Մեր բակում մի ղռղռիկ կար: Փոքր ժամանակ հայտնաբերել էինք, որ երբ դրսի լողարանի կողքից կախված ծանր վահանակի կոճակները սեղմում էինք, ղռղռիկը հետ ու առաջ էր անում: Սիրում էինք հետևելը, թե ինչպես է այն դանդաղ շարժվում խաղողի վազերի միջով, մերթ փողոց հասնում, մերթ վերադառնում: Երբեմն էդ ղռղռիկից հսկայական ցեմենտոտ տաշտեր էին կախված լինում: Մեկնումեկս նստում էր մեջը, մյուսը բարձրացնող-իջեցնող կոճակը սեղմում, հետո հետ ու առաջ անում: Կարուսելի նման բան էր:
Պապիկս չէր սիրում, երբ ղռղռիկով խաղում էինք: Իր համար դա կարևոր նշանակություն ունեցող սարք էր. դրանով փողոցից փայտ էր բարձացնում` սկզբում որպես արհեստանյութ, իսկ ավելի ուշ նաև որպես վառելիք: Հարևաններն էլ, երբ ծանր բան էին բերում, խնդրում էին պապիկիս, որ ղռղռիկը միացնի, ներքևից բարձրացնեն: Մի խոսքով, մեծերի համար շատ կարևոր սարք էր, երեխանրին չէր կարելի մոտենալ: Բայց մենք օգտվում էինք առիթից, երբ պապիկս տանը չէր լինում կամ արհեստանոցի աղմուկի մեջ փայտե կրունկ էր սարքում, սեղմում էինք ղռղռիկի կոճակներն ու զվարթ ճչում:
Պապիկիս հինգերորդ կինն իսկական խորթ տատ էր: Ամեն անգամ պապիկիս խաբար էր տալիս մեր հանցագործության մասին, ու հայտնվում էր նա` ջղային, ձեռքին փայտե գավազան, մենք էլ փախչում, թաքնվում էինք նեղլիկ անկյուններում, որոնք հասանելի են երեխաներին, բայց որտեղ պապիկիս հսկայական մարմինը չի տեղավորվի:
Բոլորիս երազանքն էր` մի օր մտնեմ տաշտի մեջ, ղռղռիկն էնքան առաջ տանել, որ հասնի փողոցին, էդպես օդում կախված վերևից նայել քաղաքին: Բայց էդպես էլ երբեք ոչ մեկիս ռիսկը չհերիքեց ղռղռիկն էդքան առաջ տանել, երբ մեջը մարդ կար:
Էսօր մի մեծ վերամբարձ կռունկ էր կանգնել փողոցում: Եկել էին պապիկիս ինքնաշեն կռունկը, որը մեզ համար ղռղռիկ էր և որն էսքան տարի հավատարմորեն ծառայել էր մեր թաղին, ապամոնտաժելու: Ասում են` պապիկս բարձրացել էր կռունկը պահող մետաղյա ձողերին` ուղիղ փողոցի վրա ու չէր իջնում: Մամաս զոռով իջացրել էր: Հարևանները լցվել էին բակ ու հետևում էին ընթացքին: Իսկ պապիկիս հինգերորդ կինը, որ մորս զանգել, գործից կանչել էր, ծլկել էր ինչ-որ տեղ, հետո էլ տոպրակները ձեռքին օրոր-շորոր անելով վերադառնում էր` ասես ոչինչ չէր եղել:
Քանդեցին կռունկի սյուները, ու ղռղռիկը մնացել է բակում` չկարողանալով այլևս առաջ գնալ: Օդում օրորվում են պապիս խաղողի վազերը` հասած ողկույզներով ծանրացած: Պապիկս կատաղած քայլում է բակում, աջ ու ձախ հայհոյում բոլորին: Գնամ, տեսնեմ` ղռղռիկի կոճակը կգտնե՞մ, որ բոլորից թաքուն մի քիչ խաղամ:
Էջանիշներ