Մանկության մի ակնթարթ…
Փոքրիկ աղջնակ էր, որ սիրում էր հեքիաթներ կարդալ… ու քանի որ ոչ քույր ուներ, ոչ եղբայր, ում համար կարող էր այդ հեքիաթները կարդալ, միշտ շունիկի համար էր կարդում… իսկ շունիկը միշտ ուշադիր լսում էր այդ հեքիաթները… հասկանում էին իրար. ընկերներ էին…
……………
Շողշողուն արև ու… հինգ տարեկան աղջնակ` կարմիր ու սև գծերով շրջազգեստով, նստած է բակի աստիճաններին, շունիկն էլ` կողքը… այս անգամ Սպիտակաձյունիկի ու յոթ թզուկների մասին հեքիաթն է կարդում… իրեն միշտ թվացել էր, թե իր կարդացած բոլոր հեքիաթներից շունիկը հենց այս մեկն է ամենաշատը սիրում… որովհետև ավելի ուշադիր էր լսում, քան մյուս հեքիաթները… ու աղջնակը կարդում է այն հատվածը, որտեղ Սպիտակաձյունիկը համտեսում է թունավոր խնձորը… մազերը անընդհատ աչուկներին են ընկնում ու խանգարում, ինքն էլ ետ է քաշում, ու շարունակում կարդալ… շունիկն էլ ուշադիր նայում է աղջկա դեմքին, հետո գրքին` կարծես ամեն ինչ հասկանում է…
Հետո մի էջի է հասնում, որ պատռված է… ամեն անգամ կարդալիս մտածում էր` տեսնես ի՞նչ է այդ էջում գրված… հետո անցնում է հաջորդին ու մոռանում, որ նախորդը պատռված էր… երևի շատ բան բաց չեն թողել ինքն ու շունիկը…
Ու էլի մազերը թափվում են աչուկներին…
Հետո հոգնում է կարդալուց, երևի շունիկն էլ արդեն հոգնել… գիրքը մի կողմ է դնում… շունիկն էլ գլուխը կամացուկ դնում է աղջկա գրկին ու փակում թախծոտ աչքերը… իսկ աղջնակն էլ իր փոքրիկ մատիկներով շոյում է շունիկի գլուխը… երկուսով վայելում են լռությունը…
Մի պահ նայում է վերև, ու արևի ճառագայթները ցավեցնում են աչուկները… ինքն էլ փակում է դրանք ու անհոգ ժպտում արևին…
……………
Իրար հաջորդող պատկերներ. շունիկ, գիրք, արև, աչքերին թափվող մազեր, փոքրիկ թաթիկներ… ու էլի աղջնակ, շունիկ, գիրք, ժպիտ… ժպիտ…
Մի լուսավոր ակնթարթ էր իմ մանկությունից…
![]()
Էջանիշներ