Ոստիկանապետը գովեց ընդդիմությանը
ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն արձանագրեց, որ ընդդիմությունը քաղաքակիրթ պայքարի ուղի է ընտրել: «Նրանք շատ ճիշտ են գնահատում պահը, և մեր վերաբերմունքն էլ նրանց նկատմամբ շատ հարգալից է: Ամեն միտինգից հետո նրանք մեզ են շնորհակալություն հայտնում, մենք` նրանց»,- նշեց ոստիկանապետը:
Անդրադառնալով վերջին հանրահավաքին քիչ թվով ոստիկանների մասնակցությանը` Ալիկ Սարգսյանը. «Եթե մենք տեսնում ենք, որ հասարակական կարգի խախտում չի նախատեսվում, միտինգը լինելու է շատ խաղաղ, միջոցառումներ չեն իրականացվում»:
Միաժամանակ, Սարգսյանը չժխտեց, որ ապրիլի 6-ի հանրահավաքը ոստիկանների կողմից «անուշադրության էր մատնվել», քանի որ այդ օրը FIDH-ը Երևանում համագումար էր անցկացնում:
«Այդ օրվա միտինգը գտնվել է եվրոպական շատ կառույցների, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանության ուշադրության կենտրոնում: Մեր ընդդիմությունը նույնպես լուրջ միջոցներ էր ձեռնարկել, որպեսզի իրավիճակը հսկողության տակ պահեր, որպեսզի ընդդիմության շուրջ հավաքված մարդիկ որևիցե իրավախախտում թույլ չտային: Առաձնապես մեծ ուժերի կարիք այնտեղ չկար, ընդդիմությունն ինքն էր զբաղվել այդ գործով, որպեսզի միջադեպեր չլինեին»,- ընդգծեց ոստիկանապետը:
Այնուհետև Ալիկ Սարգսյանը չթաքցրեց իր ուրախությունը և արձանագրեց իրենց ձեռբերումը. «Կարծում եմ` միջազգային կառույցների աչքին մենք մի քանի անգամ բարձրացանք»:
Ոստիկանապետը նաև վստահությամբ նշեց, որ բախումներ չեն լինի նաև ՀԱԿ ապրիլի 16-ի երթի ժամանակ. «Ես համոզված եմ, որ ընդդիմությունը մեր տոնը չի խանգարի, մենք էլ՝ նրանց երթը: Որևէ հակահասարակական արարք նախատեսված չէ և չի լինելու: Մարդիկ գալու են` նորմալ իրենց երթը անցկացնեն ու գնան տուն»:
Էջանիշներ