Philosopher-ի խոսքերից
Ռուսերեն լեզվի խնդիրը իսկապես խիստ կարևոր է։ Ազգային մաքսիմալիզմը, որն արդեն դարձել պաթոլոգիա, իր նոպաներից մեկի ժամանակ ջնջեց–մաքրեց ռուսերեն լեզվի իմացությունն ու դրանից օգտվելու կարողությունը, հարգանքն ու սերը այդ հրաշալի լեզվի նկատմամբ։ Անշուշտ, ազգային քաղաքական զարթոնքը պետք է ուղեկցվեր այդպիսի դրսևորումներով, սակայն քաղաքական ազատագրումը ուղեկցվեց նաև, այսպես ասած, մշակութային ազատագրումով, իսկ մեծ մշակույթից փոքր մշակույթի այդպիսի "ազատագրումը" իրականում մեծ ողբերգություն է այդ փոքր մշակույթի համար։ Այստեղ խնդիրն այն չէ, թե կոնկրետ որ մեծ մշակույթի լեզուն էր մեզ հասանելի, ռուսերենի փոխարեն կարող էին լինել անգլերենը, ֆրանսերենը կամ գերմաներենը, փաստն այն էր, որ ձեռք էր բերվել մեծ մշակույթի հետ շփվելու կուլտուրա, որը կորսվեց։ Ինչը և հանգեցրեց ազգային մտածողության հերթական մարգինալացմանը։ Նույն այս իրավիճակում հնդիկ ժողովուրդը այնքան իմաստուն գտնվեց, որ պահպանեց անգլերենի նկատմամբ իր հարգանքն ու սերը, թեև նա շատ ավելի էր տուժել անգլիացիներից, քան հայերը՝ ռուսներից, և հիմա անգլերենն է դառնում այն կամուրջը, որը հնդկական փիլիսոփայությունը, բժշկությունը, նոր մտքերը հասնում են աշխարհին։ Գուցե անգլերենն այս առումով ավելի լավ կամուրջ է, քան ռուսերենը, և հիմա էլ հայերը պետք է անգլերեն սովորեն, սակայն դրա համար պետք է ևս 40–50 տարի, իսկ այդ ընթացքում հայ մարդու գիտակցության մեջ պետք է իշխի կիսաբարբառային, ժարգոնային մարգինալ մտածողությունը և հենց պատմական այն շրջանում, երբ պետք է քաղաքական, փիլիսոփայական ու ընդհանրապես տեսական մտքի կենտրոնացում ու լարում։ Ահա հերթական կոտրած տաշտակը՝ հայ բազմադարյա ժողովրդի խիստ իմաստուն պատմության ճանապարհին։
Էջանիշներ