<ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
(մինչեւ ԿԸՀ վերջնական արդյունքների հրապարակումը) 22.02.2008
Ես շնորհակալություն եմ հայտնում իմ ընտրողներին եւ համախոհներին, որոնց թիվը անհամեմատ ավելի է, քան պաշտոնական ներկայացվող տվյալները: Դա մեր հասարակության այն անկաշառ, սկզբունքային եւ մեզ գաղափարակից հատվածն է, այն հուսալի սերուցքը, որի վրա հնարավոր է կառուցել մեր երկրի ապագան: Դուք ինձ ձայն տալով` ձայն եք տվել իրական, արմատական փոփոխությունների օգտին:
Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա այն հակաժողովրդական համակարգը, որի հիմքը դրվել է 1995 թվականից, հերթական անգամ անցկացրեց ընտրությունները` մեզ արդեն ծանոթ բազմաթիվ խախտումներով (որոնց ծավալը եւ ապացուցելու հնարավորությունը դեռ ուսումնասիրում ենք):
Այժմ այդ արատավոր համակարգը ստեղծողները անհաշտ պայքար են հայտարարել այդ համակարգից օգտվողների դեմ, որի մեջ ներքաշվում են բազմաթիվ ազնիվ մարդիկ, ովքեր անկեղծորեն կարծում են, որ դա պայքար է երկրի ապագայի համար: Իրականում, ըստ իս, կազմակերպիչների համար դա պայքար է ատելության ալիքի վրա ամեն գնով իշխանության հասնելու: Այդ պայքարից օգուտ չի ստանա ո՛չ մեր պետությունը, ո՛չ մեր ժողովուրդը:
Կոչ եմ անում ազատության, արդարության ձգտող բոլոր մարդկանց չհուսահատվել ընտրությունների արդյունքից` կրկին անգամ ականատես լինելով կեղծիքներին: Մեր պայքարը դեռ առջեւում է եւ մենք լի ենք վճռականությամբ` վերափոխելու հասարակության գիտակցությունը դեպի իրական ազգային եւ համամարդկային արժեքներ, որի դեպքում է միայն հնարավոր կառուցել նոր Հայաստան` հիմնված ազգային ժողովրդավարական սկզբունքների վրա:
Վազգեն Մանուկյան >
http://www.vazgenmanukyan.am/index.php?id=1509
Էջանիշներ