«Ընտրեք ոչ թե գայլերին, այլ չոբանի շներին»
14:57 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Ինչո՞ւ եմ ուզում դառնալ Երեւանի քաղաքապետ, որովհետեւ ուրիշ քաղաքի քաղաքապետ այսօր չեմ ուզում լինել»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Տիգրան Կարապետյանը: Նա գտնում է, որ այդ իրավունքն ունի. «Ծնվել եմ Երեւանում, երեւանաբնակ եմ, եւ շատ եմ սիրում Երեւանը»:
Կարապետյանի կարծիքով` «քաղաքապետը պետք է լինի ազնիվ, կամեցող, մաքուր ձեռքերով, ժողովրդի հետ պետք է վարի ժողովրդական քաղաքականություն, ոչ թե ժողովրդավարական, ինչն ընդհանրապես գոյություն չունի»:
Տիգրան Կարապետյանը կիսում է ընդդիմության տեսակետները եւ բոլոր ուժերից առավել համակրում է ընդդիմությանը, «քանի որ բարոյական առումով ընդդիմությունն ավելի բարոյական է»:
Նա իր նկատմամբ սեւ քարոզչության տարրեր նկատում է ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանության կողմից: Ասենք ՀԱԿ անդամ Ռուբեն Թորոսյանը դիմել է ԿԸՀ` հայտնելով, որ Տիգրան Կարապետյանը օրենքի խախտումով 3 ժամ եղել է եթերում: Այնինչ, Կարապետյանը պնդում է, որ ինքը անընդմեջ 3 ժամ եթերում լինել չէր կարող, քանի որ հաղորդումը 1.5 ժամ է:
Իսկ որպես իշխանական հակաքարոզչության օրինակ, Տիգրան Կարապետյանը նկատում է այն, որ իրեն 2 անգամ իշխանամետ հեռուստաընկերությունները հրավիրել են եւ հարցրել` «2007 թվականին քանի՞ հոգու եք հեռուստացույց բաժանել»:
Տիգրան Կարապետյանը սեփական անձի արժանիք է համարում իր ազնվությունը. «Ես պատրաստ եմ սեփական միջոցներով կիսվել ժողովրդի հետ, այսօր պետական պաշտոնյաներ կան, որ պետական միջոցներով չեն կիսվում, ես սեփականն եմ կիսում, պատկերացրեք, որ ես լծակներ ունենամ. ամբողջովին կնվիրվեմ ժողովրդին: Դա մեծ առավելություն է»,- նշեց նա:
Ժողովրդական կուսակցության նախագահը գտնում է, որ առաջնահերթ պետք է մտածել ժողովրդի կեցության մասին. «Երեւանցին պետք է սիրի քաղաքապետին, ոչ թե վախենա, զգուշանա»:
Իսկ «Ա1+»-ի հարցին, թե կարծիք կա, որ Կարապետյանն ընդդիմությունից ձայներ է խլում, պատասխանեց. «Զոռով չեմ տանում. երբ ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը գնում էր վճռական քայլերի, նախագահական ընտրությունների ժամանակ ես հավաքեցի ավելի քիչ, քան միշտ հավաքում էի, այսինքն, իմ ձայները գնացին Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այսօր երբ նա գնում է քաղաքապետի պաշտոնի` իմ ձայները կարող են ինձ վերադառնալ, որովհետեւ նրանք ովքեր վճռական քայլեր էին ակնկալում, այսօր դեռ չեն տեսնում, դեռ...»:
Տիգրան Կարապետյանը որեւէ դրական բան չի սպասում այսօրվա քաղաքական ձեւաչափի պայմաններում. «Բայց մենք պայքարելու ենք, եւ թույլ չենք տալու մեր ձայները գողանալով` հասնեն արդյունքի»: ԺԿ-ն ոչ միայն ակնկալում է, այլ վստահ է, որ իրենք 10 տոկոսն արդեն հաղթահարել են. «Իմանալով` ինչպիսի գայլերի հետ ենք քայլում, որոնք կարող են հոշոտել ոչ միայն մեր ձայները, այլեւ մեզ, մենք շատ զգուշավոր ենք ասում թվերը»:
Ինչ վերաբերում է վերջին շրջանում ՀՀԿ-ԲՀԿ միջեւ արձանագրվող բախումներին, ապա դրանք բնական է համարում Տիգրան Կարապետիչը. «Նրանք այն դաշտում են, որ իրարից են ձայներ խլելու, որովհետեւ այդ ձայները հոգեւոր չեն, այլ շահադիտական, այդ անձնավորությունը, որը գումար է վերցնում, այսօր կարող է սրանից վերցնել, վաղը նրանից, այսօր այս կուսակցությունից դուրս գալ, մտնել մյուս կուսակցություն. դա այն դաշտն է, որտեղ չկա հոգեւոր կանոնավոր որեւէ բան, եւ իրենք նախապես իմանալով, թե որ դաշտն է իրենցը, տեսնելով, որ որեւէ մեկը մտնում է այդ դաշտ, վտանգ են տեսնում»:
Իսկ մեր զրույցի ավարտին Տիգրան Կարապետյանին խնդրեցինք խորհուրդ տալ երեւանցիներին, որոնք մայիսի 31-ին գնալու են ընտրության եւ վճռելու են Երեւանի ապագան. «
Գայլերին ձայն մի տվեք, հավատարիմ շներին տվեք, ինձ նկատի ունեմ, հավատարիմ, չոբանի շներին, որ ձեզ համար կկռվեն, գլուխը կտան գետնով, ոչ թե գայլերին, հետո էլ ասեն տարան, բա~ կտանեն, ամեն ի~նչն էլ կտանեն»:
Էջանիշներ