ՀՈՐԴՈՐ ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻՆ - 28.12.2008
Սիրելի Սարգիս,
Մենք լավ ենք հասկանում, թե քեզ՝ մարտի դաշտում զենքը ձեռքին կռվելու սովոր ազատամարտիկիդ, ինչ աստիճանի հասցրած պետք է լինի, ինչ պայմանների մեջ պետք է դրած լինի ապօրինի այս վարչախումբը, որ դիմեիր հացադուլ հայտարարելու քայլին։ Արդեն մոտ մեկ ամիս ձգվող քո հացադուլով դու եւս մեկ անգամ ապացուցեցիր քո հաստատակամությունն ու ոգու կորովը, քո արդարությունը, որ արժեքներ են բոլորիս, բոլոր բանական մարդկանց համար, բայց ոչ երբեք քեզ զնդանում պահողների եւ նրանց հրահանգողների։ Պայքարի այդ ձեւը կարող է արդյունավետ լինել, եթե դիմացինդ օժտված է մարդկային ու բարոյական նվազագույն հատկանիշներով։ Այս վարչախմբի համար նման բաներն օտար են ու անծանոթ։ Մենք չենք ուզում կորցնել մեր պայքարի ընկերոջ՝ հայրենասեր ազատամարտիկի, ազատության ու արդարության համար պայքարողի կյանքը։ Մեր պայքարը շարունակվում է եւ անպայման հասնելու է իր տրամաբանական ու անխուսափելի հաղթական ավարտին։ Այդ պայքարում անելիք ունի մեզնից յուրաքանչյուրը, անելիք ունես նաեւ դու։ Ուստի խնդրում ենք դադարեցնել կյանքի համար ծայրահեղ վտանգավորության սահմանագծին հասած տեւական հացադուլը։ Վստահ եղիր, որ այն տվել է իր արդյունքը, իսկ դու շուտով անպայման մյուս քաղբանտարկյալների հետ միասին կհայտնվես ազատության մեջ ու կկանգնես պայքարի քո ընկերների շարքերում, ինչի համար նաեւ առողջություն է պետք։
Հայ Ազգային Կոնգրես
Էջանիշներ