Եթե «Մանրապատումները» մնում են «Դեսից Դենից»-ում, ուրեմն կարող եմ հենց էստեղ պատմել:
Աշխատանքիս մասին է, ուզեցի կիսվել:
Մարդ որ Գերմանիայում է ապրում ու հատկապես՝ Մյունխենում, որտեղ կենսամակարդակը շատ բարձր է, կարող է չպատկերացնել, որ իր կողքին մարդիկ կան, ովքեր ընդհանուր մասսայի մեջ ոչ մի ձևով չեն մտնում:
Դրա համար շատ եմ սիրում իմ աշխատանք(ներ)ը, որովհետև հենց էդ «ուրիշ» մարդկանց հետ է թույլ տալիս շփվել:
Բայց փախստական դեռահասների հետ աշխատանքի մասին չի, որ ուզում եմ գրել:
Մյուս աշխատանքիս մասին եմ ուզում պատմել: Էս մեկը չափահաս էմիգրանտների հետ է, որոնք Գերմանիայում ապրելու իրավունք են ստացել, բայց հասարակության մեջ ինտեգրված չեն. սոցիալական համակարգից գլուխ չեն հանում, աշխատանք չունեն, լեզու չգիտեն, լրիվ մոլորված են, ու պետությունը հոգում է նրանց մինիմալ կարիքները, որ գոյատևեն։ Ու հենց պետությունն էլ նրանց ուղարկում է մեզ մոտ, որ էդ մարդկանց օգնենք ոտքի կանգնել։
Էս գործում ես ինտեգրացիոն աշխատող եմ և ունեմ քսանյոթ հոգի, որոնցից յուրաքանչյուրին պիտի վեց ամսում օգնեմ քիչ թե շատ իրենց տեղը գտնել:
Էդ քսանյոթ հոգին աշխարհի տարբեր ծայրերից են, տարբեր տարիքի ու սեռի, տարբեր անձնական խնդիրներով՝ ամենասովորականից մինչև «սենց բան մենակ կինոյում եմ տեսել» կատեգորիայի: Նրանց միավորող միակ բանն այն է, որ էմիգրանտ են ու Գերմանիայում ոչ մի ձևով ինտեգրված չեն, ու ամենակարևորը՝ աշխատանք չունեն, ոչ էլ որևէ պատկերացում, թե ոնց ունենալ:
Իրենց ամեն մեկի համար անհատական ծրագիր եմ սարքում, թե ինչ անել, որտեղից սկսել, ուր գնալ: Ու իմ գործընկերներից գիտեմ արդեն, որ կես տարին հաճախ հերիք չի, և էդ մարդկանց ոտքի հանելու համար հաճախ առնվազն մի տարի է պետք, և ընթացքում պետք է լինելու ամեն մեկի ծրագիրը երկարացնել:
Մենք հսկայական կրթական կենտրոնում ենք, որտեղ ամեն տեսակի կուրսեր կան՝ լեզվականից մինչև մասնագիտական:
Ու ես ինձ բաժին հասած ամեն մասնակցի ըստ պահանջի էդ կուրսերում եմ տեղավորում: Հաճախ հենց լեզվից ենք սկսում, որովհետև մեծ մասը գերմաներեն նորմալ խոսել չգիտի. առաջին խնդիրը, որ խանգարում է աշխատանք գտնել:
Կուրսերին զուգահեռ, իրենց համար փորձում եմ պրակտիկա գտնել որևէ տեղ, որ գոնե ինչ-որ փորձ ձեռք բերեն կամ գոնե կողմնորոշվեն իրենց էդ ոլորտը հետաքրքիր է, թե չէ, կուզենային էնտեղ աշխատել, թե չէ:
Ամենահետաքրքիրը էդ մարդկանց հետ զրույցներն են: Ես իրենց ամեն մեկին վերաբերող առանձին թղթապանակ ունեմ՝ անձնական գործերով, իրենց կյանքի պատմությամբ: Բայց էդ ամեն ինչը ոչինչ է՝ համեմատած էն բանի հետ, թե հենց իրենք ինչեր են պատմում: Մի ադրբեջանցի կին ունեմ, երբ սկսում է խոսել, աեմն անգամ աչքերս լցվում են ու պիտի մեծ ուժ գործադրեմ, որ հանկարծ չսկսեմ արտասվել: Կամ մի տղամարդ կա Հոնդուրասից, ինքն էնքան է սովորել, որ իրեն էստեղ մարդու տեղ չեն դնում, որ ամեն անգամ հետը հանգիստ ու բարի զրույց տանելուց հետո (որը մեր գործում "coaching" է կոչվում) փաթաթվում ու ամուր գրկում է, իսկ երբեմն էլ ոգևորությունից թշերս պաչպչում:
Կան մարդիկ, որոնք խրոնիկ հիվանդ են կամ իրենք իրենց հա հիվանդ են զգում, հետևաբար նաև սարքում: Մարդիկ, որոնց հետ զգույշ է պետք խոսել, որովհետև էմոցիոնալ նոպաներ կարող են ունենալ, ընդհուպ մինչև շնչահեղձություն: Մարդիկ, ովքեր չարացած են ու ագրեսիվ, և նրանց մոտ նախ պիտի վստահություն առաջացնել: Մարդիկ, որոնք ոչ մի մոտիվացիա չունեն, ոչ էլ հույս, որ կարող են ավելի լավ կյանք ունենալ, և նրանց պիտի ոգևորել ու լավատեսությամբ լցնել:
Շատերի զգացմունքները ես լավ հասկանում եմ, ես գիտեմ՝ իրենք ինչ են զգում, ինչի միջով են անցնում: Լավն էն է, որ ես իրենց համար դրական օրինակ եմ: Որ ես էլ եմ օտարերկրացի, բայց համ լեզուն եմ սովորել, համ կրթություն եմ ստացել, համ լավ աշխատանք ունեմ: Իրենք ինձ նայում ու հավատում են, որ ամեն ինչ հնարավոր է: Ու ես իրենց օգնում եմ, ոնց կարող եմ: Մեկ-մեկ ընդամենը պետք է լինում նստել կողքները, ձեռքները բռնել ու լսել, թե ինչեր են պատմում: Թե ինչու է ամեն ինչ ստացվել էնպես, ինչպես ստացվել է: Բայց ես գիտեմ, որ իրենցից ամեն մեկի համար ելք կա: Եվ իմ պատասխանատվությունն է էդ ելքը գտնել:
Էս մի գործից հետո երբ վազում եմ մյուսին ու տեսնում ջահել փախստական էրեխեքին, որոնք ամեն ինչ անում են (ու մենք էլ օգնում ենք)՝ «փախստականների տնից» հնարավորինս շուտ դուրս գալու ու ինքնուրույն ապրելու համար, մտածում եմ, թե արդյոք քանիսին ի վերջո կհաջողվի ոտքի կանգնել, իսկ քանիսը մի քանի տարի հետո կհայտնվեն իմ բաժին քսանյոթի մեջ, որոնք փորձել են, բայց չի ստացվել...


Մեջբերել

Իմ մասնագիտության ամենալավ մասն ա:

De gustibus et coloribus non est disputandum.

Էջանիշներ