Սերժ Սարգսյանից պահանջում են ֆոտոսեսիա անցկացնելու փոխարեն ուղիղ եթերում քննարկել նոր Սահմանադրության նախագիծը
ԳԱԼԱ-ի հարցերին պատասխանել է «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը:
-Դավիթ, հայտնի է, որ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունենում և քննարկումներ անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքն այդ գործընթացի վերաբերյալ:
-Դա քաղաքական կոնսոլիդացիա ապահովելու իմիտացիա է: Սերժ Սարգսյանը փորձում է ցույց տալ միջազգային հանրությանը, որ գոյություն ունի քաղաքական կոնսոլիդացիա, բայց դա կեղծ կոնսոլիդացիա է, որովհետև այն ուժերը, որոնք գնացել են մասնակցելու ֆոտոսեսիային, կամ վաղուց գտնվում են իշխանությունների վերահսկողության ներքո, կամ այնտեղ են հայտնվել փետրվարյան հայտնի քաղաքական ահաբեկչության արդյունքում: Սերժ Սարգսյանին նրանցից ոչ մեկի կարծիքը չի հետաքրքրում, նրանց ոչ մի առաջարկ ոչ մի արժեք չունի նրա համար, սա պարզապես թատերական ներկայացում է հանրաքվեից առաջ:
-Եթե առաջարկ լինի նաև հանդիպում «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամների հետ, ապա ինչպե՞ս կվերաբերվեք դրան, Սերժ Սարգսյանի հետ քննարկելու որևէ բան ունե՞ք:
-Բնականաբար կմերժենք այդ առաջարկը, որովհետև չենք պատրաստվում մաս կազմել իշխանության քարոզչական ծրագրերին: Եթե Սերժ Սարգսյանն իրոք ցանկանում է անկեղծ քննարկում, թող կազմակերպի ուղիղ եթերով քննարկում, մեզ էլ հրավիրի, մենք գնանք մեր տեսակետները ներկայացնելու, հանրությանը ցույց տալու այս ծրագրի ողջ վտանգավորությունը: Բայց դա նա երբեք չի անի, նրան հետաքրքրում է միայն հանդիպումների նկարների քանակը:
-Այն տպավորությունն է, որ Սերժ Սարգսյանն, այսպես ասած, արագացնում է փոփոխությունների գործընթացը, սրան զուգահեռ ի՞նչ է իրականացնելու «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը, պայքարի ի՞նչ մեխանիզմներ կիրականացվեն առաջիկայում:
-Այո, մի բան, որը սահմանում է նոր կառավարման համակարգ Հայաստանում և, ըստ երևույթին, վերացնում է այսօրվա գործող հանրապետությունը, ստեղծում է կուսակցապետություն, իշխանությունն իրականացնում է ռեկորդային հապճեպությամբ: Նույնիսկ նախագիծը փուլ առ փուլ են հրապարակում, որովհետև չեն հասցնում գրեն: Այս պայմաններում մեզ այլ բան չի մնում, քան մեկ օր անգամ չկորցնել, մոբիլիզացնել մեր բոլոր ուժերը և սկսել գործողությունները: Առաջին քայլը կլինի համաժողովի անցկացումը, որտեղ կնշմարվի ՈՉ-ի շարժման ձևավորումը: Դրանից հետո կլինեն նախ մարզերում, ապա Երևանում հանդիպումների, հանրահավաքների և երթերի անցկացումը:
-Ի՞նչ տվեց Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ հանդիպումը:
-Մենք Վենետիկի հանձնաժողովին ներկայացրել ենք մեր բոլոր մտահոգությունները, նկարագրել ենք, թե ինչ կարող է լինել Հայաստանի հետ, եթե այս փոփոխություններն անցնեն: Մնացածն արդեն իրենց գործն է, այստեղ մեր հարցերը մենք պետք է լուծենք: Մենք ենք որոշողը` թույլ տալիս ենք, որ իշխող ռեժիմը վերացնի բոլոր ժողովրդավարական ինստիտուտները և երկրում հաստատի լիակատար կուսակցապետություն, թե օգտագործում ենք այս առիթը վարչախմբից ազատվելու և ժողովրդավարական երկիր կառուցելու համար:
-Եվ այս պահի դրությամբ հանրաքվեն տապալելու ի՞նչ նախադրյալներ եք տեսնում:
- Հանրաքվեն տապալելու միակ միջոցը հանդիսանում է համաժողովրդական մոբիլիզացիան: Ի տարբերություն նախագահականի կեղծ կոնսոլիդացիայի, մենք հրապարակում պետք է ստանանք իրական հանրային կոնսոլիդացիան: Եվ դա դուք շուտով կտեսնեք:
Հարցազրույցը՝ Հերմինե Մկրտչյանի
Էջանիշներ