Իրինա ԼԻՊՈՎԵՑ Դեպրեսիայի ճնշումը
Մեր բառապաշարում «դեպրեսիա» բառը հայտնվել է ոչ այնքան վաղուց, բայց հասցրել է դառնալ ամենանորաձև ինքնախտորոշումը: Չե՞նք ուզում աշխատել` դեպրեսիա է: Ամուսինը հոգնեցրե՞լ է, երեխաներն են նյարդայնացնո՞ւմ` դեպրեսիա է: Երազում ենք հեռուստացույցը ջարդել և արտագաղթել Անտարկտիդա` նույն դեպրեսիան է: Բառը խամրել է, իմաստը` խեղաթյուրվել, և հիմա միանգամայն որոշակի ախտորոշման փոխարեն ունենք ոչ այնքան հաջողված պատրվակ:
Իրականում դեպրեսիան հոգեկան խանգարում է, ինքնուրույն հիվանդություն կամ հոգեկան լուրջ հիվանդությունների ախտանիշ` շիզոֆրենիայից մինչև գինեմոլություն: Վկայակոչելով մեր դեպրեսիայն` մենք, իհարկե, պատրաստ չենք մեզ հիվանդ համարել: Եվ մեծամասամբ այդպիսին չենք, քանի որ տառապում ենք ոչ թե իրական դեպրեսիայով (կամ մեծ, ինչպես անվանում են բժիշկները), այլ ընկնում ենք նման վիճակների մեջ, որոնք կարող են առաջանալ ամենատարբեր առիթներով: Ընդհանուր առմամբ դա մարդու հոգեկան աշխարհի արձագանքն է սթրեսին` մերձավորի կորստին, սիրելի մարդուց բաժանվելուն, հղիությանը կամ ծննդաբերությանն առնչվող ապրումներին և այլն: Իրական դեպրեսիայից այդ վիճակը տարբերվում է նրանով, որ վատ տրամադրությունը, անհանգստությունը, հուզվածությունն անցողիկ երևույթներ են: Տեսնենք, թե մենք էլ ինչն ենք դեպրեսիա անվանում:
Եղանակային
Անցողիկ երևույթ է, որն իրական դեպրեսիայի հետ առնչություն չունի, ավելի ճիշտ է աշնանային մելամաղձոտությունն անվանել եղանակային աֆեկտիվ խանգարում: Ահա պատկերը` անընդհատ քնել ես ուզում, գրեթե միշտ` ուտել (ձգում են հատկապես քաղցրն ու խմորեղենը), անգամ ամենասովորական գործի համար ուժ ու ցանկություն չունես, նույնիսկ փոքր հոգսը հունից հանում է: Մի խոսքով աշխարհը վատն է, ընկերները չեն ուրախացնում, ցանկանում ես մինչև գարուն քուն մտնել... Բժիշկների կարծիքով այդ ամենի մեղավորն արևի լույսի պակասն է և դրանով պայմանավորված` օրվա կենսառիթմների խանգարումը: Վիճակը թեթևացնելու համար օգտագործվում է նաև լուսաբուժությունը, բայց որպես կանոն` եղանակային դեպրեսիայի տհաճությունները մոռացվում են գարնան առաջին օրերի հետ:
Հետծննդաբերական
Անպատճառ` արցունքներ, հուսահատություն, անհանգստություն, անտարբերություն երեխայի նկատմամբ, նաև` գրգռվածություն. այս ամենը կարող է կնոջը համակել թե ծննդաբերությունից 5-7 օր անց, թե ավելի ուշ` մի քանի շաբաթից, նույնիսկ` ամսից հետո և կոչվել հետծննդաբերական դեպրեսիա: Մայրերի 15%-ն է այն զգացել, ինչպես ասում են` սեփական կաշվի վրա: Պատճառները շատ են` հորմոնային փոփոխությունները, հոգեբանական անպատրաստությունը նոր դերին, հոգնածությունը, մտերիմների անուշադրությունը: Առավել հաճախ` հետծննդաբերական դեպրեսիան ինքն իրեն անցնում է, բայց պատահում են ծանր դեպքեր, երբ գործը հասնում է ինքնասպանության. այս իրավիճակում, իհարկե, անհրաժեշտ է մասնագետի օգնությունը:
Քրոնիկական հոգնածության ախտանիշ (ՔՀԱ)
Բժիշկները վիճում են` արդյոք այս հիվանդությունն ինքնուրո՞ւյն է, թե ախտանիշների ամբողջություն, որը վկայում է վարակիչ հիվանդության առկայության մասին: ՔՀԱին բնորոշ են չանցնող հոգնածությունը, թուլությունը, քնկոտությունը, տրամադրության կտրուկ փոփոխությունը, տենդային վիճակը: Մարդիկ սրանք հաճախ համարում են դեպրեսիա:
Կլիմաքսային
Բացի կլիմաքսին բնորոշ ախտանիշներից (ջերմության հոսքեր, քրտնարտադրություն, գլխացավ, սրտի արագ բաբախում)` կանայք տառապում են լալկանությամբ, իրենց զգում են բոլորից անտեսված, սկսում են վախենալ մահից, դառնում են կասկածամիտ, կորցնում հետաքրքրությունն իրենց և շրջապատի նկատմամբ, սակայն միաժամանակ` ցանկասիրությունն ավելանում է: Սրանք կլիմաքսային դեպրեսիայի դասական ախտանիշներ են: Որքան այն վառ է արտահայտվում` այնքան կինը դժվար է տանում կլիմաքսը: Ի դեպ նման մի բան էլ զգում են տղամարդիկ, ովքեր նույնպես 50-60 տարեկանում տառապում են կլիմաքսով:
ի դեպ
Բուժվել` չսպասելով ինքնասպանության
Եթե չեք կարողանում հաղթահարել անհանգստությունը, իսկ անելանելիության զգացումն ու հուսահատությունը խանգարում են ապրել նախկինի պես...
Եթե կարոտն ստիպում է մտածել մահվան մասին, իսկ ինքնասպանության վերաբերյալ մտքերն այնքան էլ զառանցական չեն թվում...
Եթե դուք մեկ գերաշխույժ եք, մեկ էլ ընկնում եք ընդարմացման մեջ և հուսահատորեն արգելակվում...
Եթե թվում է` միտքը բթանում է...
Եթե զգում եք, որ զրույցներում ինքներդ ձեզ անընդհատ վիրավորում և մեղադրում եք բոլոր մեղքերում...
Եթե թվում է, որ ձեր կյանքում ոչ մի լավ բան վաղուց չի եղել...
Եթե երազում մղձավանջներ եք տեսնում...
Եթե մերձավորները բողոքում են, որ անսիրտ եք դարձել...
Եթե սիրտն անհանգստացնում է, առաջանում են փորկապություն, ցավեր փորի և սրտի շրջանում, խախտվում է քունը, կորչում ախորժակը և սեռական ցանկությունը, եթե վաղուց դիմում եք բժշկի, բայց ոչ մի հստակ բան ձեզ չեն ասում...
Չի կարելի այս ամենը վերագրել աշնանային մելամաղձոտությանը և կյանքում առաջացած սև շրջանին: Պետք է դիմել հոգեթերապևտին կամ հոգեբանին: Սա ամենևին չի նշանակում, թե ձեզ պետք է հոգեբուժարան տանեն, բայց մասնագետի օգնությունն այնուամենայնիվ հարկավոր է` դեպրեսիայից փախչելով չես ազատվի, լողով չես փրկվի, արձակուրդում չես կորցնի, իսկ օղին միայն կբարդացնի վիճակը: Որքան խորացել է դեպրեսիան` այնքան բժշկի համար դժվար է այդ վիճակը հաղթահարելը: Իսկ այդ վիճակում մնալը վտանգավոր է` հիվանդների 10%-ը վերջիվերջո որոշում է ինքնասպանություն գործել. սա է դեպրեսիայի գլխավոր վտանգը:
Բարեբախտաբար այն բուժելի է: Հիվանդների հստակ թիվը դժվար է նշել, համարվում է, որ դա եվրոպական երկրների բնակիչների մոտ 20%-ն է: Դեպրեսիայի առիթով բժշկի դիմածների 80%-ը բուժվում է:/www.sobesednik.am/
p.s. “Գիշերային կյանք՚”
Ամեն չորեքշաբթի, 00:00-ից 02:40 ՖՄ 103.5 ռադիոալիքով
Գիշերային կյանք՚ ծրագրի ընթացքում ունկնդիրը կարող է և ասմունք լսել, և հարստացնել իր ինտելեկտուալ պաշարը տարբեր հոգեբանական դիտարկումներով: ՙԻնչու՚ էջը բացահայտում է կին-տղամարդ հարաբերությունների ամենգողտրիկ կողմերը, իրավիճակներ, որոնց մասին հաճախ բարձրաձայն չեն խոսում:“Հարցուպատասխան” շարքում ունկդիրներին ամենից հուզող հարցերին պատասխանում են հոգեբանները: Սեր և երջանկություն, անցյալի մոռացում, ամուսնություն և սեքս, ինքնագնահատականի բարձրացում: Բոլոր այս խնդիրների վերաբերյալ տրվում են գործնական խորհուրդներ:
Էջանիշներ