Մենք համոզված ենք, որ մեզնից էն կողմ ընտանիքին նվիրված ազգ չկա: Որ ոչ մի այլ երկրում երեխաներին այնքան չեն սիրում, որքան մեր մայրերն ու հայրերը: Որ հոգևոր կապը բացակայում է ծնողների ու երեխաների միջև Հայաստանից դուրս:
Վերջերս առիթ ունեցա համոզվել, որ մենք սխալ ենք: Որ չի կարելի առանց իմանալու կարծիքներ կազմել, բոլորին ընդհանրացնել ու լցնել մի կույտի մեջ: Մեր հորինած ու կիտած կույտի:
Աղվերանում էինք ես ու Սասը, իր օֆիսի հետ: Լիքը ծրագրավորող, այդ թվում՝ երկու արտասահմանցի, ԱՄՆ-ի Յութա նահանգից: Բրայանն ու Մարկը:
Երկուսի հետ էլ զրուցեցի, Մարկի հետ՝ բոուլինգ խաղալիս, իսկ հետո արդեն լոբբիում՝ Բրայանի հետ:
Հեռվից նկատել էի, որ Բրայանի ձեռքին ինչ-որ կապտավուն բան կա, որ ժամանակ առ ժամանակ տալիս էր տարբեր մարդկանց ձեռքն ու լուսանկարում էր նրանց:
Հետը խոսելիս մոտիկից տեսա: Փափուկ խաղալիք էր, ինչ-որ կենդանի: Ինչպես Բրայանը բացատրեց՝ պլատիպուս, Պերրի անունով:
Հարցական հայացքս տեսնելով, պատմեց, որ Պերրին իր տասներեքամյա աղջկա, Ջեսիկայի սիրելի խաղալիքներից մեկն է, որ նա տվել էր հորը՝ հետը տանի աշխարհ տեսցնելու:
Բրայանը նկարում էր Պերրիին տարբեր տեղերում, տարբեր մարդկանց հետ ու ամեն երեկո նկարներն ուղարկում Ջեսիկային՝ պատմելով, թե ինչ նոր տեղերում է եղել Պերրին ու ինչ նոր մարդկանց հետ է ծանոթացել:
Գուցե շատերը հիմարություն համարեն, բայց ինչ-որ անմեկնելի միամտություն ու հուզիչ պահ կար էդ ամենի մեջ...
Պերրին մեզ հետ էլ նկարվեց, ուսիս թառած ու Բրայանը խոստացավ, որ Ջեսիկային կպատմի մեր մասին ու կհայտնի, որ ինքն ու Պերրին շատ են սիրել հայերին ու Հայաստանը:
Չգիտեմ դուք ոնց՝ բայց ես հայրերի՝ երեխաների հանդեպ սերը չեմ ուզում բաժանել ազգությունների ու մեզ չեմպիոն ճանաչել:
Չկա տենց բան:
Էս էլ՝ Պերրին:
••Սեղմել՝ ցույց տալու համար
Էջանիշներ