“ԲՀԿ-ից եկան, ասացի, որ վատ եմ ապրում, 15.000 դրամ լույսիս պարտք են տվել, մի քիչ էլ ձեռիս են փող տվել, մի 5000”, ասում է արդեն այս ծառայությունից օգտված Արտակը: Միամիտ չէ, գիտե՝ ինչու են հիշել իր գոյության մասին. “Բայց դե հալալ ա, դրա փոխարեն մի ձայն պիտի տամ ԲՀԿ-ին, է, մի ձայնի էղածն ինչ ա, կտամ”, ասում է Արտակը: Բնակիչների` գազի, էլեկտրաէներգիայի պարտքերը մարելը ընտրությունների նախաշեմին ՀՀԿ-ի “բարի” ավանդույթն էր տարիներ շարունակ, հիմա ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն փոխանակում արեցին, և այսպես իրար “պաս” տալով կշարունակեն նախընտրական քարոզարշավը մինչև մայիսի 30-ը:
Այս կուսակցությունների բախտն այնքանով է բերել, որ մայիս ամսին հայերը հարսանիք չեն անում, թե չէ նաեւ հարսանեկան ծախսեր ստիպված կլինեին հոգալ:
Մի բան, այնուամենայնիվ, պարզ է, ժողովուրդն արդեն նախկին 5000 դրամ կաշառքով իր ձայնը չի ծախում: Հիմա կաշառքի չափը նվազագույնը պետք է հատի 15-20 հազար դրամը:
“Խի, 5000-ը հիմի փող ա՞, որ ձենս ծախեմ: Հա, չեմ թաքցնի, մի քանի տարի առաջ գներն էդքան էին, բայց որ հիմա տեսնում եմ` ինչ գներ են ֆռռում, ասում եմ` խի, տեսնեմ, ով շատ կտա, նրան էլ կընտրեմ, հլը սպասում եմ”, ասում է Համլետը:
Եվ քանի որ ընտրակաշառքներ բաժանողները հիմնականում ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն են, Համլետը հենց այս երկու կուսակցությունների առաջարկին է սպասում:
Ու թեև ընտրակաշառքի չափը գնալով մեծանում է, փոխարենն ավելի են էժանանում ընտրությունները: Եվս հետաքրքիր մի հանգամանք. նախկինում ժողովուրդը թաքցնում էր կաշառք վերցնելը` ինչ-որ տեղ վախենալով կամ անհարմար զգալով, հիմա արդեն ոչնչից չի վախենում, ավելին` սպառնում է՝ չտան, ձայնս ուրիշին կտամ:
ԼՐԱԳԻՐ.ԱՄ
Էջանիշներ