Սերժ Սարգսյանին մեկ ու կես տարի՞ էր պետք` հասկանալու, որ ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում Թուրքիան միայն նախապայմաններ է տեսնում. «Ա1+»-ի հարցի նման ձեւակերպման հետ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր չհամաձայնվեց:
Նրա կարծիքով Թուրքիան այլ փաստաթուղթ է ստորագրել, սակայն այլ բանի մասին էր խոսում. «Թուրքիան ինչ ասում էր, որեւէ կապ չուներ ստորագրված արձանագրությունների հետ:
Բաժակը լցվեց, երբ Վաշինգտոնում նախագահների հանդիպումից հետո Էրդողանն ասաց, որ մինչեւ ԼՂ հարցը չլուծվի, մենք սահմանը չենք բացի: Սերժ Սարգսյանը կասեցրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, քանի որ հասկացավ, որ Թուրքիան այսօր պատրաստ չէ վավերացնել արձանագրությունները»:
Երեք մի շարք քաղաքական ուժեր հայտարարեցին, որ Սերժ Սարգսյանի քայլը կիսատ է, իսկ ՀԱԿ-ի համակարգողը հայտարարեց, որ «Էշ նստելը մի այիբ է, իսկ իջնելը` երկու»: Շարմազանովն առաջինը անդրադարձավ ՀԱԿ-ի կարծիքին եւ եզրափակվեց. «Դա շատ հին ասացվածք է»: Խոսելով կիսատ քայլ գնահատականի մասին` Շարմազանովը նշեց. «Մենք գտնում ենք, որ մեր դիրքորոշումը ամբողջական է եւ արդարացի եւ բխում է պետության շահերից»:
Շարմազանովն ընդգծեց, որ հայկական կողմը դուրս չի գալիս հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացից. «Մենք կողմնակից ենք, որ գործընթացը շարունակվի, եթե թուրքական կողմը կարողանա գործնական քայլեր անի»: Նա կարծում է, որ ապրիլի 24-ից առաջ Սերժ Սարգսյանի ուղերձը ցույց տվեց, որ ՀՀ-ն դեմ է ամեն գնով Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը. «Ավելին, ՀՀ պետք է շարունակի եւ ավելացնի իր ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ»:
Պատասխանելով «Ա1+»-ի հարցին` Շարմազանովը հերքեց այն լուրերը, թե Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունները որոշեց կասեցնել Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպելուց հետո: «Ձեր կարծիքը արդարացված չէ,
քանի որ Վաշինգտոն գնալուց առաջ Սերժ Սարգսյանն ասաց, որ մեր որոշումը կայացված է եւ հարմար պահի այն կհրապարակենք: Ես չեմ կարծում, որ ՀՀ-ն այսօր այնպիսի վիճակում է, որ որեւէ մեկի ազդեցության կամ ճնշումների ներքո որոշումներ կայացնի»,-ասացա նա:
Ըստ ՀՀԿ խոսնակի` այս փուլում հայկական կողմի միջազգային վարկը բարձրացավ, եւ հայկական կողմը ավելի ամրացած է դուրս գալիս: «Կարծում եմ, որ Թուրքիան արդեն հասկացել է, որ հարեւանների հետ չի կարելի խոսել ուլտիմատումի լեզվով»,-ասաց նա:
Ենթադրվում է, որ այս արձանագրությունների կասեցումից հետո ԼՂ հարցում գործընթացները ավելի կակտիվանան: Հնարավո՞ր է, որ հանուն ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի շահերի Սերժ Սարգսյանը հրաժարական տա. «Ա1+»-ի հարցը` Շարմազանովն այսօր համարեց անհիմն. «Այսօր ՀՀ-ում չկա այնպիսի վտանգ, իրավիճակ, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա: Նա շատ հզոր է իր թիմով, իր լեգիտիմությամբ եւ նրա իրականացրած աշխատանքների արդյունքում ՀՀ միջազգային վարկը բարձրացել է: Սերժ Սարգսյանի ավելի լավ որեւէ մեկը չի պատկերացնում առկա խնդիրները եւ դրանց լուծումը»:
Էջանիշներ