Քաղաքացիական օրենսգիրք (Մաս 10)
Հոդված 1111. Հեղինակային իրավունքի օբյեկտները
1. Հեղինակային իրավունքը տարածվում է ստեղծագործական գործունեության արդյունք համարվող գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների վրա՝ անկախ ստեղծագործության նշանակությունից ու արժանիքներից, ինչպես նաև այն արտահայտելու եղանակից։
2. Ստեղծագործությունը պետք է արտահայտվի բանավոր, գրավոր կամ այն ընկալելու հնարավորությունը թույլատրող այլ օբյեկտիվ ձևով։
3. Գրավոր կամ այլ կերպ նյութական կրիչի (ձեռագրի, մեքենագրի, նոտագրի, տեխնիկական միջոցների օգնությամբ ամրակայված՝ ներառյալ ձայնագրությամբ կամ տեսագրությամբ արտահայտված, երկչափ կամ ծավալային-տարածքային ձևով պատկերի վրա ամրագրված և այլն) վրա արտահայտված ստեղծագործությունը համարվում է օբյեկտիվ ձև ունեցող՝ անկախ երրորդ անձանց համար այն մատչելի լինելուց։
4. Նյութական կրիչի վրա չարտահայտված բանավոր կամ այլ ստեղծագործությունը համարվում է օբյեկտիվ ձև ունեցող, եթե այն մատչելի է դարձել երրորդ անձանց ընկալման համար (հրապարակային արտասանություն, հրապարակային կատարում և այլն)։
5. Հեղինակային իրավունքը տարածվում է ինչպես հրապարակված, այնպես էլ չհրապարակված ստեղծագործությունների վրա։
6. Հեղինակային իրավունքը չի տարածվում գիտական հայտնագործությունների, գաղափարների, սկզբունքների, մեթոդների, ընթացակարգերի, տեսակետների, համակարգերի, արարողակարգերի, գիտական տեսությունների, մաթեմատիկական բանաձևերի, վիճակագրական դիագրամների, խաղի կանոնների վրա, եթե անգամ դրանք արտահայտված, նկարագրված, բացահայտված, լուսաբանված են ստեղծագործություններում։
Հոդված 1112. Հեղինակային իրավունքի օբյեկտների տեսակները
Հեղինակային իրավունքի օբյեկտներ են՝
1) գրական (գրական-գեղարվեստական, գիտական, ուսումնական, հրապարակախոսական և այլ) ստեղծագործությունները.
2) դրամատիկական և սցենարային ստեղծագործությունները.
3) տեքստով և առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունները.
4) երաժշտական դրամատիկական ստեղծագործությունները.
5) պարարվեստի ստեղծագործությունները և մնջախաղերը.
6) տեսալսողական ստեղծագործությունները (կինոֆիլմերը, հեռուստաֆիլմերը և տեսաֆիլմերը, տեսասլայդային ֆիլմերը, դիաֆիլմերը և այլ կինո, հեռուստատեսային և տեսաստեղծագործությունները), ռադիոստեղծագործությունները.
7) գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, դիզայնի և կերպարվեստի այլ ստեղծագործությունները.
8) դեկորատիվ-կիրառական արվեստի և բեմական գրաֆիկայի ստեղծագործությունները.
9) ճարտարապետության, քաղաքաշինության և այգեպուրակային արվեստի ստեղծագործությունները.
10) լուսանկարչական ստեղծագործությունները և լուսանկարչությանը նմանօրինակ եղանակներով ստացված ստեղծագործությունները.
11) աշխարհագրությանը, տոպոգրաֆիային և այլ գիտություններին վերաբերող աշխարհագրական, երկրաբանական ու այլ քարտեզները, նախագծերը, էսքիզները և պլաստիկ ստեղծագործությունները.
12) համակարգչային ծրագրերը.
13) տառատեսակները.
14) սույն օրենսգրքի 1111 հոդվածով սահմանված պահանջներին բավարարող այլ ստեղծագործությունները։
Ավելի մանրամասն՝
այստեղ:

Էջանիշներ