Տուն էի գնում, երբ թեքվեցի Գ. Լ.–ի վրա գլխով քիչ մնաց հարվածեի մեկի կրծքին։ Աչքերս բարձրացրի, իմ հին ծանոթն էր։ Նոր էր բանտից դուրս եկել երբ ծանոթացանք։ Ինքը բնականաբար անմեղ էր, բայց իրա կողքին միշտ սարսռում ես էն մտքից, որ հնարավոր ա ինքը զարթնել ա գիշերն ու մի ամբողջ վաշտ ա պարկացրել 975մմ –ոցից պարբերաբար արձակվող հեղեղով։
– Ինչի՞ ես դիլխոր։
Ինքը ամենաանհարմար մարդն էր, ում ես տվյալ պահին կարող էի դիմել։
– Մի գործ կա, կօգնե՞ս։
– Հարց չկա, դու մեր ախպերն ես։
Մի որոշ ժամանակ անց գիշերվա կեսին դուռը թակում են։ Քնաթաթախ հարցնում եմ.
– Ո՞վ ա։
– Ես եմ, մի երկու րոպեով ներս կթողե՞ս։
Բացում եմ, միջանցքի կիսախավարի մեջ նշմարում եմ երկու հոգի, մեկի ինձ ծանոթ մանր սև աչքերը, մյուսի արնակալած աչքերն ու այտուցները, նյարդային շարժուձևը... արդեն ուշ ա դուռը փակել։ Լուռ նստած ենք։
– Ինքն էլ ա մեր ախպերը, կարա՞ լվացվի բաղնիքում։ Հել արա՛, – առանց պատասխանի սպասելու։
Մի կես ժամ էլ լռության մեջ իրար ենք նայում։ Գնալուց շրջվում ա.
– Պրոբլեմ հո՞ չունես։
– Չէ, նորմալ ա։
Մտնում եմ բաղնիք, լվացարանի վրա փոքր տրամաչափի դատարկ փամփուշտ ա դրած։ Դուրս եմ գալիս բալկոն, շպրտում եմ փամփուշտը այգու ուղղությամբ... ինձ թվում ա լսում եմ ոնց ա ինքը ընկնում ասֆալտի վրայի անհամար փոսերից մեկի մեջ։ Էդ գիշերն էլ էր լուսանում։
Էջանիշներ