Քանի որ ինձ (ու կարծում եմ` ոչ միայն ինձ) դուր եկավ այս ժանրը, առաջարկում եմ մրցույթից դուրս էստեղ տեղադրել մեր` մինչև 2000 նիշ ունեցող կարճ պատմվածքները ու քննարկել ու քլնգել: Առաջինը տեղադրում եմ մրցույթի համար գրածս, բայց չուղարկած պատմվածքը: Կարող եք ինչքան ուզում եք, քլնգել, մրցույթի մուռն էլ հանել, ես թույլ եմ տալիսՈւ մի շատ կոնկրետ հարց ունեմ ընթերցողներին. մեսիջը հասկանալի՞ ա: Էս գործը մինչև մրցույթը մի հոգու ուղարկել եմ, ոնց որ ինքը չէր հասկացել, մի քիչ փոփոխեցի, որ ավելի հասկանալի դառնա, բայց դեռ վստահ չեմ:
Շոգը
- Կներես, թափթփված եմ: Ուղղակի ուզում էի մի վերջին անգամ քեզ տեսնել... Սուրճ կխմե՞ս:
Կառլան շվարած շուրջը նայեց: Սենյակում շարժվելու տեղ չկար: Ամենուր անփութորեն շպրտած հագուստ էր, թղթեր ու գրքեր, իսկ կենտրոնում մի մեծ ճամպրուկ էր դրված, կափարիչը՝ բաց:
- Սու՞րճ: Շոգ չէ՞: Սառը բան չունե՞ս:
- Լիմոնաջուր կուզե՞ս: Սառույցով:
- Դեմ չեմ:
Կառլան փորձեց առաջանալ սենյակում: Զգուշությամբ մի ոտքը դրեց կապույտ շարֆի դիմաց, մյուս ոտքով ցատկեց հագուստակույտի վրայով ու հայտնվեց սենյակի կենտրոնում: Տաթևը վերադարձավ երկու բաժակ ձեռքին:
- Նստիր:
Կառլան տատանվում էր: Անգամ աթոռներն ու մահճակալն էին ծածկված Տաթևի իրերով:
- Կներես, ես հիմա...
Ու շրջվեց, որ դատարկի մոտակա աթոռը:
- Ոչինչ, ես այստեղ կնստեմ,- Կառլան փակեց ճամպրուկն ու հարմար տեղավորվեց վրան:
- Չէ՜... ստրոուպվաֆելներս... կփշրվեն:
- Արդեն ուշ է,- ժպտաց:
- Նվեր էի տանում... լավ, ոչինչ,- երկու բաժակները ձեռքին Տաթևը թռիչք կատարեց դեպի ճամպրուկը, հարմարվեց Կառլայի կողքին:
Կառլան մի կում արեց լիմոնաջրից:
- Ախ, լավ սառն է:
- Դուք չեք դիմանում շոգին,- ծիծաղեց Տաթևը,- կարմրել ես, կրեմ չե՞ս քսել:
Արևը պատուհանից ներս էր ընկնում ուղիղ ճամպրուկի վրա հարմար տեղավորված աղջիկների դեմքին:
- Ձեզ մոտ ինչպիսի՞ն է կլիման:
- Շատ ավելի շոգ: Ես չէի դիմանում ձեր անձրևներին:
- Ուրա՞խ ես, որ գնում ես:
- Հա, սարսափելի ուրախ: Վերջ անհամ ուտելիքին, վերջ անկապ եղանակին, վերջ հոգնեցնող բյուրոկրատիային, վերջ անընդհատ հնչող «անհնար է» արտահայտությանը...
- Քեզ դուր չեկա՞վ այստեղ:
- Չէ...- Տաթևը գլուխը կախեց,- եթե չհաշվենք մի քանի լավ մարդու հանդիպելը,- գլուխն առավ ձեռքերի մեջ,- Կառլա, ինձ անպայման հյուր կգաս:
Լռություն տիրեց: Կառլան էլ հայացքն իջեցրեց հատակին: Տաթևի ձեռքերից մի քանի կաթիլ ընկավ ցած:
- Քրտնե՞լ ես,- հարցրեց:
Տաթևը ձեռքը երկարեց դեպի քիչ այն կողմ ընկած սրբիչը, դեմքը սրբեց դրանով, կարմրած աչքերը բարձրացրեց:
- Շոգ է,- ժպտաց:
Էջանիշներ