Քիչ առաջ Youtube-ով Back to Armenia շարքն էի նայում: Բայց այդպես էլ չգտա ուզածս, որովհետև էնտեղ խոսքը փախստականների մասին էր, որոնց ոչ գնալն եմ հասկանում, ոչ մնալը, ու պարզ է, որ ինձ համար բնական է նրանց հետ գալը: Էդպիսի ստորացումների, ստերի ու զրկանքների գնով անցած ճանապարհը դեպի օտարություն պիտի որ իր տրամաբանական ավարտը գտնի տունդարձով:
Ինձ հիմա ավելի շատ հետաքրքիր է հետ վերադառնալու մոտիվները նրանց համար, ովքեր անօրինական գաղթականներ չեն: Ասենք՝ ես, որ սովորել եմ Գերմանիայում, հիմա էլ աշխատում եմ ու մնալու իրավունք ունեմ, նույնիսկ երկիրը վճարում է ինտեգրման ծրագրերի մասնակցելու համար: Ու ամեն ինչ տրամաբանորեն գնում է դեպի քաղաքացիությունը: Ինձ հետաքրքիր է էն մարդկանց կարծիքը, ովքեր նմանատիպ իրավիճակում են, ովքեր միանգամայն օրինական են ապրում օտար երկրում, արժե՞ այնուամենայնիվ հետ գալ Հայաստան, թե՞ ոչ: Սա այն հարցն է, որ գնալով ավելի շատ է գրավում ուղեղս, թվում է, թե ամեն ինչ կարգին է էստեղ՝ ուրիշ երկրում, բայց միևնույն է այդ միքտը ինձ հանգիստ չի տալիս:
Ինքս ժամանակ առ ժամանակ գալիս եմ Հայաստան, բայց չեմ հասկանում՝ ինչ եմ զգում, կուզենա՞յի այնուամենայնիվ վերադառնալ, թե ոչ... Մի կողմից ամեն ինչ այնքան հարազատ է, հանգիստ կարող ես շունչ քաշել ու արտահայտել էմոցիաներդ լրիվ հայկական ձևով, խոսել քո լեզվով, ապրել քեզ ծանոթ մթնոլորտում, ունենալ տան զգոցողություն, որը այնքան դժվար է գտնել օտար երկրում, բայց մյուս կողմից այն ամենը, ինչ մի օր ինձ ստիպել էր հեռանալ՝ հասարակության անընդունելի նորմերը, համատարած ռաբիզությունը, դրան գումարած՝ անօրիանական իշխանությունը, մարդու իրավունքների ոտնահարումը ու իհարկե աշխատանքի թերի հնարավորությունները, դեռ էնտեղ են...
Շատ կուզենայի լսել իմ կարգավիճակում կամ նման իրավիճակում ապրող մարդկանց կարծիքը: Արժե՞ այնուամենայնիվ մտածել հետ գալու մասին, թե՞ ոչ:
Էջանիշներ