ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ
Հարցազրույց Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ
- Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Հայ ազգային կոնգրեսը բոյկոտում է Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները եւ հրաժարվում է ավագանու իր մանդատներից: Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀԱԿ-ի այս որոշումը:
- Եթե սրանք լինեին ԱԺ ընտրություններ, ապա մենք այդ խորհրդարանում կհամաձայնվեինք աշխատել, քանի որ հնարավորություն կունենայինք ԱԺ ամբիոնն օգտագործել քաղաքական աշխատանքի, քարոզչության, օրենսդրական աշխատանքի համար: Մինչդեռ, Երեւանի ավագանու աշխատանքներում մեր 13 պատվիրակների մասնակցությունը նման հնարավորություն չի ստեղծում, այլ` այդպես միայն կլեգիտիմացնեինք այս ընտրությունները, այդ ոչ լեգիտիմ մարմինը: Այնպես որ, որեւէ իմաստ չենք տեսնում մասնակցելու այդ մարմնի աշխատանքներին:
- Իսկ ՀԱԿ-ի այս որոշումն ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ:
- Այս քայլը հստակ ուղերձ է այն մասին, որ պետականորեն կազմակերպված, համատարած ընտրակեղծիքներով աղավաղվել է ժողովրդի կամքը: Մենք նման հանցագործությունը չենք կարող ընդունել որպես կատարված փաստ: Սա հստակ ուղերձ է եւ հասարակությանը, եւ իշխանություններին, եւ միջազգային հանրությանը, եւ վերջիններս պետք է իրենց եզրակացությունը կատարեն:
- Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ հայտարարեց, որ ՀԱԿ-ը բողոքարկելու է այս ընտրությունների արդյունքները բոլոր իրավական ճանապարհներով: Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք:
- Մենք գիտենք, որ մեր արդարադատության համակարգը նույնքան փչացած է, որքան այն պետական մեքենան, որ պետական հանցագործություն իրականացրեց ու կեղծեց ընտրությունների արդյունքները: Սակայն դա չի նշանակում, որ մենք որպես իրավական բարձր գիտակցություն ունեցող քաղաքական ուժ, չպետք է օգտագործենք բոլոր իրավական հնարավորությունները` այս օրինախախտումները բողոքարկելու նպատակով: Ուստի` մենք, որպես օրինապաշտ քաղաքացիներ, այդպես պետք է վարվենք: Եվ երկրորդ` այս քայլով ստեղծվում է այն իրավական հիմքը, որի շնորհիվ ընտրակեղծարարները, բոլոր մեղսակիցներն ապագայում պատժվելու են իրենց հանցանքների համար:
- Սերժ Սարգսյանն էլ իր ուղերձում խոսել է ընտրախախտումների մասին` նշելով, որ դրանց հեղինակները պետք է հայտնաբերվեն ու պատասխանատվության ենթարկվեն, իսկ գլխավոր դատախազությունն էլ մի քանի ընտրատեղամասերում պահանջել է վերահաշվարկ կատարել:
- Սերժ Սարգսյանի արածը դասական փարիսեցիություն է: Հենց նա է պետականորեն կազմակերպված այս ընտրակեղծիքների արշավի ամենագլխավոր կազմակերպիչը: Այնպես որ, նրա շուրթերից հնչած այս հայտարարությունները պետք չէ լուրջ ընդունել:
- Հասարակությունը կեղծված ընտրություններից հետո սպասում էր, որ ՀԱԿ-ը շարունակական հանրահավաքներ կանցկացնի, մինչդեռ` ՀԱԿ-ը այլ տակտիկա է որդեգրել: Ինչո՞ւ ընդդիմությունն այդ քայլին չգնաց, եւ ինչո՞ւ է հաջորդ հանրահավաքը նշանակված հունիսի 12-ին:
- Ամեն քաղաքական իրավիճակ թելադրում է իր պահանջները: Մենք, հաշվի առնելով արտաքին եւ ներքին քաղաքականության ոլորտում բազմաթիվ գործոններ, եկել ենք այն եզրակացության, որ ամենաճիշտ ստրատեգիան այն է, ինչ մենք որդեգրել ենք, այն է` կենտրոնանանք բողոքարկման գործի վրա, կենտրոնանանք ընտրությունների գործընթացը գնահատելու, բոլոր մանրամասները ճշտելու, հասարակությանն ու միջազգային հանրությանը դրանք հասցնելու վրա: Իսկ այնուհետեւ, հունիսի 12-ի հանրահավաքին կներկայացնենք մեր անելիքները:
- Նախագահի ընտրություններից հետո էլ սկզբում միջազգային հանրությունը հիացական եզրակացություններ էր ներկայացնում, իսկ այնուհետեւ` ընդդիմության բոյկոտի պայմաններում վերանայեց իր գնահատականները: Չե՞ք կարծում, որ մեծածավալ բողոքի գործողությունների դեպքում միջազգային հանրությունը խիստ բացասական գնահատականներ կտար նաեւ այս դեպքում:
- Հունիսի 12-ին ընդդիմությունը հրավիրել է հանրահավաք, եւ մենք մեր անելիքները կներկայացնենք այդ օրը: Փետրվարի 29-ին, այո, սկսեցին փոխվել միջազգային հանրության գնահատականները, միեւնույն ժամանակ, հենց հաջորդ օրը տեղի ունեցավ մարտի 1-ը: Այնպես որ, մենք պետք է շատ գործոններ հաշվի առնենք, այլ ոչ թե անընդհատ հանրահավաքներով միջազգային հանրության կարծիքը փոխելու մասին: Եվ հետո, միջազգային հանրության կարծիքը բավական փոխված է: Եթե փետրվարյան ցույցերի ժամանակ այնքան էլ հակված չէին հավատալու ընտրակեղծիքների մասին մեր պնդումներին, հիմա այդ իրավիճակը փոխված է: Սակայն միջազգային հանրության համար, ցավոք սրտի, կարեւորը ճշմարտությունը չէ, այլ միջազգային հանրությունն առաջնորդվում է աշխարհաքաղաքական հաշվարկներով: Ցավոք սրտի, դեմոկրատական աշխարհը դեմոկրատական համերաշխության սկզբունքը ստորադասում է աշխարհաքաղաքական հաշվարկներիներին:
- Մտավախություն չունե՞ք, որ հասարակությունը մի տեսակ հիասթափություն ապրի, շարժումը մարի, եւ ՀԱԿ-ի հետ էլ տեղի ունենա այն, ինչ եղավ 2003-2004 թթ ընդդիմության հետ:
- 2007 սեպտեմբերից սկսած` ամեն հանրահավաքից առաջ, ամեն մի հարաբերական անհաջողությունից հետո սկսվում են նույն խոսակցությունները` արդյո՞ք չեք վախենում, որ հասարակությունը հիասթափվի: Ոչ, չենք վախենում, որովհետեւ` փորձը եւ այս պայքարի ընթացքը ցույց տվեցին, որ եթե անգամ կան մարդիկ, որոնք ժամանակավորապես հիասթափվում են պայքարից, նրանք նույնպես որոշ ժամանակ անց գիտակցում են, որ պայքարն ընթանում է ճիշտ ուղղությամբ ու միանում են շարժմանը: Ամենակարեւորն այն է, որ ստեղծված է շարժման կարեւորագույն կորիզ, մի քանի հազար մարդ, որոնք կոփվել են այս պայքարում, հասկանում են, որ ընթանում է արդյունավետ ու հետեւողական պայքար եւ որոնք չեն լքելու այս շարժումը: Իսկ այդ ակտիվը գնալով աճում է, ամրապնդվում է: Այնպես որ, ես որեւէ խնդիր չեմ տեսնում այդ ուղղությամբ:
- Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ հայտարարեց, որ իշխանությունների հետ կամուրջներն այլեւս այրված են, եւ այլեւս հնարավոր չէ նրանց հետ որեւէ երկխոսություն: Ինչո՞ւ նման կտրուկ դիրքորոշում որդեգրեց ՀԱԿ-ը:
- Մենք հասկացանք, որ այս իշխանությունները չեն հասկանում ոչ մի բան: Բոլոր մեր քայլերն ու ուղերձները, որ ուղարկեցինք, նրանց շատ դեպքերում ընդառաջ գնացինք, բայց այդ ամենը նրանց կողմից ընկալվեց որպես թուլության նշան: Նրանք բոլորովին այլ` “պախանի” հոգեբանություն ունեն: Նրանք չեն հասկանում, որ հնարավոր է կառուցել քաղաքացիական համաձայնություն, քաղաքական երկխոսություն: Այդ հայեցակարգերը նրանց համար ընկալելի չեն, նրանք չունեն քաղաքական կոմպրոմիսների եւ քաղաքական խոսակցության համար անհրաժեշտ բարձր քաղաքական գիտակցություն: Մեկ ու կես տարի մենք աշխատել ենք այդ ուղղությամբ, բազմիցս ուղերձներ ենք հղել, հայտարարել, որ պատրաստ ենք երկխոսության, ազգային համաձայնության մթնոլորտ ստեղծելու: Սակայն այդ մեկ ու կես տարին բավական մեծ ժամանակ է` հասկանալու համար, որ այս իշխանություններն ընդունակ չեն, ընկալունակ չեն այդ երկխոսությունն ընդունելու: Իսկ այս կեղծված ընտրությունները վերջին ապացույցն էին այն բանի, որ իշխանությունները չեն տեսնում երկխոսության ճանապարհը: Բնական է, որ մենք պետք է մի օր դիմեինք այս քայլին:
- Ձեր կարծիքով` ՀԱԿ-ի այս քայլն ի՞նչ հետեւանք կարող է ունենալ:
- Մեզ արդեն դա չի հետաքրքրում: Մենք հետեւողականորեն հետապնդելու ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը: Արդեն հասկանալի է, որ այս ռեժիմը պատրաստ չէ էվոլյուցիոն փոփոխությունների:
- Դուք խոսեցիք, որ իշխանությունները չցանկացան գնալ էվոլյուցիոն ճանապարհով իշխանափոխության, եւ հիմա ընդդիմությունը կոշտ դիրքորոշում է որդեգրելու: Ինչպե՞ս հասկանանք այդ փաստը: Ո՞րն է կոշտ դիրքորոշումը:
- Մենք հակված էինք իրականացնելու այնպիսի գործընթաց, որ աստիճանաբար ամրապնդվեին ժողովրդավարական արժեքները, ազատություն տրվեր հեռուստատեսություններին, աստիճանաբար կատարվեին քաղաքական բարեփոխումներ: Բայց իշխանություններն այս ընտրությունները կեղծելով ցույց տվեցին, որ այդ ճանապարհով ընթանալը հնարավոր չէ: Նրանք չեն կարող համակեցության գնալ ընդդիմության հետ: Ուրեմն` իսկապես պետք է լուծվի հարցը կամ այս կողմ, կամ` այն կողմ սկզբունքով: Առանց Սերժ Սարգսյանի հրաժարականի, որեւէ հարց չի լուծվում, ուստի` մենք պահանջում ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը:
- Իսկ ինքը հրաժարական կտա՞:
- Կտա, շատ լավ էլ հրաժարական կտա: Երբ նա տեսնի, որ ուղղակի ի վիճակի չէ կառավարելու երկիրը, ստիպված հրաժարական կներկայացնի: Սերժ Սարգսյանը շատ շուտով հայտնվելու է արտաքին եւ ներքին քաղաքական մարտահրավերների այնպիսի թնջուկի առջեւ, որին ի վիճակի չի լինելու դիմագրավել: Շատ շուտով մենք դրա ականատեսը կլինենք:
Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ
Էջանիշներ