Մեղադրեց Աժ նախագահին
15:26 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
"Դուք տենց պահանջատիրական մի խոսեք նախ".- նման խոսքերով այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դիմեց "Ժառանգություն" կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին: Նա այսօր ԱԺ -ին մեղադրեց, թե ինչո՞ւ համապատասխան քայլեր չձեռնարկվեցին, որպեսզի ԱԺ քաղբանտարկյալ պատգամավոր Հակոբ Հակոբյանը կարողանա ներկայանալ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով եւ ներկայացնի իր հեղինակած օրենսդրական նախաձեռնությունները:
"Ինչո՞ւ քայլեր չեք ձեռնարկում, որպեսզի բանտերից ազատվեն քաղբանտարկյալ պատգամավորները",- ոչ միայն Փոստանջյանի այս հարցը, այլեւ տոնը դուր չեկավ ԱԺ նախագահին:
Հովիկ Աբրահամյանը նույն այդ նիստին չմասնակցելու մեջ մեղադրեց Զարուհի Փոստանջյանին. "Դուք ստիպում եք, որ ես ամեն ինչ անկեղծ ասեմ: Նախ դուք մասնակցեիք այդ հանձնաժողովի նիստին եւ այդ առաջարկությունը ձեր հանձնաժողովում անեիք: Եթե հանձնաժողովը որոշել է հետաձգել այդ հարցի քննարկումը, ուրեմն դա հանձնաժողովի գործն է: Եւ երկրորդ' դուք նման լիազորություն չունեք "Հանրապետական" կուսակցության գործերի մեջ մտնելու: Ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ...հարցերը քննարկվում են մեր կուսակցությունում եւ մենք ենք որոշում կայացնում":
Պարզաբանման կարգով Զարուհի Փոստանջյանը Աժ նախագահին հայտնեց, որ ինքը դիտմամբ չի մասնակցել Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին. "Այո, դիտավորյալ չեմ մասնակցել, քանի որ գիտեի Ձեր հանձնաժողովի եւ ՀՀԿ-ի դիրքորոշումը: Բացի այդ մենք նաեւ նախաձեռնել էինք' հրավիրել արտահերթ նիստ այդ հարցի վերաբերյալ, բայց Ձեր կուսակցությունը, կոալիցիա կազմող մեծամասնությունը տապալեց մեր նախաձեռնությունը":
Զարուհի Փոստանջյանի պատասխան- պարզաբանումը Աժ նախագահը գնահատեց "ոչ օբյեկտիվ".
"Դուք ուղղակի հարցեր եք հնչեցնում, սակայն ես չեմ տեսնում այն գործնական քայլերը, որ այդ գործընթացներն ունենան իրենց ընթացքը",-ասաց նա:
ԱԺ նախագահի եւ տիկին Փոստանջյանի միջեւ վիճաբանության ավարտից հետո, ԱԺ-ն նախքան այս քառօրյայի օրակարգը հաստատելը' քվեարկեց նախորդ քառօրյայում քննարկված, սակայն չքվեարկած մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:
Էջանիշներ