Հաճախորդը
(հենց նոր գրեցի)
Բարձր աթոռին նստած՝ մի ոտքով հենվել էր ոտնակին, մյուս ոտքը ճոճում էր: Ձողիկով մտացրիվ խառնում էր դիմացը ճերմակ անձեռոցիկի վրա դրված բաժակի միջի ալկոհոլն ու սառույցը: Երբեմն աշխույժ զրույցի էր բռնվում կողքին նստած աղջիկների հետ ու հոնքերի մեջտեղի գիծն անհետանում էր ժամանակավորապես: Նայում էր բարի հակառակ կողմում տիրող եռուզեռին, գլուխը դանդաղ շրջում ուղիղ իր ականջի տակ գոռացողի կողմը, հետո էլի մի քիչ թեքվում առաջ ու ձողիկը ծամում: Հետո երկար քչփորում էր հեռախոսը: Հետո հեռախոսը ձեռքին դուրս էր գնում: Հետո հետ էր գալիս ու խնդրում ևս մի բաժակ՝ նույնի՛ց:
Երբ արդեն գրեթե մարդ չէր մնացել փաբում, ու երաժշտության ձայնը համեմատաբար ցածր էր, կիսակատակ դիմեց բարմենին՝ «Դու բարմենն ես, չէ՞: Ըհը, ուրեմն քո պարտականությունների մեջ մտնում ա նաև մարդկանց տրամադրել ուս՝ լացելու համար»: Բարմենը բարձրացրեց ձեռքի շշերը, հետո գլխով ցույց տվեց նոր պատվերներով թղթիկների կույտն ու մեղավոր ժպտաց. «Ախպերս, վաղը, վաղն արի, մեկի փոխարեն՝ երկու ուսս տամ»:
Դատարկված բաժակը զգույշ դրեց անձեռոցիկին ու ձեռքը մեկնեց բարմենին. «Էս ստացի, մանրը պետք չի», հեռախոսը վերցրեց ու դուրս եկավ: Վաղը ինքն ուժեղ էր լինելու:
Էջանիշներ