Քուշքյանը հրահանգե՞լ է
«Նա, ով վաղը Գայի արձանի մոտ չլինի, քննությունների ընթացքում խնդիրներ կունենա»,- այսօր այս մասին «Ա1+» -ին հայտնեց Էրեբունի բժշկական քոլեջի ուսանողուհիներից մեկը:
Վաղը Նոր Նորքի Գայի արձանի մոտ ԲՀԿ-ն հանդիպման է հրավիրում բնակիչներին: «Ա1+» -ին զանգահարած ուսանողին հայտնեց, որ այսօր քոլեջում նման հայտարարություն են արել բոլոր դասախոսները` քոլեջի տնօրեն Ալինա Քուշքյանի հրահանգով: Ի դեպ, Ալինա Քուշքյանը Երեւանի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշքյանի քույրն է:
Ուսանողուհու խոսքերով` քոլեջի տնօրինությունը հոգ է տարել նաեւ ուսանողներին փոխադրամիջոցով ապահովելու մասին: «Բոլորին ասել են, որ վաղը ժամը 18.00-ին լինեն քոլեջի մոտ` ԲՀԿ-ի ավտոբուսները մեզ են սպասելու` բոլորիս Գայի արձան տանելու համար»,- ասաց «Ա1+» զանգահարած ուսանողուհին: Իր անունը նա խնդրեց չհրապարակել` առաջիկայում քննությունների ընթացքում խնդիրներ չունենալու համար:
ԲՀԿ-ի շտաբի մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանը «Ա1+»-ին հայտնեց, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը. «Այդպիսի բան չի կարող լինել: Այդ քոլեջն իրենից ինչ է ներկայացնում, որ պիտի անպայման գան: Ինչ-որ անհեթեթ բան են ասում: Նման լուրեր տարածողներն ընդամենը ցանկանում են ինքնահաստատվել»:
Իսկ երբ պարոն Մհերյանին ասացինք, որ բողոքողները հենց ուսանողներն են, որոնք պնդում են, որ իրենց ԲՀԿ-ի ավտոբուսներով են տանելու վաղվա հանդիպմանը, պարոն Մհերյանն ասաց. «Այլ խնդիր է, որ իրենց կարող են ասած լինել, որ հանդիպում է լինելու»: ԲՀԿ-ի շտաբի մամուլի քարտուղարը վստահեցրեց, որ ԲՀԿ-ի վաղվա հանդիպմանը ավտոբուսներով մարդիկ ընդհանրապես չեն բերվելու:
Էջանիշներ