Փետրվարի 14-ին ժամը 18:30-ին տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման կազմակերպած «Կեղծ ընտրությունների այլընտրանքը» թեմայով երրորդ քննարկումը։ Քննարկումը վարում էր «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը։
Օրվա բանախոսն էր ԱՄՆ-ում բնակվող Արա Հարությունյանը: Համացանցով կազմակերպված ինտերակտիվ քննարկմանը մասնակցում էին քաղաքագետներ և հասարակական-քաղաքական տարբեր կազմակերպությունների ու նախաձեռնությունների ներկայացուցիչներ։ Քննարկումը հեռարձակվում էր առցանց (online) ռեժիմով:
Բանախոսը ներկայացրեց Հայաստանի առկա քաղաքական իրադրության և տիրապետող քաղաքական մշակույթի ու համակարգի բնութագիրը, դրանց ձևավորման և զարգացման սոցիալ-մշակութային ու սոցիալ-հոգեբանական խորքային պատճառներն ու մեխանիզմները:
Ըստ բանախոսի, կեղծ ընտրությունների մեխանիզմը տիրապետող քաղաքական համակարգի և վարչախմբի կենսունակության սնուցման ու վերարտադրության հիմնական գործիքն է և վարչախումբը կատարելապես տիրապետում ու վերահսկում է այն, ինչի համար ունի կառուցվածքային առումով կայացած համակարգ, ինչպես նաև բավարար ուժեր ու միջոցներ: Դրան հակառակ' ընդդիմությունն իր ներկայիս կառուցվածքով ու հնարավորություններով քաղաքական կոնֆլիկտի հարթակում ի վիճակի չէ իշխանությանը հակադրվել որպես այլընտրանքային սուբյեկտ ու կոնֆլիկտի կողմ, ինչի պատճառով դատապարտված է պարտության:
Նման պայմաններում ընտրություններին մասնակցելը բանախոսը համարեց ոչ միայն միամտություն, այլև տիրապետող քաղաքական մշակույթի ու համակարգի, դրանով հանդերձ՝ վարչախմբի վերարտադրության լեգիտիմացման մեղսակցություն:
Քննարկման մասնակիցների մեծ մասը ընդհանուր առմամբ համաձայնեցին բանախոսի հետ՝ բերելով Հրազդանի քաղաքապետի ընտրության օրինակը, որտեղ մեկ առանձին քաղաքում ընդդիմությունը կենտրոնացնելով իր ամբողջ ներուժն ու ներկայացնելով իր ամենամրցունակ թեկնածուին, իշխանությունից օրինակելի-ցուցադրական պարտություն կրեց:
Բանախոսը և քննարկման մասնակիցների մեծ մասը կարծիք հայտնեցին, որ միակ ելքը վարչախմբի վերարտադրության գործիքի վերածված կեղծ ընտրություններին չմասնակցելուն զուգահեռ՝ նոր կառուցվածքով և ռազմավարությամբ օժտված ընդդիմության սուբյեկտայնացումն է և այդ հողի վրա այլընտրանքային քաղաքական մշակույթի ու համակարգի ձևավորումը, որի առաջին փուլը պետք է լինի այլընտրանքային իշխանության մարմինների սաղմնային մոդելի ստեղծումը։ Բանախոսի և մասնակիցների համոզմամբ հենց այս այլընտրանքային տարբերակներն են, որ կփոխարինեն տիրապետող քաղաքական մշակույթին ու համակարգին։
Էջանիշներ