Գրքերս էի տակնուվրա անում, որ կուրսեցուս խնդրածը գտնեմ… Մի գիրք գետնին ընկավ ու բացվեց մի էջի վրա, որի մեջ երիցուկ էի ժամանակին դրել էջանշանի տեղ… չորացել էր ու խամրել, իսկ այն ժամանակ այնքան քնքուշ ու սիրուն էր, երբեմնի կանաչ տերևը մոխրագույն էր դարձել…
Երևի մարդկանց հետ էլ նույնն է տեղի ունենում. մեկը իր հիշողության մեջ «էջանշան» է դարձնում, ու փակում «գիրքը»… հետո մի օր պատահական հիշողությունների շղթայով հասնում իր կյանքի գրքի հենց այդ էջին, բացում ու տեսնում է, որ այդ «երիցուկն» արդեն անշունչ է…
հետո ամբողջ օրը հանգիստ չի տալիս այն միտքը, թե ինչպես «չորացրեց» այդ լուսավոր մեկին, կամ էլ փակում է գիրքը ու տեղը դնում, կամ էլ դեն է նետում արդեն չորացած հիշողությունը…
Գրքի հենց այդ էջի վրա ինձ դուր եկած արտահայտությունն էի նշել, վերընթերցեցի այդ նախադասությունը, հետո էլի… մոռացված երազ, մոռացված բառեր… Անցյալ կյանքիցս մի քանի մանրուք էր միայն մնացել…
Մինչև հիմա սեղանիս է դրված` բացված վիճակում, հենց այդ էջի վրա, նախադասության տակ մատիտով նշած, երիցուկ…
տեսնես ինչ-որ մեկը ինձ որպես երիցուկ-էջանշան ունի՞ իր «գրքում»… երևի արդեն խամրել ու թոռոմել եմ, կամ էլ վաղուց դեն է նետել…
Էջանիշներ