպես ընթրենք: Պոլը երկու տարբերակ ուներ. կա´մ ինքը կպատրաստի (ի դեպ, շատ համեղ է ստացվում. նախորդ անգամ հասցրել էի համոզվել), կա´մ կգնանք կենտրոն՝ որևէ ռեստորան:

    Չգիտեմ ոնց կանգնեցինք ռեստորանի վրա:

    Իսկ Ռոտերդամի կենտրոնը քամոտ էր, բարձրահարկ շենքերով: Լրիվ ժամանակակից քաղաքի տպավորություն էր թողնում: Մի պահ ուզում էիր մոռանալ, որ նման թիթիզության պատճառն ընդամենը Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ռմբակոծվելն էր:

    Ու գնացինք իտալական ռեստորան: Հիշում եմ՝ մոտ երկու ժամի չափ տարբեր թեմաների շուրջ զրուցեցինք:
    - Բլոգի իմաստը չեմ հասկանում,- ասաց,- մարդուն հարցնում ես՝ ո՞նց ես, պատասխանում է՝ բլոգս կարդա: Բայց ախր ես իրեն եմ հարցնում: Եթե ուզենայի բլոգը կարդալ, ոչինչ չէի ասի: Էսպես մարդկային շփումը նվազում է...

    Քնեցի նույն սենյակում, նույն մատրասի վրա... Մի տեսակ կարոտել էի:

    Առավոտյան միասին գնացք նստեցինք: Պոլն ինձ ուղեկցեց մինչև Ամստերդամի օդանավակայան, ու այդպիսով ավարտվեց երկրորդ ճանապարհորդությունս դեպի Նիդեռլանդներ... Բայց համբերեք, դեռ Վիեննան էլ կա:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (19.09.2010), einnA (25.09.2010), Freeman (16.04.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •