Եւ այսպես, սիրելի ընթերցող, պատկերացրեք, որ նախօրեին Երեւանում տեղի է ունեցել «Արարատ»-«Պախտակոր» ֆուտբոլային հանդիպումը, որը ավարտվել է «Արարատի» պարտությամբ. հայկական թիմը պարտվել է 0։5 հաշվով։ Ստորեւ ներկայացնում ենք, թե ինչպիսի անդրադարձներ կունենար այդ իրադարձությունը «Առավոտ» օրաթերթում եւ «Ուրվագիծ» հաղորդաշարում։ Եւ ինչ կգրվեր այդ կապակցությամբ «Լավատեսի անկյունում»։
1. «Առավոտ» օրաթերթի խմբագրական
Արդյո՞ք պարտություն է կրել Երեւանի «Արարատը» Տաշքենդի «Պախտակորի» հետ հանդիպման ընթացքում։ Բնականաբար` ընդդիմադիրները հայտարարում են, որ այս փաստը կասկածի տեղիք տալ չի կարող։ Ավելին, ըստ ընդդիմադիրների` «Արարատը» պարտվել է խոշոր հաշվով։ Նման պնդումները զարմանալի չեն, որովհետեւ, ցավոք, Հայաստանում ընդդիմադիր լինել, նշանակում է լինել ծայրահեղական եւ ունենալ ռադիկալ մոտեցումներ։ Ու չնայած ընդդիմության շարքերում ունեմ բազմաթիվ ընկերներ եւ բոլոր ընտրություններում, այդ թվում եւ` Արաբկիրի թաղապետի եւ ավագանու ընտրությունների ժամանակ քվեարկել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին, չեմ կարող չնկատել, որ «Արարատի» պարտության մասին հայտարարությունները արվում են, քանի որ դրանք հաճելի են ամբոխին, այսպես ասած` պլեբեյներին։ Բայց ընդդիմությունը մշտապես մոռանում է, որ երկրում կան նաեւ տողերիս հեղինակի նման կրթված, Բախի լյա մաժոր Բրանդենբուրգյան թիվ 2 կոնցերտը լսած մարդիկ, ովքեր ուզում են ավելի օբյեկտիվ կարծիքներ լսել «Արարատ» - «Պախտակոր» հանդիպման մասին։ Իշխանություններն էլ, ցավոք, չեն փոխում իրենց գործելակերպը եւ փորձում են կոծկել հայկական ֆուտբոլում առկա պրոբլեմները, որոնց մասին մենք կնախընտրենք լռել, որովհետեւ մեր սկզբունքը օբյեկտիվությունն է։ Իսկ օբյեկտիվ իրականությունն այն է, որ հնարավոր չէ միանշանակ ասել` պարտվե՞լ է «Արարատը», թե՞ հաղթել, որովհետեւ հարցը պատասխան կստանա միայն երկարաժամկետ կտրվածքով։ Եթե նայենք առաջ, կտեսնենք, որ 2020 թվականին «Արարատը» «Պախտակորին» պարտվելու է 0։12 հաշվով, եւ ահա այս ֆոնին գուցե ամենեւին էլ անհիմն չթվան այն պնդումները, թե 0։5 հաշիվը հաղթական է «Արարատի» համար։ Միեւնույն է, «Արարատը» երբեք չի հաղթելու, միեւնույն է, միշտ հաղթելու է Սերժ Սարգսյանը, չնայած ես միշտ քվեարկել եմ ու միշտ քվեարկելու եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին։ Կարող եմ անգամ տեղեկանք բերել տեղամասային ընտրական հանձնաժողովից։
Էջանիշներ