Ոչ այնքան ճիշտ է: Գոյություն ունի այսպիսի օրենք բարդ բառերի համար. եթե բարդ բառի վերջին բաղադրիչն այդ բառում պահպանում է իր հիմնական իմաստը (կամ, ավելի ճիշտ, նաև պայմանավորում է բարդ բառի ընդհանուր իմաստը), ապա հոգնակին կազմելու համար ավելացնում ենք եր, իսկ եթե չի պահպանում, ապա՝ ներ: Ավելի ճիշտ կլինի, կարծում եմ, եթե կոնկրետ օրինակների վրա բացատրեմ: Այսպես. «խաչբառ» բառը նշանակում է, ըստ էության, «խաչված բառեր», այսինքն՝ այսպես թե այնպես բառ բառն է պայմանավորում դրա իմաստը (և պահպանում է իր հիմնական իմաստը), ուրեմն՝ «խաչբառ» բառի հոգնակին լինում է «խաչբառեր»: Իսկ, օրինակ, «մեծատուն» բառը նշանակում է պարզապես «հարուստ», ոչ թե հենց կոնկրետ «մեծ տուն ունեցող» կամ «մեծ տուն». մեծատունը տուն չէ, «տուն» բառն այս բարդ բառի մեջ իր առաջնային իմաստով իմաստաստեղծիչ դեր չունի, և ուրեմն՝ «մեծատուն» բառի հոգնակին լինում է «մեծատուններ»: Նույն կերպ էլ, ասենք, «տնամերձ» բառը, որ «այգի, պարտեզ» է նշանակում», դառնում է «տնամերձներ»: Ըստ այսմ՝ «չափանիշ» բառի հոգնակին պետք է լինի «չափանիշեր», քանի որ չափանիշը, ըստ էության, էլի նիշ է, չափը ցույց տվող նիշ:
Մի երկու բան էլ ասեմ այն բարդ բառերի մասին, որոնց վերջին բաղադրիչը կարող է լինել թե՛ բայական և թե՛ գոյականական հիմք: Եթե բարդ բառի վերջին բաղադրիչը բայական հիմք է, ապա դրա հոգնակին կազմվում է ներ վերջավորությամբ, իսկ եթե գոյականական հիմք է, ապա՝ եր վերջավորությամբ: Օրինակ՝ «արձակագիր» բառը նշանակում է «արձակ գրող» (բայական՝ գործողություն՝ գրելը ցույց տվող հիմք), և ուրեմն սրա հոգնակին լինում է «արձակագիրներ»: Իսկ «պատավորագիր» բառի մեջ «գիր» բաղադրիչը գոյականական է, քանի որ ցույց է տալիս ոչ թե գործողություն, այլ առարկա՝ գիր, այսինքն՝ «պարտավորագիր» բառի հոգնակին լինում է «պարտավորագրեր»:
Էջանիշներ