Rammer-ի խոսքերից
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ ԻՐ ՁԱՅՆԵՐԻՆ
Գոյություն ունի վերահսկելի եւ վախեցած մի զանգված, որը կատարում է այն, ինչ հրահանգում են, ինչի վառ ապացույցը Էրեբունու ընտրություններն էին, որտեղ ըստ էության տեխնոլոգիա պետք չեկավ, քանի որ թեեւ կար ընդդիմադիր զանգված, սակայն քաղաքացիների զգալի մասն անում էր այն, ինչ իշխանությունը թելադրում էր: Այս մասին այսօր, խոսելով Երեւանի ավագանու ընտրության մասին, հայտարարել է Ժառանգություն կուսակցության խորհրդարանի խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:
“Այնուամենայնիվ, կա էլեկտորատի բավականին մեծ, հստակ զանգված, որը չընտրելով իշխանություններին, չընտրելով նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, կմասնակցի ընտրություններին և ձայնը կտա մի ուրիշ ուժի, որը ոչ մի կողմին է պատկանում, ոչ էլ մյուսին”, ասել է պատգամավորը:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի, ցանկացած ընտրության հնարավոր է հաղթել, եթե և ցուցակը, և քարոզչությունը կառուցված է լրջագույն փաստարկների և օբյեկտիվ գնահատականների վրա, հակառակ պարագայում ունենալու ենք այնպիսի ընտրություններ, ինչպիսին եղավ մայիսի 31-ին: Եղել են լցոնումներ, կրկնակի քվեարկություններ, թվանկարչություն: Պաշտոնական հրապարակված 53.4 տոկոսի փոխարեն իրականում մասնակցել է բնակչության 40 տոկոսը: Եթե 40 տոկոսից հանենք ընտրակաշառքով մասնակցածներին և վարչական ռեսուրսով բերվածներին, ապա ընտրությանը մասնակցած քաղաքացիական հասարակության թիվը շատ քիչ տոկոս է կազմում:
Իր հերթին, Ժառանգություն կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասել է, որ ընտրություններին “մենք ականատես եղանք, որ ՀԱԿ-ը կայացած քաղաքական ուժ չէ: Երևանում կա բավական մեծ ընդդիմադիր ընտրազանգված: Ընտրությունները, ճիշտ է, կեղծվել են, սակայն ընդդիմությունը չկարողացավ տեր կանգնել իր ձայներին':
Մարտի 1-ի առավոտյան և դրանից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը, անկախ տնային կալանքից, պետք է լիներ ժողովրդի կողքին, ինչպես արել է Ժառանգությունը: Պետք է վերլուծենք, գտնենք սխալները, որ հետագա պայքարի ընթացքում չկրկնենք դրանք, ասել է Զարուհի Փոստանջյանը:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով, ըստ էության, գրեթե մեկ շաբաթ ընդդիմադիր մամուլում մինչև վերջին հայհոյանքը հնչել է Ժառանգության հասցեին, և կային նաև ընդդիմադիր գործիչներ, ովքեր դա ներկայացնում էին որպես հասարակական պահանջ: Շատերը պահանջում էին, որ Ժառանգությունը ցած դնի Աժ մանդատները: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ խորհրդարանի աշխատանքներին մասնակցելը ավելի արդյունավետ է, քան մանդատները վայր դնել:
Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցելուն, ապա իրենց էլեկտորատը մեղմ վերաբերվեց դրան, ասում է Ժառանգության խմբակցության ղեկավարը:
Lragir.am
Էջանիշներ