Լեզուատրամաբանական աղաւաղումներ
Արտասանական աղաւաղումները զուգորդւում են իմաստային, լեզուատրամաբանական սխալներով: Իհարկէ, դրանք ժամանակակից ուղղախօսութեան խնդիրներից դուրս են դիտւում, սակայն, նախ՝ «ուղղախօսութիւն» եզրը (պատահական չէ, որ հնում անուանուել է «ճշմարտախօսութիւն») թոյլ է տալիս աւելի լայն ըմբռնում, բացի այդ՝ իմաստային շատ խաթարումներ անմիջաբար հետեւանք են 1922-ի եւ 1940-ի ուղղագրական փոփոխութիւնների:
Օրինակ՝«տնօրենություն» («դիրեկցիա» իմաստով) եւ «տնօրինություն» (կարգաւորում) բառերի շփոթը դիւրին վերանում է դասական ուղղագրութեամբ, պարզ երեւում է «օրէն» արմատը, ուստի՝ գոյականը տարբերւում է բայից (է-ի հնչիւնափոխութեան տրամաբանութիւնն էլ՝ իր հերթին):
Գարեգին Նժդեհն աներկբայ ասում է. «Ապրել ցեղօրէն», այսինքն՝ ցեղը իբրեւ գերագոյն օրէնք ընդունելով: Համեմատենք գործող ուղղագրութեան աղաւաղման հետ՝ «Ապրել ցեղորեն». մի՞թէ այս սովորական, չէզոք մակբայը արտայայտում է նժդեհեան մտքի ողջ հզօրութիւնն ու իմաստը: Հէնց միայն Նժդեհին համարժէք հասկանալու համար հարկաւոր է օր առաջ վերադառնալ դասական ուղղագրութեանը, էլ չենք խօսում 1600-ամեայ գրաւոր ժառանգութեան, արեւմտահայ եւ Սփիւռքի արդի գրականութիւնը համարժէք իւրացնելու մասին:
Մեկ այլ, նրբօրէն արձանագրուած, յոբելեանական օրինակ15. «Օրհնյալ է Հարութիւնն Քրիստոսի» գործող ուղղագրութեամբ մաղթանքը դասական ուղղագրութեամբ է միայն վերականգնում իր բուն իմաստը՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: Գրութեան փոփոխութեամբ վերստին աղճատուել է բառի արմատը, եւ «յար»-ի փոխարէն («յ» նախդիր + «ար» արմատ), որ այստեղ նշանակում է «կենդանանալ», փաստացի կարդացւում է «հար»՝ «խփել», «վնասել» իմաստով («ոտնահարել», «դանակահարել» եւ այլն):
Եւս մեկ օրինակ՝ այս անգամ բարբառային խօսքին առնչուող16. «Ծերացանք՝ ծերը տեսանք» ասացուածքը գործող ուղղագրութեամբ աղճատուած է (ո՞ւմ տեսանք, ո՞ր ծերին, ծերուկին), մինչդեռ դասականով նշանակում է «ծէրը», այսինքն՝ կեանքի վերջը, աւարտը, ծայրը (այ > է հնչիւնափոխութեամբ):
,,,,Նոյնը վերաբերում է «վեր ընկնել» դարձուածքին, որի կողքին անհասկանալի է «վերելակ» բառը (եթէ նոյն բառն է՝ ինչպէ՞ս է նշանակում երկու հակադիր ուղղութիւն). դասականի ուղղագրութեամբ է ճշտւում, որ առաջին դէպքում գործ ունենք «վէր»-ի՝ վայր ընկնելու հետ
(«վայր» > «վէր»):
Թող ուսուցիչը աշակերտներին (նաեւ՝ դասախօսը՝ ուսանողներին) հետեւեալ վարժութիւնն անել տայ՝ գործող ուղղագրութեամբ գրառել ու մեկնաբանել «գյուղապետ», «քաղաքապետ», «թաղապետ», «գնդապետ», «սակավապետ», «անտառապետ», «բռնապետ», «վարչապետ», «պահակապետ» բառերը: Դիւրին կհամոզուենք, որ սովորողների մեծագոյն մասը շփոթւում է, չի հասկանում, թէ ի՞նչ է «սակավապետը», ինչի՞ «պետն» է դա: Բառը ստուգաբանւում է միայն դասական գրութեամբ՝ «սակաւապէտ», այսինքն՝ երկրորդ բաղադրիչը ոչ թէ «գլուխ», «ղեկավար» արմատն է, այլ՝ «պէտք», ուստի եւ՝ «ժուժկալ», «քչով բաւարարուող» իմաստն ունի:
Եզրակացութիւն
1922 թուականի հրամանագիրը, հիմք ընդունելով կատարուած հնչիւնական փոփոխութիւնների եւ գրառման համակարգի համապատասխանեցման անհրաժեշտութիւնը, բնաւ հաշուի չի առել հնարաւոր հնչիւնական փոփոխութիւնները, որ անխուսափելիօրէն պիտի հետեւէին (եւ հետեւեցին) գրութեան «բարեփոխմանը»: Հայերէնի ոչ միայն ուղղագրութեանը, այլեւ բովանդակ ուղղախօսութեանը հասցուել է կործանարար հարուած:
Կատարուածն ունեցել է իր քաղաքական դրդապատճառները, խնդրի լուծման ընտրած ռազմավարութեան քաղաքական հիմքերը: Մասնաւորապէս՝ «բարեփոխիչները» չէին կարող չգիտակցել, որ իրենք առաւել խորացնում են հայութեան երկու հատուածների միջեւ արդէն այլ հիմքերով առաջացած վիհը, մի նոր հիմք են տալիս լեզուական, հոգեւոր, մշակութային փոխադարձ խորթացման: Դժուար չէր, իսկապէս, հասկանալ, որ միասնական ուղղագրութեան պարտադիր պահպանումն է նոյն լեզուի երկու տարբերակների հիմքը, բովանդակ ազգային միասնութեան հիմքը:
Նորից ու նորից յիշեցնենք, որ յատկապէս այդ հրամայականի, այդ յիրաւի «իմաստուն սկզբունքի» շնորհիւ «արտասանական այն խոշոր տարբերությունները, որոնք անջատում էին մեր երկու գրական լեզուները, գրավորի մեջ քիչ էին զգալ տալիս, իսկ բանավորի մեջ թեեւ շատ, բայց այնքան, որ միմյանց հասկանալու անհաղթահարելի դժվարություններ չէին ստեղծվում: Եվ սիրով հնչվում էր արեւելահայի բերանում արեւմտահայերենը եւ ընդհակառակն»17:
Մինչդեռ կատարուեց այն, ինչն արդէն իսկ կանխատեսելի էր, աւելին՝ յստակ կանխատեսել էին 19-րդ դարի վերջին – 20-րդի սկզբին մի շարք մտաւորականներ, ովքեր մտահոգ էին ուղղագրութեան անհարկի փոփոխութեան վտանգից: Յիշատակենք թէկուզ «տգիտական ուղղագրութեան» (այսօրուայ հեռուից՝ տգիտացնող ուղղագրութեան) սպառնալիքի մասին տակաւին 1910 թուականին արուած նախազգուշացումներից մեկը. «Ուղղագրութիւնը դիւրացնելու պատրուակին տակ՝ աւերել, եղծանել բառերը, գրերու արտասանութեան նրբութիւնները, հայերէն այբուբենքին վրայ այնպիսի՛ անդամահատութիւններ ընել, որոնք ստուգիւ վիրաբուժական չեն, այլ սպաննիչ ու խաթարող... Այս միջոցիս ամէն քիչ շատ գրիչ շարժողը՝ ինկած է հայերէն այբուբենքին վրայ, մեկը՝ այս գիրը կը հալածէ, միւսը՝ այն գիրը կը վտարէ»18:
,,,,Կատարուածի հակազգային ուղղուածութիւնը, ճակատագրական վնասակարութիւնը ժամանակին արդարացիօրէն արձանագրել է Վենետիկի Մխիթարեան միաբանութեան յատուկ յանձնաժողովը. «Աշխարհիս վրայ մեզմէ զատ չկայ ազգ՝ որ երկու տեսակ ուղղագրութիւն ունենայ: Եւ շատ անտեղի է մեր ազգին արդի վիճակը՝ իրարու գրածներէն խորշելու եւ կամ իսկապէս չհասկնալու զիրար, ինչպէս կը պատահի շատերուն»19:
«Երեւանեան ուղղագրութիւնը», իրօք, ոչ թէ սոսկ «պղծութիւն», «հրէշային խառնակութիւն», «այբուբենական բռնաւորութիւն», արդարութեան ու գիտութեան դէմ մեղանչում եղաւ, այլեւ՝ «գերեզմանաքար» հայոց անցեալի վրայ, չինական պարսպով անջրպետեց հայաստանցիներին թէ՛ իրենց նախնիներից եւ թէ՛ սփիւռքի ազգակիցներից20:
Տասնամեակներ առաջ ասուածը հարկադրուած ենք ահաւասիկ առաւել դառնութեամբ ու տագնապով կրկնելու այսօր: Ամօթալի փաստ է իսկապէս. հայաստանեան լեզուաբանների մեծ մասը այսօր անսքօղ թշնամութիւն է տածում դասական ուղղագրութեան վերականգնման հանդէպ, որից էլ ածանցւում է արեւմտահայ գրականութեան հանդէպ համապատասխան վերաբերմունքը: Բանը հասել է անգամ արտառոց յորդորի. «Եվ որքան Սփյուռքը շուտ թոթափի հին ուղղագրության անցանկալի բեռը, այնքան ավելի լավ սփյուռքահայության համար»21:
Սփիւռքը ժամանակին չընդունեց ուղղագրական բռնութիւնը, հակադրուեց, ահազանգեց, թէպէտ՝ ապարդիւն: Այդուհանդերձ, եթէ այսօր կենդանի է դասական ուղղագրութիւնը (իսկ, գաղտնիք չէ, որ դասականի որոշ հակառակորդներ ամէն կերպ ճգնում են դա բնութագրել սոսկ որպէս «գրաբարի ուղղագրութիւն»), ապա պարտական ենք Սփիւռքի մեր ազգակիցներին: Եւ մի՞թէ առնուազն տարօրինակ չէ, որ օտար լեզուական միջավայրում հնարաւոր է իւրացնել դասական ուղղագրութիւնը, այնինչ հայաստանեան հակառակորդները տրտնջում են դժուարութիւններից, ծուլանում մի քանի նոր կանոն իւրացնել եւ դեռ մոլորեցնում են հանրութեանը: Նշենք, ի դէպ, որ կայ լիարժէք գիտական եւ ուսումնական գրականութիւն, աւելին՝ Հայաստանում արդէն ստեղծուել ու հանրութեանը ցուցադրուել է գործող ուղղագրութիւնը դասականի փոխարկող համակարգչային ծրագիր:
Վերադառնալով 80 տարի առաջ կատարուածին՝ մեզ տուեալ պարագայում հետաքրքրողը լեզուագիտական հիմքն է, այն աշխարհայեացքային-մեթոդաբանական դիրքորոշումը, որը հայերէնի գործող ուղղագրութեան մէջ բացարձակացնում է հնչիւնական սկզբունքը, իսկ աւանդական-ստուգաբանական ու ձեւաբանական սկզբունքները՝ անտեսում:
Նախ՝ իրենք իսկ՝ 1922 եւ 1940 թուականների «բարեփոխիչները», հետեւողականօրէն չեն պահպանել «մեկ հնչիւն – մեկ տառ» սկզբունքը, ընդ որում՝ ո՛չ փոփոխուած ձայնաւորների, ո՛չ էլ անփոփոխ բաղաձայների գրութեան առումով: Սխալ հիմնադրոյթի տուրք գրութիւնը մեծապէս աղճատել է հայ բառերի պատկերը, դարձրել նոր սերունդների համար անճանաչելի, պայմանական բան: Իսկ աւանդական բառապատկերի աղաւաղումը անհետք չէր կարող մնալ բառի հնչեցման, բառիմաստը ճիշտ ընկալելու, ինչպէս նաեւ բառը մտապահելու եւ ճիշտ գրառելու մէջ:
Երկրորդ՝ հնարաւոր էլ չէր անշեղօրէն հետեւել «մեկ հնչիւն՝ մեկ տառ» կանոնին, քանի որ դարաւոր պատմութիւն ունեցող լեզուն (ինչպէս հայերէնը, այնպէս էլ անգլերէնը, ֆրանսերէնը, ռուսերէնը եւ այլն) անխուսափելիօրէն հեռացած պիտի լինէր բառի հնչեցման սկզբնական ձեւից, կուտակէր գրութեան ու արտասանութեան անհամապատասխանութիւններ, այդ թւում՝ «յամր», չգրառուող հնչիւններ: Եթէ, դիցուք՝ հայերէնը լինէր անգիր լեզու, գուցէ հիմնաւոր լինէր հնչիւնական սկզբունքի գերադասումը:
Երրորդ՝ ուղղագրութիւնն ինքնին մշակութապահպան դեր ունի. հնչոյթի գրութիւնը չէ՞ որ նաեւ պատմական յիշողութիւն է, ազգային ինքնութեան հիմքերից մեկը, ազգի միասնութիւնը ժամանակի (հերթափոխուող սերունդների) եւ տարածութեան (ժողովրդի տարբեր հատուածների) մէջ ապահովող հզօր գործօն: Պատմութիւն ունեցող, գրականութիւն ունեցող, հոգեւոր ժառանգութիւն ունեցող ժողովրդի համար տառն աւելին է, քան սոսկ հնչոյթի գծագրական պատկերը, բառն աւելին է, քան սոսկ հնչոյթների համակցութիւն, ուղղագրութիւնն աւելին է, քան տառագրութիւնը, իսկ ազգի միասնականութեան ապահովումն աւելի կարեւոր է, քան ուղղագրութեան միւս բոլոր չափանիշները:
Չորրորդ՝ անցած տարիների արտասանական աղաւաղումները (սոսկ հնչիւնական սկզբունքին կառչած մնալու հետեւանքով) թոյլ են տալիս եզրակացնելու, որ հայերէնի ուղղագրութեան (նաեւ՝ ուղղախօսութեան) խնդրում պակաս կարեւոր չէ աւանդական-ստուգաբանական մօտեցումը: Արդ՝ հարկաւոր է, նախ՝ խորապէս գիտակցել այդ հանգամանքը, ապա՝ համապատասխանաբար փոխել հայերէնի ուսուցման յարացոյցը:
Վերադարձը դասական ուղղագրութեանը հիմք կստեղծի նաեւ ուղղախօսութեան աստիճանական շտկման:
1 Տե՛ս Մ. Աբեղյան, Առաջնորդ հայոց լեզվի նոր ուղղագրության, Յերեվան, Պետհրատ, 1922, էջ 3-4:
2 Էդ. Աղայան, Լեզվաբանության հիմունքներ, Եր., ԵՊՀ հրատ., 1987, էջ 121:
3 Անդ, էջ 280:
4 Անդ:
5 Տե՛ս Թ. Ղարագյուլյան, Ժամանակակից հայերէնի ուղղախօսութիւնը, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1974, էջ 215-216:
6 Խ. Պ. Քարտաշեան, Խորհրդային Հայաստանի նոր ուղղագրութիւնը, Պէյրութ, «Հրազդան», 1926, էջ 21:
7 Տե՛ս Վ. Միրզոյան, Հայերէնը՝ անաղարտ, Եր., «Գրիգոր Տաթեւացի», 2005:
8 Տե՛ս Է. Գյուլեսերյան, Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը, Եր., ՀՍՍՀ մշակույթի նախարարության մեթոդկենտրոն, 1987, էջ 29-39:
9 Ս.Վ. Գյուլբուդաղյան, Հայոց լեզվի մեթոդիկա, Եր., ԵՊՀ հրատ., 1978, էջ 156:
10 Ա. Ղարիբյան, Հայ մանկավարժական լեզվաբանության հարցեր: Գիրք 1. Ներածություն, Եր., Լույս, 1969, էջ 94:
11Վ. Առաքելեան, Ժամանակակից հայերէնի հնչիւնաբանութիւն, Եր., ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1955, էջ 67:
12 Գ. Ջահուկյան, Հարկ կա՞ արդյոք փոխել մեր ուղղագրությունը, Եր., 1996, էջ 19:
13 Վ. Առաքելյան, Կգա նաեւ ուղղագրությամբ զբաղվելու ժամանակը //«Երեկոյան Երեւան», 19 Մարտի 1997, էջ 4:
14 Լ. Ավդալյան, Ուղղագրության խնդիրը // «Հայաստան», 5 Ապրիլի 1991, էջ 2:
15 Տե՛ս Լ. Միրիջանեան, Ազգայինը Մեսրոպեան ուղղագրութիւնն է // «Ավանգարդ» (շաբաթաթերթ), 15-21 Օգոստոսի 2001թ., էջ 2:
16 Տե՛ս Գ. Պասմաճեան, Միասնական ուղղագրութիւն յօգուտ միասնականութեան // «Գիտութիւն եւ տեխնիկա», 1996, թ. 7-9, էջ 41:
17 Ա. Ղարիբյան, նշուած աշխ., էջ 94:
18 Գ. Մէնէվիշեան, Հայերէն լեզուի ուղղագրութեան խնդիրը, Վիեննա, 1910, էջ 8:
19 «Վենետկոյ Մխիթարեանց յանձնաժողովին կարծիքը հայերէնի ուղղագրութեան մասին», Վենետիկ, Սուրբ Ղազար, 1927, էջ 10:
20 Տե՛ս «Երեւանեան ուղղագրութիւնը» (խմբագրական) // «Հայաստանի կոչնակ», Նիւ Եորք, Նոյեմբեր 20, 1926, թ. 47, Հ. Ա. Ղազիկեան, Ի՞նչ են անում Երեւանում // «Հայրենիք» (ամսագիր), 1927, հ. 6, էջ 70, Կոստան Զարեան, Ուղղագրութեան խնդրի առթիւ // «Հայրենիք» (օրաթերթ), Սեպտեմբերի 30 – Հոկտեմբերի 1, 1927թ.:
,,,,Լեզուական բարբարոսութիւնը ինքնին մերժելի էր թուում. «Ես վստահ եմ, որ ոչ մեկ հայ պիտի չգործէ այդ ոճիրը, եւ պիտի չգրէ տեր, սեր, աղետ, նուեր» (Հ. Ա. Ղազիկեան, նշուած աշխ., էջ 68)
21 «Հայաստանի Հանրապետություն» (օրաթերթ), 13 Ապրիլի 2002թ., էջ 5: Տիտղոսաւոր հեղինակներին բնաւ պատիւ չբերող սոյն փաստաթուղթը, որ անուանւած է «Հայերենի արդի ուղղագրությունը փոխելու փորձերի առթիվ», աւարտւում է դասականի կողմնակիցների ջանքերի պիտակումներով՝ «որպես հայ մշակույթի քայքայմանն ուղղված միտումնավոր քայլեր՝ թելադրված հայատյաց կենտրոններից»:
ՎԱԼԵՐԻ ՄԻՐԶՈՅԵԱՆ
«ՃԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ»
Երեւան, 2006
Աղբիւրը:
Էջանիշներ