ԻՆՉ Է ԱՆԵԼՈՒ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՏԻ 1-ԻՆ
Ընդդիմությունը մարտի 1-ին հանրահավաք է անցկացնելու Երեւանում, ինչ է անելու ոստիկանությունը: Այդ հարցը լրագրողները փետրվարի 27-ին ուղղել են Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Նա հայտարարել է, թե տեղեկություն են տարածում, որ ոստիկանությունն անհանգստացած է մարտի 1-ին սպասվելիք հանրահավաքով: “Այդպիսի բան չկա, շատ հանգիստ ենք”, հայտարարել է Ալիկ Սարգսյանը, նշելով, որ մարտի 1-ին որեւիցե բան չեն սպասում: Ավելին, Ալիկ Սարգսյանն ասում է, որ այդ օրը ոստիկանությունն էլ ընդունելու է տուժողի կեցվածք, քանի որ մեկ տարի առաջ այդ օրը ոստիկանությունն էլ ունեցել է զոհ:
“Եթե կուզեք, մենք էլ ենք հարգելու մեր զոհերի հիշատակը”, ասել է Ալիկ Սարգսյանը: Նա ասել է, թե համոզված է, որ ժողովուրդն այդ օրը կգա, խաղաղ կհարգի զոհերի հիշատակն ու կգնա տուն:
“Մենք պատրաստ ենք մարտի 1-ին ամբողջությամբ վերահսկել իրավիճակը”, հայտարարել է Ալիկ Սարգսյանը, քաղաքացիներին կոչ անելով ջուր չլցնել որեւէ քաղաքական ուժի ջրաղացին եւ չփորձել “այլ հույսեր փայփայել”: Ալիկ Սարգսյանն ասում է, որ ոստիկանությունը մարտի 1-ին թույլ չի տալու հասարակական կարգի խախտում, եթե որեւէ մեկը փորձի փողոցներ փակել, երթեւեկությանը խանգարել, աղաղակել,
տպավորություն ստեղծելով, թե քաղաքում ինչ որ բան է կատարվում: “Երեւանից պետք է վերանա վախի մթնոլորտը”, հայտարարել է ոստիկանապետ Սարգսյանը:
http://www.lragir.am/src/index.php#top
Էջանիշներ